Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին 2 նշանակած ուսուցչի հայցը կբավարարվի

Մայիս 08,2013 18:16

Վերջերս Պուշկինի անվան դպրոցից հեռացված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի հայցի հիման վրա, այսօր աշխատանքի պետական տեսչությունում քննվեց ուսուցչի հայցադիմումը:

Aravot.am-ի հետ զրույցում ուսուցիչը վստահեցրեց, որ ինքը տեսչությանն էր ներկայացրել այնպիսի հիմնավորումներ եւ փաստարկներ, ըստ որի հայցը ամբողջությամբ պիտի բավարարվի հօգուտ իրեն:

Ուսուցչի պատմելով` տնօրենը, որը ներկա էր իր իրավաբանի ու հաշվապահի հետ, մոտ 2 ժամ տեւած վարչական նիստի ընթացքում ասաց, որ աշխատանքային պայմանագիր եղել է, բայց Նարեկը չի ներկայացել, որ ստորագրի. «Ես էլ ասացի, որ եթե հրամանով եք ինձ աշխատանքի ընդունել, այդ դեպքում ինչո՞ւ հրամանը ինձ չեք ծանուցել: Շատ բաներ կային, որ իր դեմ էր, նույնիսկ ինձ աշխատանքից ազատելու համար նախ պետք է ինձանից գրավոր բացատրություն վերցներ` թե ինչո՞ւ եմ աշխատանքից բացակայում. առանց դրա ինքը ինձ ազատել է աշխատանքից: Նույնիսկ իմ տեղեկատվության հարցումը, իր նամակի պատասխանը ես ամբողջությամբ ներկայացրեցի, ինձ աշխատանքի ընդունման իր հրամանի մեջ տնօրենը գրել էր` կազմել աշխատանքային պայմանագիր, բայց պայմանագիր չէր կազմվել: Տնօրենն ընդունեց իր սխալը, ասաց` այո չեմ կազմել: Հրամանի մեջ նույնիսկ նշված չէր իմ աշխատավարձի չափը, որը եւս խախտում է, մի խոսքով բազմաթիվ կոպիտ խախտումներ ներկայացվեցին»:

Տեսչությունից Նարեկ Վարազդատյանին վստահեցրել են, որ 3-4 օրվա ընթացքում վերջնական պատասխան կտրամադրեն: Շախմատի ուսուցիչն իր հայցադիմումում պահանջել էր վարչական պատասխանատվության ենթարկել տնօրենին՝ օրենքը խախտելու համար. «Ըստ նիստում ներկայացված հիմնավորումների ու գործընթացի, կարծում եմ տնօրենը կտուգանվի իր աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

Հիշեցնենք, որ Նարեկ Վարազդատյանին աշխատանքից հեռացրել են, ըստ Նարեկի՝ քաղաքական հայացքների համար եւ դպրոցում 17 աշակերտների, որոնց մեջ էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թոռները, 2 նշանակելու համար: Իսկ աշխատանքի պետական տեսչություն ուսուցիչը դիմել էր իրեն առանց աշխատանքային պայմանագրի աշխատեցնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031