Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ընտրություններից առաջ գները զսպվում են, եւ ամեն ընտրությունից հետո գների բարձրացման մի նոր ալիք է գալիս»

Մայիս 09,2013 11:02

Հատվածներ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ հարցազրույցից:

– Դեռ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նկատվում էր դանդաղ գնաճ։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։

– Կա այսպիսի օրինաչափություն, ամեն ընտրություններից առաջ գները զսպվում են, եւ ամեն ընտրությունից հետո գների բարձրացման մի նոր ալիք է գալիս։ Ես այս նոր, վերջին թվերին չեմ տիրապետում, բայց երեւույթը միշտ կա, նույնիսկ կան վերլուծություններ, թե ինչքան կանխիկ փող է բանկից դուրս բերվել ընտրությունների նախորդ օրերին, որը հենց այդ ընտրակաշառքի ծավալն է։ Կան այդ թվերը։ Այդ օրինաչափությունը կա, եւ շատ հասկանալի է՝ զսպել գները, որպեսզի ժողովրդի մոտ վստահություն ներշնչի, իսկ հետո գալիս է գների թանկացմաև հերթական ալիքը։ Այդ ալիքն անդրադառնում է ամեն ինչի վրա, իհարկե, մեզ ավելի շատ սնունդն է հետաքրքրում, հացը, կաթնամթերքը եւ այլն։

Իսկ Դուք փորձե՞լ եք այդ ուսումնասիրությունն ինքնուրույն կատարել եւ բարձրաձայնել ու դրա դեմն ինչոր կերպ առնել։

– Ես բազմաթիվ անգամ եմ դա արել, բայց հիմա ուզում եմ, որ այդ տեսչական կամ վերահսկողական գործողությունն արվի եւ քայլեր ձեռնարկվեն, իսկ քայլերը պատժելն է։ Իմիջիայլոց, պատժելն իմ քայլերի մեջ չի մտնում, իմ նպատակն է, որ երեւույթը վերանա։ Նորմը հստակ է, եւ հացի մեջ ծակոտկենությունն ու խոնավությունը, եւ շաքարավազի մեջ խոնավությունը շատ հեշտ է բացահայտել, իմ պրակտիկայում եղել է դեպք, որ շաքարավազի մեջ շաքարայնության տոկոսը պետք է լիներ 91, բաց եղել է 41: Հիմա մենք խոսում ենք խոնավության հաշվին գինը բարձրացնելու մասին։

Փաստորեն, սա դեռ զսպվա՞ծ գնաճն է, այս երեւանյան ընտրություններից հետո սպասվում է գների բարձրացման նոր ալիք, իսկ եթե հաշվի առնենք, որ առաջիկա 4 տարում Հայաստանում ընտրություններ չկան, կարելի է պատկերացնել այդ ալիքի ուժգնությունը։

– Ես կուզենայի սխալված լինել, բայց մեր նախկին փորձը դա է վկայում։ Այո, այս վերջին շրջանում նկատված գնաճը դեռ զսպված գնաճն է։ Նաեւ գազի գնի բարձրացումը, ինչքան էլ հետաձգվի, մի օր ուղտի նման մեր դռան առաջ նստելու է, հոսանքն էլ՝ դրան ածանցյալ, գազից հետո։ Իսկ այս վերջին շրջանի թանկացումներն այնպես նրբորեն են անում, ամեն անգամվանը չի նկատվում, բայց ամիսների ընթացքում տարբերությունը զգալիորեն երեւում է։ Իսկ հիմա ինձ, անկեղծորեն ասեմ, ավելի շատ մտահոգում է այդ կրիմինալ թանկացումը, որ քաշի հաշվին է արվում, խոնավության հաշվին, նոմինալ գինը չի փոխվում, բայց պարունակությունը կամ քաշը պակասում է։ Դա նկատվում է հիմա եւ, ցավոք, նոր երեւույթ չէ։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031