Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն-տեղ վաճառում են՝ հետ գալիս, կանգնում «կոտրած տաշտակի առաջ»

Մայիս 09,2013 13:30

Եվրոպական իշխանությունները պատրաստ են գումար տալ, միայն թե ապօրինի միգրանտներից ազատվեն

Եվրամիության երկրների համար գլխացավանք դարձած անօրինական միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար եվրոպական իշխանությունները մի շարք ծրագրեր են մշակում: Միգրանտների հետադարձը խրախուսելու համար ընդհուպ գումարներ են նախատեսում, որ միգրանտն իր երկրում կարողանա վերաինտեգրվել, բիզնես սկսել կամ ժամանակավոր ապաստարան ունենալ եւ այլն, միայն թե լքի երկիրը: Տարեցտարի ավելացող ապօրինի միգրանտներին պահելը բավականին թանկ է նստում եվրոպացի հարկատուների վրա:

Թե այսպիսի ծրագրերով Հայաստանից մեկնած եւ Եվրամիության երկրներում անօրինական բնակություն հաստատած արդեն քանի՞ միգրանտ է հետ վերադարձել, տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ այս պահին հստակ վիճակագրություն ձեռքի տակ չունի: Ըստ տիկին Դավթյանի՝ վերջին տարիներին ապօրինի մեկնած միգրանտների թիվը զգալիորեն նվազել է՝ կազմելով տարեկան 5-6 հազար մարդ: Ծառայության պետի տեղակալի տվյալներով՝ 1990-ականներին եվրոպական երկրներում ապաստան հայցողների թիվը տարեկան 9-10 հազարի էր հասնում: Այդ տարիներին մեր երկիրը դասվել է ապօրինի միգրանտ «արտահանող» 20 երկրների շարքին:

Հայաստանից, որպես կանոն, մեր հայրենակիցները մեկնում են ապաստան հայցելու, ժողովրդի լեզվով ասած՝ «հանձնվելու» եւ բուժում ստանալու պատրվակով: Առաջինի դեպքում մեր ապօրինի միգրանտները պատճառաբանում են իրենց նկատմամբ քաղաքական կամ կրոնական հողի վրա հետապնդումները եւ այլն: Բուժման նպատակով էլ մեկնածները վստահեցնում են, որ այս կամ այն հիվանդության համար սեփական երկրում բուժման մեթոդ չկա: Մի քանի տարի առաջ մեր հայրենակիցների պատճառաբանությունները եվրոպացիների մոտ անցնում էին, սակայն վերջին մեկ-երկու տարում, տիկին Դավթյանի վստահեցմամբ, կոնկրետ Բելգիայի իշխանություններին ներկայացված ապաստանի հայցերի 99%-ը մերժվել են: Բուժման մասով էլ Հայաստանից եւ այլ՝ ոչ եվրոպական երկրներից միգրանտների դիմումների թիվն այնքան է աճել, որ Բելգիայի իշխանությունները, որոնք մինչ այս մարդասիրական նկատառումներից ելնելով բուժման կարիք ունեցող ապօրինի միգրանտներին որոշակի ժամկետով թույլատրել են մնալ եւ բուժումը կազմակերպել, վերանայել են իրենց մոտեցումը նույնիսկ այս հարցում: Բելգիայի իշխանությունները սկսել են կիրառել, այսպես ասած, «բժշկական ֆիլտր» գործելաոճը: Այժմ ապօրինի միգրանտը Բելգիայում կարող է բուժվել միայն այն դեպքերում, եթե ունի այնպիսի հիվանդություն, որը սպառնում է նրա կյանքին, այդ հիվանդությունը հնարավոր չէ բուժել իր երկրում, եւ տվյալ անձն արդեն գտնվում է Բելգիայում: Այդ երկրի բժիշկները մանրազնին քննում են հիվանդության վերաբերյալ օտարերկրացու դիմումը, եւ բժշկի կողմից որեւէ անճշտություն հայտնաբերելու դեպքում հայցն անմիջապես մերժվում է: Վերջին մեկ տարում բուժման հիմքով Հայաստանից 3000-ից ավելի մարդ է դիմել բելգիական իշխանություններին, սակայն բավարարվել է ընդամենը 100 մարդու հայց:

Ըստ Իրինա Դավթյանի՝ այսօր լուրջ խնդիր է նաեւ ընտանիքների վերամիավորման հարցը, երբ ընտանիքի որեւէ անդամ տարիներով անօրինական գտնվում է եվրոպական այս կամ այն երկրում եւ փորձում է իր ընտանիքի մյուս անդամներին եւս տեղափոխել այնտեղ:

Մեր երկրի միգրացիայի ոլորտի պատասխանատուները հիշեցնում են, որ տնտեսական վատ պայմանները, աշխատանքի բացակայությունը, ցածր աշխատավարձը կամ սոցիալապես անապահով գտնվելը ապաստանի տրամադրման համար հիմք չեն կարող լինել:

Նկատենք, որ մեր երկրից մեկնած շատ ապօրինի միգրանտներ կեղծ տեղեկություններով՝ կեղծ անուն-ազգանուններով, նույնիսկ ազգությունը փոխած են ներկայացել եվրոպական իշխանություններին: «Առավոտ»-ի հարցին, թե այս դեպքերում ինչպե՞ս է լուծվելու նրանց վերադարձի հարցը, քանի որ հնարավոր չէ այդ տեղեկությունների հիման վրա «իդենտիֆիկացնել» տվյալ անձին, տիկին Դավթյանն ասաց. «Դա նույնպես շատ ցավալի ասպեկտն է այս իրավիճակի, մարդը, որը ներկայանում է Բելգիայում եւ ասում է՝ ես Պողոսյան Պողոսն եմ, ինքը ոչ մի շանս չունի այդ ապաստանը ստանալու, դրա համար ինքը դիմում է կեղծիքի: Շատ հաճախ, օրինակ՝ ամուսնական զույգերը ներկայանում են մեկը՝ որպես հայ, մեկը՝ որպես ադրբեջանցի, ինչո՞ւ, որովհետեւ պարզ է, որ չեն կարողանալու այդ մարդկանց հետ ուղարկել ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան, եւ նաեւ շատ դժվար է նրանց իդենտիֆիկացնել, որովհետեւ եթե նրանք ներկայանում են կեղծ անունով, այդ մարդու վերաբերյալ տեղեկատվություն չկա, դիմում են մեր իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել, թե այսինչ անձը ձեր քաղաքացին է, թե ոչ, այդ անուն-ազգանունով, բնականաբար, մեր տվյալների բազայում նման անձ չկա, ի՞նչ անել, այդ դեպքերի համար կիրառվում է հարցազրույցի մեթոդը: Նույն մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները գնում են եւ զրուցում են այդ մարդկանց հետ, ինչքան էլ որ ինքը ասի՝ ես ադրբեջանցի եմ, բայց ինքը կարող է ադրբեջաներեն չկարողանա երկու բառ ասել, քանի որ ենթադրվում է, որ ինքը մեր քաղաքացին է, իրեն տալիս են վերադարձի վկայական, եւ վերադառնում են Հայաստան: Այնուամենայնիվ, ինքը չի կարող խուսափել այդ վերադարձից: Եվ ցավալի է, որ ադրբեջանցու տեսքով են փորձում հանդես գալ, նաեւ ասեմ, որ դա շատ ամոթալի երեւույթ է»:

Տիկին Դավթյանը նաեւ նշեց, որ միգրանտների հոսքով պայմանավորված՝ բավականին խստացվել եւ կրճատվել է հայցերի քննարկման ժամանակահատվածը:

Եթե նախկինում անօրինական միգրանտին տվյալ եվրոպական երկիրը ապահովում էր սննդով, կացարանով, նպաստով եւ տարիներով քննարկում նրա հայցը, այժմ մի քանի ամսում, երբեմն նույնիսկ մի քանի օրում կարող է մերժվել ապաստան հայցողի հայցը. «Պատահում է, որ հենց սահմանի վրա են այդ մարդու հայցը քննարկում եւ մերժում: Կոչ ենք անում բոլոր պոտենցիալ ապօրինի միգրանտներին խուսափել անհարկի մեծ ծախսեր անելուց՝ վատթար իրավիճակներում չհայտնվելու համար: Երբեմն մարդիկ իրենց տուն-տեղը, ունեցվածքը վաճառում են ու գնում, վերադարձի դեպքում հայտնվում են կոտրած տաշտակի առաջ»,- պոտենցիալ միգրանտներին խորհուրդ է տալիս Իրինա Դավթյանը: Ըստ նրա՝ այսօր եվրոպական երկրներից ամենաշատը հայցեր ներկայացնում են ֆրանսիական իշխանություններին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031