Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Մարդիկ այլեւս հույսեր չեն կապում ընդդիմության հետ»

Մայիս 09,2013 11:26

Հատված քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ հարցազրույցից:
   –Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ընդհանուր առմամբ անհաջողության մատնվեց։ Որո՞նք են ձախողումների հիմնական պատճառները:
   -Ավագանու ընտրությունները տրամաբանական շարունակությունն էին նախագահական ընտրությունների, իսկ այդ ընտրություններում ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով, ազդեցիկ ուժերը հրաժարվեցին մասնակցությունից: Ստացվեց այնպես, որ գործող նախագահի հիմնական մրցակից դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի թիմը բավական թույլ էր, հետեւաբար՝ դատապարտված պարտության:
Իսկ հետո, 540 000 քվե վաստակած անձը հիասթափեցրեց մարդկանց իր ոչ քաղաքական գործողություններով: Դրա հետեւանքով վարկաբեկվեց առհասարակ ընդդիմության գաղափարը Հայաստանում: Ավագանու ընտրություններում ընդդիմության քիչ ձայներ հավաքելու պատճառը հասարակության խորը ապատիան էր:
   –Պարտության պատճառներից մեկն էլ ա՞յն չէ, որ նրանք շատ ավելի տարվեցին իշխանության ներկայացուցչին վարկաբեկելով, քան սեփական ծրագրերը ներկայացնելով, իսկ երեւանցին ակնկալում էր լսել իր կենցաղային խնդիրների լուծման առաջարկներ:
   -Այդ հանգամանքն էլ իր դերակատարությունն ունեցավ: Ընդդիմադիրները պատրաստ չէին մանրամասնորեն ներկայացնել քաղաքի զարգացման հստակ ծրագիր, ու ստացվեց, որ միայն քննադատեցին, հասարակությունն էլ հնարավորություն չունեցավ ընկալել ու ընդունել այդ ուժերին:
Բայց նաեւ չարժե քաղաքական պայքարը հակակշռել տեղական խնդիրներին, ի վերջո սա էլ քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս է: Եվրոպայում, երբ պայքարում են սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները, դա չի նշանակում, որ նրանք չեն բարձրացնում տեղական խնդիրներ:
   –Մեկ ամիս շարունակ ընդդիմադիրները հայտարարում էին` տեր են կանգնելու իրենց ձայներին, ուշի-ուշով վերահսկելու են: Ու վերահսկեցին, բայց հետո ասացին` ընտրությունները կեղծված են: Ինչպե՞ս հասկանալ:
   -Բանն այն է, որ իշխանությունը հիմնականում չընտրեց ընտրակեղծիքներ իրականացնելու ճանապարհը ու իր քվեն ապահովեց մեկ այլ` «մարդ բերելու» մեխանիզմով:
Գիտեք, երբ երկրում թուլանում է քաղաքական գործոնը, ազդեցիկ ու վճռորոշ են դառնում չքաղաքացիները, մարդիկ, ովքեր իրականում համարվելով Հայաստանի քաղաքացիներ, որեւէ կապ չունեն քաղաքացիական արժեքների հետ: Այդ մարդիկ երկրի վարած տնտեսական քաղաքականության արգասիքն են, նրանք հիմնականում գործազուրկներն են, որոնք ապրում են բոմժի հոգեբանությամբ, այն է` լուծել օրվա հացի խնդիր ու տրված փայաբաժնից լինել բավարարված եւ երջանիկ:
Ու չնայած ընտրությունները վերահսկվեցին, բայց այս «կոնտինգենտը» դարձավ վճռորոշ գործոն, քանի որ քվեարկեց իրեն ընտրատեղամաս բերած ուժի օգտին:
   –Համաձայն չե՞ք, որ հիմնականում ընդդիմադիր ընտրազանգվածը չմասնակցեց ընտրություններին, հանգամանք, որ կրկին փաստում է ընդդիմության հանդեպ վստահության պակասի մասին:
   -Համաձայն եմ, չմասնակցեց, որովհետեւ մարդիկ այլեւս հույսեր չեն կապում ընդդիմության հետ, քանզի վերջիններս չկարողացան հանդես գալ որպես համարժեք այլընտրանք, եւ ընդդիմության թուլության հետեւանքով իշխանությունը վերարտադրվեց: Եթե լիներ այդ հավատը, ապա ընտրություններին կմասնակցեր ակտիվ ընտրազանգվածը ու թույլ չէր տա, որ քաղաքացիական արժեքներն անտեսողները դոմինանտ դեր ունենային ընտրություններում:
Բայց ես մերժում եմ մեղքն ամբողջությամբ ժողովրդի վրա բարդելու մոտեցումը: Եթե մեղադրում ես ժողովրդին, ուրեմն այլեւս չես կարող գործունեության հնարավորություն ունենալ:
Հակառակը, կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է փորձի փոխել իր գործելաոճը: Հակառակ դեպքում կստացվի, որ ապրում է միֆերով, ու քանի որ դրանք իրականություն չեն դառնում, մեղադրում է ժողովրդին:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031