Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ տոնական մտորումներ

Մայիս 09,2013 13:08

Չեմ ուզում հերթապահ բառեր գրել  մայիսի 9-ի մասին՝ «եռատոն», «հաղթանակների ամիս» եւ այլն: Արժանին մատուցենք բոլորին՝ մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք,  20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել՝ չգնահատել այդ փաստը անխոհեմություն է: Սակայն ձեռք բերածը պահպանելը երբեմն ավելի բարդ գործ է լինում: Իսկ այդ վտանգը միշտ էլ առկա է: Հատկապես մեր դեպքում՝ հաշվի առնելով մեր տնտեսական, բարոյական եւ, հետեւաբար, ժողովրդագրական վիճակը:

Մասնագետները պնդում են, որ բնակչության քանակի որոշակի ներքեւի շեմն անցնելուց հետո տվյալ պետությունը կորցնում է իր պաշտպանունակությունը, որքան հրաշալի բանակ էլ ունենա: Իսկ մեր երկու հարեւանները ամեն ինչ կանեն, որպեսզի այս տարածաշրջանում հայկական պետություն գոյություն չունենա: Երբ ենք մենք անցնելու այդ շեմը՝ 10, թե 20 տարի հետո՝ հատուկ հաշվարկներ են պետք: Բայց պարզ է, որ այսպես շարունակելու դեպքում մենք այդ աղետաբեր սահմանին վաղ թե ուշ կհասնենք, եւ դրանից հետո մեզ այստեղից («այստեղից» ասելով, իհարկե, նկատի ունեմ նաեւ Արցախը) ամբողջապես քշելը հիշյալ երկու պետությունների համար տեխնիկական խնդիր կլինի: Իսկ այդ դեպքում մայիսի 9-ը, Շուշիի ազատագրումը եւ մնացած բոլոր հաղթանակները կմնան որպես դասագրքային փաստեր, այսպես ասած՝ «էջեր մեր հերոսական անցյալից»:

Քաղաքական ուժերը դա դիտում են որպես քաղաքական պայքարի խնդիր. մի կողմից՝ իշխանությունը գլուխը մտցնում է ավազի մեջ, ասում է, որ ոչ մի սարսափելի բան չկա, ամեն ինչ նորմայի սահմաններում է, եւ հանգիստ շարունակում է ընդունել իր «կալորիաները»:  Մյուս կողմից ընդդիմությունն, ըստ էության, ասում է՝ «մինչեւ մենք չգանք իշխանության, արտագաղթը չի դադարի»: Էմպիրիկ ձեւով այս վերջին պնդումը ստուգել հնարավոր չէ, որովհետեւ «մենք կգանք իշխանության» արտահայտությունը ավելի շուտ ցանկությունների եւ ոչ թե իրական պայքարի եւ հաշվարկների ոլորտից է:

Մինչդեռ այս խնդիրը քաղաքական չէ՝ ազգային է: Իհարկե, կառավարությունն այս հինգ տարում մատը մատին չի խփել՝  Հայաստանի դեպոպուլյացիան (դա միայն արտագաղթ չէ, այլեւ ծնելիության անկում եւ մահացության ավելացում) կանխելու համար: Առայժմ ոչ մի նշան չկա, որ նման քայլեր պիտի ձեռնարկվեն: Բայց սա ոչ միայն կառավարության խնդիրն է. ես վստահ եմ, որ անտարբերության, ապատիայի, նեղանալու-փախչելու մթնոլորտը ստեղծում են ոչ միայն օբյեկտիվ տնտեսական հանգամանքները, այլեւ քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների պոպուլիստական նվնվոցը՝ 90-ական թվականների Արշակ Սադոյանի ոճով: Ստեղծված ավանդույթի համաձայն՝ եթե ուզում ես դուր գալ ժողովրդին, անպայման պիտի ողբաս նրա թշվառ վիճակը եւ գուժես երկրի մոտալուտ կործանումը: Եվ «վերնախավի» այդ ձեւակերպումները 20 տարվա ընթացքում մտել են մեր ժողովրդի կենցաղի մեջ: Մինչդեռ հիշյալ շրջանակները պետք է ոչ միայն նվնվան, այլեւ մեր առաջ դնեն որոշակի նպատակներ:

…Եթե որեւէ մեկը հրադադարից հետո եղել է Շուշիում եւ տեսել է Հարավային Կովկասի այդ երբեմնի մշակութային կենտրոնի անմխիթար վիճակը, նա անպայման կհարցնի մոդայիկ դարձած դարձվածքաբանությամբ՝ «Շուշին ազատագրել ենք, որ ի՞նչ անենք»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես միշտ,՝ Ձեզ խորհին շնորհակալություն:

  2. Արմեն says:

    Իհարկե, կառավարությունն այս հինգ տարում մատը մատին չի խփել՝ Հայաստանի դեպոպուլյացիան (դա միայն արտագաղթ չէ, այլեւ ծնելիության անկում եւ մահացության ավելացում) կանխելու համար:
    Հեղինակի այս միտքը չհամաձայնվելու ցանկություն է առաջացնում, սակայն այս պահին ձեռքիս հակափաստեր չկան: Հետաքրքիր է վերևվում իմ կողմից ցիտած ձեր նախադասությունը բառացի եք պնդում, թե լավ հիշում եք կամ գիտեք ինչեր են արվել ու դա համարում եք ‘մատը մատին չխփել:

  3. Gibindus says:

    …նա անպայման կհարցնի մոդայիկ դարձած դարձվածքաբանությամբ՝ «Շուշին ազատագրել ենք, որ ի՞նչ անենք»: Պատասխանում եմ.`
    Ազատագրել ենք, որ բոլոր շուշեցիներին ուղարկենք տուն` իրենց հայրենի Շուշի: Որ չեն գնում` ի՞նչ անենք: Մի գուցե օրինա՞կ ծառայեք, պ. Աբրահամյան: Ես էլ խոսք եմ տալիս, հենց Մուշն ու Սասունն ազատագրվեն ` միանգամից, առանց ղարաբաղցիների հորդորի, վերադառնամ նախնյաց “Էրգիր”:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, սկզբի համար, բոլոր հայերը, ովքեր փախել են Հայաստանից այս 22 տարվա ընթացքում, թող գան Հայաստան: Հետո կմտածենք՝ ով որտեղ ապրի:

      • Համլետ says:

        Նախ ասեմ,որ համեմատությունը տեղին չէ ու ,,փախնել,, բառի փոխարեն ճիշտ կլիներ օգտագործեիք ,,ստիպողաբար հեռանալ,, բառակապակցությունը:Հետախրքիր կլինի ասեք,թե այդ դեպքում ազատագրված Արցախի՞ց ինչու են փախչում:

  4. Արտակ Գաբրիելյան says:

    Էտ ողբալ ու լաց լինելը, ժողովրդին ու իրենք իրենց խղճալը շատ համակարգված ձևով սովետական ժամանակներից սովորեցնում էին ու հիմա էլ սովորեցնում են դպրոցներում: Օրինակ հայ գրականության 1-12 դասարանների ծրագրով կարմիր թելի պես անցնում են իրենք իրենց շատ խղճալուն ու ողբալուն մղող տարբեր ստեղծագործություններ: Ասենք տարբեր դասարաններում, սկսած ինչքան նկատել եմ 4-րդից (10 տարեկան), տարբեր առիթներով անցնում են «Լճակը»: Գուցե դա է պատճառը, որ մեր հասարակության համեմատաբար դրական տրամադրված, ինչ-որ բան ստեղծելուն միտված հատվածը հիմնականում կամ ռուսական դպրոցներում են սովորել կամ էլ ընդհանրապես չեն սովորել:

    • Համլետ says:

      Ինձ հետաքրքիր է,թե Դուք քանի՞ տարեկան եք,որ հաճախել էք խորհրդային ,,ողբալ ու լաց լինել,, սովորեցնող դպրոց ու մինչև հիմա իներցիայով ողբում ու լաց էք լինում՝ ,,Լճակ,,-ի ազդեցության տակ:
      Իսկ ես հիշում եմ,որ նուն այդ Խորհրդային դպրոցում մեզ սովորեցնում էին մի բան գրելուց ու ասելուց առաջ մտածել…

  5. Արտակ Գաբրիելյան says:

    Իսկ որտե՞ղ եք տեսել ինձ ողբալուց ու լաց լինելուց:

    Մեր հասարակության մեծ մասը էտ սովետական դպրոցներնա ավարտել, ու հեչ չի երևում, որ էտ մեծ մասը գրելուց, ասելուց ու ինչ-որ քայլեր անելուց առաջ խորը մտածում է: Վերջին ընտրությունները կարծում եմ դրա վառ ապացույցն էին:

    • Արտակ Գաբրիելյան says:

      Էտ ընտրությունները Ձեր համար եմ գրել, որ կարող են ինչ-որ բանի ապացույց լինել: Իմ համար ընտրությունները ապացույց չեն, դրանք ընդամենը հետևանք են հասարակության վիճակի, որի հիմնական մեղավորներից է հենց էտ աշխարհի ամենալավ կրթությունը:

      • Համլետ says:

        Կպատասխանեմ,եթե Ձեր գրածը հայեցի թարգմանեք,որ հասկանամ,թե ի՞նչ եք ուզում ասել…:)

        • Արտակ Գաբրիելյան says:

          Պատասխան չեմ ակնկալում: Եթե կարող եք, բացատրեք թե «Լճակ»-ը 10 տարեկանում անգիր սովորելը ինչ օգուտ է տալիս մարդուն իր հետագա կյանքում, ոչ թե անմիտ ակնարկներ արեք գրելուց առաջ մտածելու և այլնի մասին: Հարցն էլ շատ հտակ ձևակերպված էր.

          Իսկ որտե՞ղ եք տեսել ինձ ողբալուց ու լաց լինելուց:

  6. Maxim says:

    Հարգելի,՝ Gibindus: Ձեր հումորախառն մեկնաբանությունը,՝ ոչ մի բանի մասին է: Եթե Դուք
    առաջարկում եք պ. Աբրահամյանին Շուշի գնալով օրինակ ծառայի, Մուշն ու Սասունը ազատվելուն պես՝ Ձեր վերադարձը նախնյաց ,,էրգիր,, շատ սխալվում եք, քանի որ ավելի հավանական է, որ
    Ղարաբաղն ու Հայաստանը կորցնենք, քան թեկուզ ծաղրանքով ձեռք բերանք՝ Մուշն ու Սասունը:
    Պ. Աբրահամյանի և նրա նման մարդիք, որքան պետք է լինեն Շուշիում, այնքան էլ,՝ Երևանում,
    Փարիզում, Լոնդոնում: Նրանց բացակայության դեպքում,՝ ժողովուրդը վերածվում է՝ ամբոխի, հոտի:
    Ցավոք, այսօր այդ առաքելությունը իրենց վրա են վերցրել ինքնակոչ հովիվները, որոնց գործողութ-
    յամբ ծնվում են աղանդներ, որոնց դեմ էլ իբր իրենք պայքարում են: Նման մի պարադոքս է նաև
    մեր այսօրվա հիվանդ հասարակությունում, երբ կեղծ Նժդեհականները ասում են մի բան, բայց գործում՝ ճիշտ հակառակը՝ այլանդակելով բոլոր բարոյական արժեքները, և այս ամենը՝ բացահայտ,
    ցինիկ, օրը ցերեկով, առանց խղճի խայթի, մեր նմանների հումորի ներքո:

    • Համլետ says:

      Ես համոզված եմ,որ պարոն Աբրահամյանի բացակայության դեպքում ես,Gibindus-ը և մեր նման շատ-շատերը հաստատ չենք վերածվի ամբոխի,հոտի…Միգուցե Դուք նման անձնական մտավախություն ունեք ու այդ վախի ազդեցության տակ Ձեզ ,,համեստորեն,, ընդհանրացրեցիք ժողովրդի հետ ու նստած սպասում եք հովիվների ,,Գյադե՜ք, էս կողմն անցեք,, հրամանին…
      Արամ Աբրահամյանի դիրքորոշմանը ես ըմբռնումով եմ մոտենում:Նա գործում է ձևով՝ տոտալիտար,բովանդակությամբ՝ ճորտատիրական հասարակարգում ընդունված կանոններով ու հնարամտորեն կարողանում է պահպանել ,,Առավոտտ,,-ի ու նրա անձնակազմի անվտանգությունը…Բայց մերթընդմերթ էլ իր հոդվածների տողատակերում լիքը լավ մտքեր ու մտորումներ է հրամցնում,որ մենք էլ մեկնաբանենք,շփվենք և այլն…

  7. Maxim says:

    Համլետ,՝ չիշտը մեկն է, բայց նրա ձևափոխողները՝ շատ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031