Մայիսի 7-ին Հայաստանում «Ռուսական Գրքի Տանը» կազմակերպվել էր ռուս լրագրող, գրող-բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի շնորհանդես-վաճառքը:
2007 թվականին Կոնոպլյովը առաջին անգամ այցելել է Հայաստան և այդ օրվանից էլ սկսել է բանաստեղծություններ գրել հայերի ու Հայաստանի մասին: 6 տարի անց բանաստեղծը կրկին Հայաստանում է և հայ ընթերցասերներին է ներկայանում այս տարիների ընթացքում գրած բանաստեղծությունների ժողովածուով, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության, ԼՂՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» ՀԿ-ի աջակցությամբ:
«Սովորաբար գրողների մոտ լինում է սերը՝ մոր, հայրենիքի, սիրո նկատմամբ, իսկ ինձ մոտ եղել է սեր՝ Հայաստանի նկատմամբ, ինչն էլ ինձ ստիպեց բանաստեղծություններ գրել հենց Արցախի, Հայաստանի և հայ հասարակության մասին» ,-նշեց հեղինակը:
Վիկտոր Կանապլյովի խոսքով՝ վերնագրից սկսած, հետո նաև ամբողջ գրքում կենտրոնացած են հայ ժողովրդի նկատմամբ իր զգացմունքները և այդտեղ ներառված բոլոր բանաստեղծությունները նվիրված են հենց հայերին:
Գիրքը հայերեն և ռուսերեն տարբերակով է: Իր հետ ունի նաև աուդիո սկավառակ, որով հնարավորություն կտրվի հեղինակի ձայնով լսել գրքում զետեղված բոլոր բանաստեղծությունները:
«Հայաստանը սիրո աղբյուր» ժողովածուի առաջին տպաքանակն անվճար տրվել է ՀՀ դպրոցներին, համալսարաններին և գրադարաններին: Երկրորդ տպաքանակի վաճառքից ստացված ողջ գումարը, Վիկտոր Կոնոպլյովի նախաձեռնությամբ, ուղղվելու է ազատամարտիկ Նորայր Զաքարյանի բուժմանը, ով հիվանդ է ծանր տուբերկուլյոզով և վիրահատության կարիք ունի:
Գիրքը հնարավոր է ձեռք բերել «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոններում՝ այդ կերպ որոշակի ներդրում ունենալով ազատամարտիկի առողջության վերականգնման գործում:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ