Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտ Հարթենյանի նախագահությամբ ավարտվեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ընդդեմ Մարինա Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մարինա Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանն իր 18.09.
2012 թվականի որոշմամբ արգելանք էր դրել պատասխանող Մարինա Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա հայցագնի՝ 3 999 600 ՀՀ դրամի չափով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշմամբ, քաղաքացիական գործը հանձնել էր Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Հայցվորի եւ ապահովագրողի՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի միջեւ 2010 թ. դեկտեմբերի վերջին կնքվել է SA-018022 ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիրը, որով ապահովագրվել է «Volkswagen Jetta» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենան: Նշված վկայագրով լիազորված տիրապետողներ են նշվել Մարինա Առաքելյանը եւ ամուսինը՝ Վարուժան Ավետիսյանը: Մարինան հետագայում ամուսնալուծվել է, իսկ երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ-Երեւան հատվածի 18-րդ կմ-ում Արտաշատի բնակիչ Մանվել Ավետիսյանը՝ ամուսնու հայրը, իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է մետաղյա արգելապատնեշին եւ շրջվել, որի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Արփիկ Հախվերդյանը մահացել է, իսկ ուղեւորներ Նազիկ Մելքոնյանը, Գարիկ Ավետիսյանը, Գոհարիկ Ավետիսյանը եւ Մանվել Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Քրեական գործի վարույթը կարճվել է, քրգործով էլ չի կանչվել Մարինան, թե ինչպես է իր անունով գրանցված մեքենան հայտնվել Մանվել Ավետիսյանի մոտ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզային քննչական բաժնում հարուցված թիվ 27118611 քրեական գործով որոշում է կայացվել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, «Volkswagen Jetta» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Մանվել Գեղամի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ իրադրության փոփոխման հիմքով, Նազիկ Մելքոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու, իսկ Գարիկ Ավետիսյանի, Գոհար եւ Մանվել Մերուժանի Ավետիսյանների առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Մանվել Գեղամի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Փոխարենն ապահովագրական ընկերությունն է դատի տվել Մարինային, պահանջելով՝ հօգուտ իրեն բռնագանձել 3 999 600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար եւ 79 992 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցվորի ներկայացուցիչ Քրիստինե Խանզադյանը հայցապահանջը պնդեց ամբողջությամբ, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Լիաննա Գրիգորյանը պնդեց հակառակը, անգամ ակնարկելով քրեական գործի մասին: Լ.Գրիգորյանը նշեց նաեւ, որ հայցն ակնհայտ անհիմն է, ավտոմեքենայի վարորդը Մանվել Ավետիսյանն է եղել, Մարինա Առաքելյանին հայտնի չէ, թե ինչպես է ավտոմեքենան հայտնվել Մանվել Ավետիսյանի մոտ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը՝ նա ասաց նաեւ, որ Մարինա Առաքելյանը պատասխանատվություն չի կրում հատուցելու հայցվորի կրած ծախսերը, քանի որ պատահարի առաջացման մեջ առկա չէ վերջինիս մեղքը, մինչդեռ մեղավորը վարորդ Մանվել Ավետիսյանն է: Խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ: Դատարանը հանգեց հետեւյալին:
Մասնավորապես, «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲԸ-ի եւ Մարինա Առաքելյանի միջեւ 30.12.2010 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA 018022 վկայագրի համաձայն՝ Մարինա Առաքելյանն իրեն պատկանող «Volkswagen Jetta» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենան ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում, 01.01.2011 թվականից մինչեւ 31.12.2011 թվականը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական եւ (կամ) պատահական բնույթ եւ կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի եւ ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
Ըստ գործով ձեռք բերված փաստերի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գ. Ստեփանյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, 23.11.2011 թվականի որոշման համաձայն՝ ուղեւոր է մահացել եւ ուղեւորներ են տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ դատարանի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանների 8.2.1 կետի համաձայն՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը պետք է ապահովագրողին դիմի ապահովագրական պատահարի օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, ինչը արվել է. տուժող Վարուժան Ավետիսյանը դիմումներ է ներկայացրել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին՝ ապահովագրական հատուցում ստանալու համար:
Դատարանը գտավ նաեւ, որ Մարինա Առաքելյանի կողմից խախտվել են Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները:
Հետեւաբար, վճռեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահանջը բավարարել: Մարինա Առաքելյանից, հօգուտ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, կբռնագանձվի 4 079 592 ՀՀ դրամ, որից 3 999 600 ՀՀ դրամը՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, 79 992 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ