Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «Չեմ կարծում, թե ընդդիմության միավորվելը էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա»

Մայիս 09,2013 12:03

Հատված ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
  –Կարծիք կա, որ ՀՀԿն լուրջ խնդիրներ կունենար, եթե ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ կարողանային համատեղել ուժերը։ Ընդդիմության միասնական ճակատով հանդես գալը կարո՞ղ էր արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը Երեւանի ավագանիում։
-Չեմ կարծում, թե ընդդիմության միավորվելը էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա։ Գուցե միասին կարող էին ավելի հեռահար մարտավարություն, ռազմավարություն մշակել եւ իրականացնել, որի արդյունքում ընդդիմադիր ուժերի գումարային ցուցանիշը 2-3 տոկոսով ավելի բարձր լիներ։ Բայց իրավիճակի արմատական փոփոխություն լինել չէր կարող, որովհետեւ Հանրապետականի հաղթանակը օրինաչափ է, ընկալելի եւ արժանահավատ նույնիսկ նրանց համար, ովքեր խոսում են ընտությունների «կեղծված» լինելու մասին։
   –Վտանգ չե՞ք տեսնում, որ իշխանության գերկենտրոնացումը քաղաքական մեկ ուժի, այս դեպքում՝ ՀՀԿ-ի ձեռքին, կարող է հանգեցնել վերահսկելիության «դեֆիցիտի»՝ նույն կոռուպցիոն ռիսկերի, «ատկատների» եւ չարաշահումների տեսանկյունից։
   -Իհարկե, եթե կուսակցության ներսում անհանգստություն, պատասխանատվության խորը գիտակցում, ժողովրդի համար արժանապատիվ ապրելակերպ ապահովելու միտում, ցանկություն չլինի, կարող են նման ռիսկեր առաջանալ։ Բայց նախագահի կողմից հստակ խնդիր է դրված. այս պատիվը, որին արժանացրեց մեզ ժողովուրդը իր քվեով, առաջին հերթին պատասխանատվություն է, եւ բոլորս պարտավոր ենք այդ պատասխանատվությանը վերաբերվել պետականության եւ ժողովրդի նկատմամբ հարգանքի չափանիշներով։
Ո՞րն է այդ դեպքում ընդդիմության անելիքը։ Քաղաքակիրթ երկրներում կառավարող կուսակցությունն ունենում է 50 տոկոսից ավելի ձայն, մնացածը տնօրինում է ընդդիմությունը, որը վերահսկում է կառավարության գործունեությունը։ Մեր երկրում նույնպես քաղաքական այն ուժերը, որոնք միասին 40 տոկոսից ավելի ձայն են հավաքել, պետք է ունենան իրենց դերակատարումը եւ մշտապես զգոն պահեն իշխանություններին։
Մենք պատրաստակամ ենք լսելու ընդդիմադիր ուժերի բոլոր հարցադրումները, եզրահանգումներն ու պահանջները, որոնք հիմնված են տնտեսական, սոցիալական իրավիճակի լուրջ վերլուծության վրա, ոչ թե ժողովրդահաճո արտահայտություններ են, որոնք կապ չունեն իրական քաղաքականության հետ՝ ուղղակի ժողովրդին դուր գալու համար են։
Եթե այդ շրջանակում են՝ պատրաստ ենք սիրով լսել նրանց կարծիքը եւ հնարավորության սահմաններում իրականացնել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031