Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել կառավարությունից, և արդյոք քաղաքական մենաշնորհը չի՞ վնասի տնտեսական քաղաքականությանը

Մայիս 09,2013 12:15

«Համենայն դեպս ես լուրջ սպասելիքներ չունեմ այս կառավարությունից»,-Aravot.am-ի հետ զրույցում, նոր ձևավորված ՀՀ կառավարության տնտեսական հետագա քաղաքականության մասին խոսելով, կարծիք հայտնեց Civilnet-ի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը:

Նա նկատեց, որ կառավարության հատկապես տնտեսական բլոկում տեղի ունեցավ ընդամենը մարդկանց տեղափոխություն: Ուստի կառավարության տնտեսական ծրագիրը նույնն է, որը ներկայացվելու է  Աժ-ին աննշան փոփոխություններով:

Այն, որ կառավարությունը մնաց գրեթե նույնը, ավելին, ԲՀԿ-ական նախարարն էլ փոխարինվեց ՀՀԿ-ականով, հաճախ մեկնաբանվում է, որ 99 տոկոսանոց ՀՀԿ-ական կառավարությունը դարձավ 100 տոկոսանոց: Ուստի պարոն Չատինյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական մենաշնորհը չի՞ վնասում տնտեսական քաղաքականությանը: Նա պատասխանեց. «Միայն ՀՀԿ-ական կառավարություն չէ, այսինքն՝ կոալիցիոն կառավարություն է, քանի որ կան նաև ՕԵԿ-ական նախարարներ: Իսկ ընդդիմությունը երբեք էլ կառավարությունում ներկայացված չի եղել»:

Դառնալով տնտեսական ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին՝ տնտեսական մեկնաբանը նշեց. «ՀՀ-ում կան մի քանի առաջնային խնդիրներ. աշխատատեղերի ստեղծում, գործազրկության և աղքատության կրճատում: Ավելի գլոբալ խնդիր է  տնտեսական կառուցվածքի փոփոխությունը՝ ներկրումից դեպի տեղական արտադրության անցումը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արվել են, բայց դրանք եղել են թույլ ու աննշան: Լուրջ խնդիր է բիզնեսի և իշխանության տարանջատումը, որի համար որևէ լուրջ քայլեր չի ձեռնարկվել: Պատճառն այն է, որ նույն բիզնեսով զբաղվում են հենց պաշտոնյաների և քաղաքական էլիտայի հետ փոխկապակցված անձինք»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ ասաց, որ պետք է պահանջկոտ լինենք կառավարության գործունեության և կառավարության անդամների նկատմամբ:

Մեր հարցին՝ քաղաքական մենաշնորհը չի՞ վնասի տնտեսական քաղաքականությանը, Թ. Մանասերյանն այսպես պատասխանեց. «Դա ընտրությունների հետևանք էր, անսպասելի և արտասովոր բան չեմ տեսնում: Ուրիշ բան է, թե ինչպես կարելի է ավելի լավ կազմակերպել ընտրությունները: Բայց եթե արդյունքում ունենք իշխող կուսակցություն, բնականաբար որևէ տեղ չեմ տեսել, որ իշխող կուսակցությունը իշխանությունը ինքնակամ կիսի այլ ուժերի հետ: Իհարկե, տնտեսական քաղաքականությունը կարող է տուժել: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ընդդիմության դաշտում պիտի լուծվեն լուրջ խնդիրներ: Ընդդիմությունը՝ որպես այդպիսին չի կայացել: Մենք ունենք չնչին բացառություններով բուժուադեմոկրատական ընդդիմություն: Ընդդիմության շարքերում կան այնպիսի մարդիկ, ովքեր ամեն ինչով ապահովված են և բավականին բարձր պաշտոններ են ունեցել: Եվ այս հանգամանքով պայմանավորված՝ այդ մեթոդներով պայքար մղել և ներկայանալ՝ որպես ընդդիմություն, ես վերապահումով եմ մոտենում: Իվերջո, ընդդիմության դաշտում պիտի լուրջ ձևափոխումներ լինեն և լավ, լուրջ ու պրոֆեսիոնալ գործիչներից բաղկացած ընդդիմությունը կարևոր օգուտ է երկրի համար: Այս պայմաններում միակողմնակի մեղադրել իշխանությանը պիտի անցած էտապ լինի: Ընդդիմությունը հին ու փտած մեթոդներով չի կարող խոսել, փողոցային խոսակցությանը պիտի վերջ դրվի, անցում կատարվի գործին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ իշխանությունը,՝ հին ու փտած մեթոդներով կարո՞ղ է խոսել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031