Ինչպես Աժ-ում չպետք է մանդատներ վերցնեին, այնպես էլ՝ ավագանիում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:
Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ ճիշտ կլիներ՝ իրենց ընդդիմադիր ուժ համարողները հրաժարվեին մանդատներից Երևանի ավագանու կազմում:
«Մենք, ժամանակին լինելով դեռևս ՀԱԿ կազմում, 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ասում էինք, որ պետք է հրաժարվել, չվերցնել պատգամավորական մանդատները, որով իսկ երկրում ստեղծել նոր իրավիճակ, և չէինք կորցնի ժողովրդական զանգվածին, չէինք հուսահատվի, հուսալքվի, իսկ երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը կհանգեցներ ռեժիմի փոփոխության»,- նշեց Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով, որ միգուցե քաղաքն այդ լույսի սկիզբը լինի:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները: Իսկ երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախնական արձանագրության համաձայն՝ 464 տեղամասերի տվյալների արդյունքներով Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 235 հազար 512 ձայնով (55,89 տոկոս): ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով (23,07 տոկոս): Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով (8,48 տոկոս): Հայ ազգային կոնգրեսը հավաքել է 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս), Հայ hեղափոխական դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն (3,80 տոկոս), «Օրինաց երկիրը»` 15 հազար 733 ձայն (3,73 տոկոս), «Առաքելությունը»` 2692 հազար ձայն (0, 64 տոկոս):