ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն արդեն հաշվարկել է մայիսի 5-ին գիշերը ժավելի խտալուծույթ տեղափոխող իրանական ավտոմեքենայի վթարի հետեւանքով Ողջի գետ արտահոսած խտալուծույթի հասցրած վնասի չափը: Ըստ Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի չափն ընդհանուր կազմում է 4 մլն 225 հազար դրամ, որից 3 մլն 470 հազար դրամը 347 ք.մ հողային շերտին հասցված վնասն է: «Մոտ 15-16 տոննա ժավելի խտալուծույթ է լցվել Ողջի գետ, որի հետեւանքով, բացի հողային շերտին հասցրած վնասը նաեւ ջրային ռեսուրսին եւ գետի ձկնատեսակներին է վնաս հասցվել: Ջրային ռեսուրսին հասցված վնասի չափը, մեր հաշվարկներով, կազմել է 657 հազար դրամ, իսկ արձանագրված 98 հատ սատկած ձկան վնասը կազմում է համապատասխանաբար 98 հազար դրամ», – տեղեկացրեց Լեւոն Պետրոսյանը: Սյունիքի մարզային քննչական բաժինն նույնպես զբաղվում է տեղի ունեցած դեպքի ուսումնասիրությամբ:
Ինչպես տեղեկացրել էինք, կիրակի օրը գիշերը ժամը 2-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ժավելի խտանյութ տեղափոխող «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, որի հետեւանքով արտահոսել էր մեքենայի ավտոբաքի տարողությունը եւ լցվել Կապանի միջով հոսող Ողջի գետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ