Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ԲՀԿ-ական «աղբյուրը»

Մայիս 09,2013 13:40

Տիգրան Ուրիխանյանը չի մասնավորեցնում. «Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն՝ կանի դա»:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սպասելիքները Երեւանի ավագանու ընտրություններից արդարացա՞ն:

– Ես պետք է կրկնեմ իմ տեսակետը, ինչ ասել եմ ընտրությունների օրը՝ մոտ 150 տեղամասերում շրջելուց հետո. նախ՝ այս ընտրությունները շատ հեռու էին կատարյալ կոչվելուց: Վերջին տարիներին ու հատկապես այս ընտրություններում որոշ երեւույթներ տեղի են ունենում կարծես թե օրենքի շրջանակներում, բայց արդյունքում հակասում են ընտրողի ցանկությանը: Իսկ վերջնական արդյունքը տարբերվում է քվեից: Այս իմաստով ես պարադոքսալ եմ համարում այս ընտրությունները: Իսկ «պարադոքսալ ընտրությունների հանդեպ սպասելիք» ձեւակերպումը չի տեղավորվում իմ պատկերացման մեջ:

– Նկատի ունենալով այն, որ ԲՀԿ-ն հավակնում էր ձայների մեծամասնություն ստանալուն, երկրորդ տեղը զբաղեցնելը ԲՀԿ-ի համար պարտությո՞ւն էր, թե՞ ոչ:

– Ցանկացած հայաստանցու վստահություն մեզ համար հպարտության արժանի երեւույթ է: Ինչ մենք ունենք՝ իրողություն է, որը մենք դիտարկում ենք մեկ տեսանկյունից՝ պատասխանատվություն: Ի՞նչ պատասխանատվություն էլ որ կա, մենք այն պետք է պատվով կրենք, պատվով դուրս գանք դրա տակից մեր աշխատանքով՝ մարդկանց տեսանելի եւ շոշափելի արդյունք տրամադրելով: Գոնե մեր փոքրաթիվ ջանքերով փորձենք պարտադրել իրականացնել այն ամենը, ինչ մենք խոստացել ենք մեր ընտրողին: Թե ի՞նչ կստացվի՝ կապրենք, կտեսնենք:

– Ավագանու ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունը բավականին մեղմ էր: Ինչի՞ն է սպասում ԲՀԿ-ն, ի՞նչը պետք է վերլուծի, ի՞նչ պետք է հասկանա, եթե ի սկզբանե ամեն ինչ պարզ էր:

– Հայտարարությունը տարածվել է ընտրությունների հաջորդ օրը՝ ԲՀԿ նախընտրական շտաբի կողմից: Կուսակցությունում դեռ քննարկումներ են ընթանում, մենք զուգահեռաբար հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ վերջնական տվյալների ամփոփումից հետո, երբ նաեւ կուսակցությունում քննարկումները կավարտվեն, ու ինքս իրավասություն կստանամ տեղեկացնելու արդյունքների մասին, դա սիրով կանեմ:

– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանում մասնակից ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն, բավականին բարձրագոչ արտահայտություններ էին անում՝ համատեղ աշխատանքի, Երեւանում իշխանությունը վերցնելու եւ իշխող կուսակցությանը հակակշիռ դառնալու մասին: Բայց ընտրական գործընթացներում այդ համատեղ աշխատանքը չերեւաց: Ավելին՝ ընդդիմադիրների հետընտրական հայտարարությունները մի տեսակ հարմարվողական կամ խղճահարություն առաջացնող էին: Ինչո՞ւ չի ստացվում ընդդիմադիր դաշտի միավորումը:

– Ողջ ընդդիմության անունից պատասխանելու լիազորություն չունեմ, բայց ընտրական տեղամասերի գերակշռող մասում բավական արդյունավետ համագործակցություն կար հենց ընտրությունների որակի պահպանման մեջ շահագրգիռ անձանց միջեւ, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ու անկախ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների: Այդ առումով չեմ կարող ասել, որ թերությունները շատ են եղել: Համենայնդեպս, հարյուրավոր մարդիկ ջանքեր գործադրեցին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան ազդել ընտրությունների որակի պահպանման վրա:

– Տեղյա՞կ եք՝ ավագանու ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերի միջեւ հանդիպումներ, քննարկումներ եղե՞լ են, համատեղ գործողություններ ծրագրավորվա՞ծ են:

– Ընտրություններից ընդամենը երեք օր է անցել, իսկ այդ ժամանակաշրջանը բավարար չէ նույնիսկ տրամաբանական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով աշխատանքի ծավալը, բայց եթե նման բան տեղի ունենա, սիրով ձեզ կտեղեկացնեմ:

– Այս օրերին ընդդիմադիր դաշտի առանձին ներկայացուցիչներ ԲՀԿ-ին մեղադրեցին «իշխանական խաղերի» եւ ընդդիմության հետ անկեղծ չլինելու մեջ: Կա՞ նման բան:

– Ես տեղյակ չեմ նման հայտարարություններից: Ովքե՞ր են նման բաներ ասել:

– Օրինակ՝ «Բարեւ Երեւան» դաշինքը ներկայացնող Ստեփան Սաֆարյանը:

– «Ժառանգության» ներկայացուցիչների հարձակումները ԲՀԿ-ի վարկանիշի ուղղությամբ արդեն մեկնաբանություններ ստացել են, հավելելու ոչինչ չունեմ:

– Տեսակետ կա, որ Երեւանի ավագանիում ԲՀԿ-ի երկրորդ տեղը զբաղեցնելը «ապտակ» էր ՀԱԿ-ին: Կիսո՞ւմ եք այն:

– Մենք մեծ հարգանք ունենք ժողովրդի որոշակի հատվածներ ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ եւ հատկապես ՀԱԿ-ի: Այն, որ ԲՀԿ-ին հաջողվեց մոտ հարյուր հազար մարդու վստահություն ստանալ երեւանյան ընտրություններում, մեզ համար պարզապես պատասխանատվության չափաբաժին է, ու մենք այն պետք է պատվով կրենք: Դա իմ տեսակետն է, եւ, կարծում եմ, պատասխանատվությունը ստանձնելիս չենք մտածի, թե այդ պատասխանատվությունն ում վրա ինչ բարոյական ազդեցություն ունի: Ընտրողի քվեն այլ կերպ, քան պատասխանատվություն, մենք չենք դիտարկում:

– ԲՀԿ-ն վերցնելո՞ւ է մանդատները:

– Քննարկումները դեռ շարունակվում են: Ինքս այն դիրքորոշումն ունեմ, որ պատասխանատվությունը պետք է ստանձնել, եւ մեր ներկայացուցիչները պետք է լծվեն աշխատանք կատարելուն:

– Ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ասել էր, որ ինքն իր առաքելությունն ավարտված է համարում, նաեւ խոսակցություններ են շրջանառվում, որ մայիսի 5-ից հետո ԲՀԿ-ում խուճապային իրավիճակ է:

– Պարոն Արսենյանը հավանաբար նկատի է ունեցել Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունեցել ենք, եւ այն, բնականաբար, ընտրություններով ավարտվել է: Ինչ մնում է ԲՀԿ-ին՝ մեր շարքերը կուռ են, ամուր են, տրամադրվածությունը նույնն է՝ գնալ դեպի փոփոխություններ: Ապագան մեզ համար բաղկացած է մեծ անելիքների, մեծ, նոր փոփոխությունների ճանապարհով գնալու ցանկություններով եւ հստակ գործողություններով, որոնք առաջիկայում կիրականացվեն:

– Ընտրություններում քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը երեկ մի հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ-ում շոկային տրամադրություններին՝ ասել էր. «Ո՛չ, չկա: Ավելին՝ ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը, ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել»: Ո՞ւմ մասին է խոսքը, եւ ի՞նչ տարաձայնություններ կան ԲՀԿ-ում:

– Եթե ԲՀԿ խմբակցության քարտուղարը որեւէ բան է հայտարարում, ուրեմն դա, բնականաբար, ունի հիմք եւ արժանի է ուշադրության:

– Կհստակեցնե՞ք՝ ո՞ւմ մասին է խոսքը՝ Վարդան Օսկանյանի՞, Գուրգեն Արսենյանի՞, թե՞ Աբրահամ Մանուկյանի:

– Ես չէի ցանկանա մասնավորեցնել եւ պարզաբանել: Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն՝ կանի դա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031