Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ միայն ՀՅԴ անդամներն ու իրենց ընտանիքի անդամներն են նրանց ձայն տվել

Մայիս 09,2013 11:36

Հատված ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հարցազրույցից:

ՀՀԿն կրկին իր մեթոդներով այդքան ձայն վերցրեց ու հիմա ավագանիում ընդդիմությունը ներկայացված է միայն «Ժառանգության» ընդամենը 7 մանդատով։ Եւ հասկանալի է, որ այնտեղ ըստ էության, գրեթե ոչինչ անել հնարավոր չէ։

– Ունենք այն, ինչ ունենք։ Կա ՀՀԿ՝ իր հայտնի մեթոդներով, կա «Ժառանգությունը», կա ԲՀԿ-ն։ Եթե այս երկու ուժը ավագանիում անեն այն, ինչի մասին խոսում էին նախընտրական շրջանում, հետաքրքիր կլինի, վատ չի լինի։ Իհարկե, որոշումները կկայացվեն, բայց պայքար կլինի եւ մարդիկ իրենց տեսակետները կարտահայտեն, բանավեճ կլինի, նորմալ է։ Թեեւ վստահ չեմ, որ այդպես կլինի։ Վստահ չեմ նաեւ, որ երբ ամբողջ իշխանությունը վերեւից ներքեւ ՀՀԿ-ն է, իրենց ամենաակտիվ գործունեությունը որեւէ արդյունք կտա։ Բայց կյանքը շարունակվում է եւ սա վերջը չէ, սա ընդհակառակը՝ սկիզբն է։

Պարոն Վարդանյան, հիմա ակնհայտ է, որ ունենք ահավոր թույլ վիճակում գտնվող ընդդիմություն։ Կարո՞ղ եք ասել, ով է մեղավոր դրա համար։

– Ես սովոր եմ առաջինը ինձ մեղադրել, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացիների մոտ վստահություն եւ փոփոխությունների հնարավորություն ներշնչել։ Առաջին մեղավորը մենք ենք։ Այո, մենք գիտենք ընտրությունները ինչպես, ինչ մեթոդներով են կայացել։ Բայց այսօր նույնիսկ խնդիրն այդ չէ։ Խնդիրը մենք ենք եւ մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել։

ՀՅԴն քանի՞ անդամ ունի։

– Մոտ 5 հազար։

Այսինքն, ստացվում է, որ միայն ՀՅԴ անդամներն ու իրենց ընտանիքի անդամներն են ձեզ ձայն տվել, կողքից ձայներ չեն եղել։ Դուք ասում եք, որ նաեւ դուք եք մեղավոր այդ ամենի համար, ավելի հստակ կարո՞ղ եք ասել՝ որն է ձեր մեղքը։

– Մենք չենք կարողացել մարդկանց մեջ փոխել հոգեբանությունը, մտածողությունը, որ առաջինը մեզանից պիտի սկսեինք։ Մեծ հաշվով՝ մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ իշխանությունները հավերժ չեն, որ փողը թուղթ է, որ վախը, մարդկանց ճնշելը, վախով քվեարկելը լավ տեղ չի տանելու։ Չենք հաջողել։ Հիմա հետեւություններ պիտի անենք։

– Այդ վախը 2008-ին էլ կար, հետո էլ կար, բայց տեսանք, որ մարդիկ գնացին ու քվեարկեցին ընդդիմության օգտին։

– 2013-ին էլ քվեարկեցին։ Բայց ընդամենը երկու ամիս հետո նորից պետական ամբողջ համակարգը վերածվեց ընտրական համակարգի եւ տոտալ ընտրակաշառք։ Մենք թեժ գիծ ստեղծեցինք, բոլոր ահազանգերը փոխանցեցինք ոստիկանություն։ Ահազանգերը տարբեր բնույթի էին՝ օրինակ, Չարենցի փողոցում պայմանական ասած, Կիրակոսը, որը հայտնի է այդ թաղամասում, ընտրակաշառք է բաժանում, Էրեբունիում այսինչ շենքում համատիրության նախագահ այսինչը ընտրակաշառք է բաժանում։ Նույն օրը լրագրողները վարչապետին ահազանգել էին՝ ՀՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանում։ Վարչապետն ասել էր՝ հերյուրանքներ են։ Վստահ եմ՝ եթե Չարենցի փողոցի պայմանական Կիրակոսին եւ Էրեբունի թաղամասի պայմանական Բաղդասարին ոստիկանությունը հարցնի, նրանք էլ են ասելու՝ հերյուրանքներ են։ Այսինքն, նույնն են ասելու, ինչ վարչապետը։ Նորմալ է, մեր աննորմալ իրականությունն է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031