Այսօր ԿԸՀ նիստում քննվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը՝ թիվ 4 ընտրատարածքի թվով 6 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության կարգի, քվեարկության կազմակերպման, խախտումների մասին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, հարցրեց, թե ո՞րն է դիմումում առկա բողոքն՝ ուղղված իրենց, քանի որ իրենք այդ տողը չեն գտնում:
Փոստանջյան. «Սա դիմում-բողոք է բոլոր կետերով, դուք հասցեատեր եք եւ
եթե չեք հասկացել իմ դիմումի պահանջը՝ թույլ տվեք բացատրել: Դուք իմ բացատրության կարիքն ունեք. պահանջս հետեւյանն է՝ տեղի են ունեցել խախտումներ, որոնք դուք՝ որպես վարչական մարմին, պարտավոր եք քննել…»:
Կարդացեք նաև
Մուկուչյան. «Այստեղ ոչ մեկ անհասկացող չէ, ձեզ կոռեկտ պահեք, ձեր դիմումին կցված ապացույց չկա, ձեր դիմումը պահանջ չունի»:
Փոստանջյան. «Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, դուք շատ լավ գիտեք, թե որտեղ են բոլոր ապացույցները: Գնացեք ընտրատեղամասի մատյանները բացեք: Իմ դիմումի պահանջն է՝ անվավեր ճանաչել…»:
Մուկուչյան. «Դուք հինգ մարմին եք դիմել, բայց դիմումում ոչինչ չեք շարադրել, թե ումից ի՞նչ եք պահանջում»:
Փոստանջյան. «Ես ձեզանից պահանջում եմ անվավեր ճանաչելու պահանջ ընդունեք»:
Մուկուչյան. «Դուք ձեր դիմումում պահանջ չեք ներկայացրել, հետեւաբար պահանջներով համալրել այն՝ չեք կարող»:
Փոստանջյան. «Պահանջում եմ իմ իրավունքների վերականգնում, որը խախտվել է ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից: Համոզված եմ, որ ՀՀԿ-ի բոլոր ներկայացուցիչները, ում անուններն այստեղ նշված են, նրանց գործողություններն ուղղված էին կեղծարարությունների»:
Մուկուչյան. «Տիկին Փոստանջյան, հստակ չէ, թե դուք ինչ եք պահանջում, դիմումի ո՞ր տողում է գրված ձեր պահանջը…»:
Փոստանջյան. «Գիտեք ինչ, ես հենց այնպես չեմ այստեղ եկել, եւ եթե դուք փորձում եք շոու կազմակերպել, բառախաղի միջոցով փոխել իմ դիմումը՝ չի ստացվի»:
Մուկուչյան. «Շոուն դուք ինքներդ եք ձեր գլխին սարքում: Ավելի հանգիստ խոսեք…Դուք, լինելով իրավաբան, չեք հասկանում ինչ եք ասում»:
Փոստանջյան. «Դուք ավելի լավ է ձեր վարքի մասին մտածեք, որ պետության մեջ ամենամեծ կեղծարարն եք»:
Մուկուչյան. «Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը ձեր մասին, դրսում կհարցնեք՝ կասեմ»:
Փոստանջյան. «Շատ շնորհակալ եմ, ինձ չի հետաքրքրում»:
Երբ Փոտանջյանը շարունակում էր կրկնել իր բողոքը, Մուկուչյանից բացատրություններ պահանջելով, վերջինս նրան հիշեցրեց․ «Տիկին Փոստանջյան, միշտ չի, որ կրկնությունը գիտության մայրն է, երբեմն տգիտության հայրն է…»:
Փոստանջյանն էլ ԿԸՀ նախագահին ի պատասխան հետեւյալն ասաց․ «Էդ երեւի ձեզ է վերաբերվում»:
Նիստը վերածելով լեզվակռվի եւ հնչեցնելով փոխադարձ վիրավորանքներ, Փոստանջյանը Մուկուչյանին ասաց․ «Փաստորեն, դուք էլ «Հանրապետական» խուժանների մի մասն եք կազմում…»:
Մուկուչյանը, դիմելով Փոստանջյանին, հիշեցրեց․ «Արշակ Սադոյանը, որ ասում էր՝ «լեզուն ոսկոր չունի», շատ լավ է ասել, տիպիկ է ասել…»:
Փոստանջյանն էլ, դիմելով Մուկուչյանին, հետեւյալ եզրահանգման եկավ. «Հա՜, փաստորեն նա ձեր սիրած քաղաքական գործիչն է, գուցե Սերժ Սարգսյանին էլ ցիտեք, որ խիարը թարս է աճում…»:
Մուկուչյանը վերջում չդիմացավ՝ «Ամոթ է, ավարտեցի՞ք…»:
Փոստանջյանն. «Ավարտեցի»:
Մուկուչյան. «ֆսյո»:
ԿԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ողջ կեղծ Նժդեհականների ոհմակը, նրա ստրկամիտ համախոհներով, արժանի չեն Զարուհի
Փոստանջյանի նույնիսկ ամենաանվայել խոսքերին՝ նրանց հասցեին: