Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյան. «Հաստատ գողական չեմ: Ես պատգամավոր եմ»

Մայիս 09,2013 12:09

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցազրույցից։

Պարոն Գրիգորյան, շաբաթներ շարունակ Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները ողջ հանրապետության ուշադրության կենտրոնում էին։ Հակամարտող կողմերից մեկը Դուք էիք, եւ Ձեր մտերիմ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, սպանվեց։ Ի՞նչ ունեք կիսելու Վարդան Ղուկասյանի եւ նրա կողմնակիցների հետ։

– Բացարձակ կիսելու բան չունենք։ Իմ ու Ձեր ասած մարդու միջեւ խնդիր եղել է 2008թ. քաղաքապետի ընտրություններից հետո։ Լարվածություն կար, քաղաքական բնույթի մրցակցություն էր, եթե կարելի է դա անգամ այդպես ասել։ Դրանից հետո մեր հարաբերությունները շարունակվել են, քանի որ առիթ եմ ունեցել մշտապես տեսնել եւ ասել, որ բացարձակապես խնդիր չունեմ իրենց հետ, թշնամանք եւս, քանի որ եղել է քաղաքական պայքար, ընտրություններն անցել գնացել են։ Մի խոսքով մեղմ ասած, կոչ եմ արել հանգստություն պահպանել, եւ լարվածությունը շարունակելու ցանկություն չունենք։

Ե՛վ Դուք, ե՛ւ Վ. Ղուկասյանն ասում եք, թե թշնամիներ չեք։ Այդ դեպքում ո՞րն է զինված պայքարի իմաստը։

– Այդ հարցը պետք է իրեն տաք, քանի որ մենք այդ զինված պայքարին ո՛չ մասնակցություն ենք ունեցել եւ ո՛չ էլ ցանկություն։ Առհասարակ, այսքան ժամանակ մեր կողմում ինչ-որ նման դեպքեր չեն կատարվել, եւ մենք այսօր պետք է կարողանանք տարանջատել տուժող կողմին այդ արարքը գործածի կողմից։ Մենք այս դեպքում տուժող կողմ ենք։ Եվ երկու կողմերին հավասարաչափ դիրքերից նայելն ու քննադատելը ճիշտ չէ։ Ես չեմ հասկանում, թե ընդհանրապես որն է իմ մեղքը, որ շահարկվում է իմ անունը։

Չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու է այդպես։

– Իհարկե փորձել եմ, լավ հասկանում եմ, պատկերացնում եմ, կա կոնկրետ պատվիրատու, կան կոնկրետ գումարներ, որոնցով պարգեւատրվում են որոշ լրատվամիջոցներ՝ կոնկրետ Մարտուն Գրիգորյանի հետ ամեն ինչ կապելու համար։

Բայց անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ Գյումրիում երկու կլան է գործում՝ հորդորելով խաղաղվել, հակառակ դեպքում ինքը կբարկանա։

– Լսել եմ հայտարարությունը, բայց չեմ հավանում։ Նախ առիթ ունեցել եմ այդ մարդու հետ խոսելու… Իմ թիմը բազմաշերտ է, այնտեղ կան մանկավարժներ, բժիշկներ, արվեստագետներ, եւ ես չեմ ընդունում, որ այդ թիմը կլան է։ Իմ թիմը 6 տարվա քաղաքական փորձ ունեցող թիմ է։

Հիմա Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական։

– Ուրեմն այդ հարցը տվել է ոստիկանապետը։ Դա ինձ չի վերաբերվել, եւ ես չեմ եղել զանգահարողը, ու դա հերքեց նաեւ ոստիկանության լրատվության պատասխանատուն։ Ես անձամբ ծանոթ չեմ ոստիկանապետին եւ նրա տեղակալին, ուստի չէի կարող հեռախոսազանգ ունենալ եւ երբեք թույլ չեմ տվել որեւէ հարցով զանգել եւ խնդրել։

Բայց իմ հարցին չպատասխանեցիք։

– Հաստատ գողական չեմ։ Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ գյումրեցիների գնահատմամբ՝ ակտիվ աշխատող պատգամավորներից մեկն եմ։

Հեռուստատեսությամբ ցույց տվեցին, թե ինչպես են Ձեր մեքենայից զենքեր հանում, եւ Դուք շատ նյարդայնացած էիք։

– Իմ մեքենայից զենքեր չեն հանվել։ Ինչ անոնս, որ տրվում էր, թե պատգամավորին զինաթափեցին, բացարձակապես նմանատիպ բան չի եղել, պատգամավորին չեն զինաթափել։ Ես իմ մեքենայի բեռնախցում ունեմ մեկ օրինական որսորդական հրացան եւ մեկ ատրճանակի փամփուշտներ, որոնք օրենքի սահմանում են պահված։ Այդ թյուրիմացությունը գալիս է ոստիկաններից, որոնք սկզբում չկարողացան տարբերակել մարտական փամփուշտները որսորդականից, եւ նրանց թվաց, որ այդ փամփուշտները մարտական են։ Երբ այնտեղ եղավ խոսակցություն, ես ասացի, որ այն գնել եմ որսորդական խանութից։ Ու եթե գտնում են, որ դրանք մարտական փամփուշտներ են, ապա ես կասեմ, թե որ խանութից եմ գնել, թող գնան եւ այնտեղից պարզեն, թե ինչու են վաճառում այդ փամփուշտները։ Հետո իրենք պարզեցին, որ օրինական է, ներողություն խնդրեցին՝ սխալվելու համար ու բարի ճանապարհ մաղթեցին: Ու նույնիսկ ես իրենց ասացի, որ եթե ուզում եք պատգամավորին ստուգել, բացարձակ խնդիր չկա, բայց առանց շոուի, ու ինչպես տեսանք, չստացված շոու եղավ։

– Ամեն դեպքում, Ձեր մեքենայում զենք կար։ Ինչո՞ւ եք զենք պահում, ումի՞ց եք վախենում։

– Ոչ մեկից չեմ վախենում, վախենալու բան չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է զենք պահելուն, որեւէ խնդիր չկա, քանի որ այն օրինական է։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Հ. Գ. Ավելի ուշ «Առավոտը» ստացավ հետեւյալ պարզաբանումը ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանի գրասենյակից. «Հարգելի խմբագրություն, «Ժողովուրդ»  օրաթերթի  այսօրվա համարում տպագրված ԱԺ  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հարցազրույցում տեղ էին գտել մի շարք անճշտություններ, որոնց հետեւանքով աղավաղվել էր ասելիքի էությունը: Այդ առիթով օրաթերթի կայքում տեղադրվել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ձեզ դիմում ենք պարզաբանումը  ձեր կայքում եւ տեղադրելու խնդրանքով, որովհետեւ դուք տեղադրել եք նաեւ վերոհիշյալ հարցազրույցը:

Մարտուն Գրիգորյանի հարցազրույցի հետքերով
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցազրույցը բավականին աժիոտաժ էր առաջացրել եւ աղմուկ ուստի անհրաժեշտ ենք համարում նրա հարցազրույցում որոշ շեշտադրումներն առավել հստակ ներկայացնել, որպեսզի առանց այն էլ լարված փոխհարաբերությունները չսրվեն:

Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանի պատասխանում չի ասվել Գյումրու նախկին քաղաքապետին տեսնելու մասին, քանի որ իրականում 2008թ-ից հետո որեւէ հանդիպում չի կայացել: Հարցազրույցի այն հատվածում, որտեղ խոսվում է ՀՀ ոստիկանապետի հայտնի հայտարարության մասին, Մարտուն Գրիգորյանն ասել է բառացիորեն հետեւյալը.

«Նախ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու» եւ ոչ թե …այդ մարդու հետ խոսելու եւ չի օգտագործել «չեմ հավանում» այլ նշել է «չեմ ընդունում» արտահայտությունը:

Մեկ այլ պարբերության մեջ Մ.Գրիգորյանը չի խոսել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի մասին, այլ հիշատակել է այն հանձնաժողովը, որի նախագահն է:

«Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում հիշատակված ավտոմեքենայի խուզարկության փաստը մեկնաբանելիս Մ.Գրիգորյանը ասել է. «Բեռնախցում ունեմ մեկ օրինական հրացանի եւ մեկ ատրճանակի փամփուշտներ…»,-մինչդեռ հրապարակված տեքստում գրվել է. «Մեկ օրինական որսորդական հրացան»:

Հուսանք, որ այս հրապարակումը կօգնի խուսափել տարընկալումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031