«Բոլոր ուղղություններով`թե´ լրագրողին, թե´ քաղաքացուն, թե´ ընտրողին, ուզում է սպառնալ, երբ դիմում են ոստիկանությանը, ոստիկանությունը հետեւողական այդ բոլոր գործերի հետեւից գնում է: Եթե Դուք մտնեք մեր կայքէջ` դուք կտեսնեք բոլոր գործերի ընթացքը, այդ թվում եւ` լրագրողի»,- ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանին սպառնալու դեպքի առնչությամբ:
Ինչ վերաբերում է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութին, որը հայտնվեց համացանցում, Վլադիմիր Գասպարյանը ասել է.«Արմեն Մարտիրոսյանն անցած թեմա է, որովհետեւ մենք պաշտոնական հայտարարություն արեցինք, նույնիսկ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դա իր ընկերն է նկարել` մեքենայի մեջ նստած, մենք էլ ցույց տվեցինք այդպես, այնպես որ, անցած թեմա է դա: Որոշ լրատվամիջոցներ, իհարկե, փորձեցին արդեն նախապես վարկածներ առաջ քաշել, թե որքան ենք վճարել, ուղղակի խորհուրդ կտայինք, որ դա այդպես չէ, մենք միշտ բաց ենք, թող մեզանից հարցնեն, մենք կասենք, իսկ եթե հանդգնենք ստել, դա եւս մեկ անգամ սենսացիոն բան կլինի լրագրողների համար»:
ԳԱԼԱ-ի լրագրողը Վլադիմիր Գասպարյանից փորձել է ճշտել, թե հրապարակելո՞ւ է այն պատգամավորների անունները, ովքեր զանգահարել են իր տեղակալներին: Այս հարցի առնչությամբ Վլադիմիր Գասպարյանը ասել է.«Դա իմ իրավունքն է, ես գտնում եմ, որ իմ նպատակը ոչ թե անձանց «փչացնելն ա», ինչպես ընդունված է այդ բառը օգտագործել, այլ իմ խնդիրն է բժշկել, ես կարծում եմ, որ երբ որ բարձրացվեց այդ հարցը, երկար ժամանակ բուժվեց այդ հարցը, եւ ոչ միայն պատգամավորները, այլեւ շատ պաշտոնատար անձինք կմտածեն` մինչեւ այդ ոստիկանություն զանգելու համար: Նրանք շատ ավելի լավ են հասկացել իմ ասածը»:
Փայլակ Ֆահրադյան