Հայ ժողովուրդը մայիսի 9-ին նշում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ բանակի կազմավորման օրերը։ Այս հաղթանակները հայ պատմության մեջ ամենահիշարժան օրերն են: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ մայիսի 9–ը` որպես տոն ընդգրկվեց պետական տոների ցանկում:
Օրը բազմակի տոն է Անիի համար, նա այսօր դառնում է 22 տարեկան: Հաղթանակի օրը ծնվելն Անին ձեռքբերում է համարում, նրա խոսքով` դա մեծ դեր է ունեցել իր կյանքում: «Կյանքիս ընթացքում շատ հաջողություններ ու հաղթանակներ եմ ունեցել, թե ուսման մեջ, թե առհասարակ, ու երբեմն ինձ թվում է, թե դա անմիջական կապ ունի այսօրվա հետ», – ժպտում է Անին: Երբ փոքր էր, Անին հաճախ էր այս օրը Հաղթանակի զբոսայգի գնում` պապիկի ուղեկցությամբ. «Մենք երկար զրուցում էինք, պապիկս պատմում էր պատերազմի տարիներից, – ասում է նա, – մորեղբայրս ևս մասնակցել է 1992 թվականի Շուշիի ազատագրմանը, եղել է Արամ Մանուկյանի ջոկատում. նրա մասին էինք խոսում ու նրա խիզախության»: Դպրոցում ևս բոլորն իմանում էին Անիի հաղթանակած ծննդի մասին, նա միշտ հպարտանում էր այդ փաստով. «Երբ նոր էինք սկսել պատմություն անցնել, այս թեման ամենաշուտն եմ սովորել, ուսուցչուհիս զարմացել էր, ու միշտ, երբ երեխաներից մեկը պատմելիս մի բան մոռանում էր, ասում էր` Անի, լրացրու», – պատմում է նա:
Երբ հարցրեցի Անիին, թե որ տարիքում է եղել նրա ամենաուրախ ու հիշարժան ծնունդը, նա երկար չմտածեց. «Այս գիշեր, երբ ժամը 12-ն անցավ, դռան զանգը հնչեց ու մինչ շտապում էի տեսնել, թե ով է, լսվեց երգի ձայն. քույրերս, եղբայրս ու իմ սիրելի, հարազատ մարդիկ անակնկալ էին պատրաստել` տորթով, ծաղիկներով, փուչիկներով… եկել էին ինձ շնորհավորելու, – ասում է նա, – բոլորովին չէի սպասում, շատ մեծ անակնկալ էր, ու այդպես գիշերվանից սկսած նշում եմ ծնունդս, հիշարժան օր է շատ»:
Ինքն իրեն Անին մաղթում է երազանքի իրականություն, որն է` ճանապարհորդությունը աշխարհի շուրջ, իսկ հայերիս մաղթում է այսպիսի բազում հաղթանակներ ու տոներ:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան