Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության դասեր կամ ինչու նորից չստացվեց. Խոհեր

Մայիս 08,2013 17:33

Այսօր ընթերցում էի «Առավոտում» Ֆրանսահայ մասնագետի հետ հարցազրույցը, ուր նա իրավացիորեն խոսում էր այն մասին, որ մեր ժողովուրդը դեռ բավական ժամանակ ունի ժողովրդավարության իմաստը ըմբռնելու, քանզի անցած հարյուրամյակների ընթացքում կամ եղել է ֆեոդալական Պարսկաստանի, Թուրքիայի կամ էլ Ռուսաստանի լծի տակ, հետո էլ նաեւ մեր հարազատ՝ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան»…շունչ քաշելու ժամանակ չի եղել:

Այս մտքերս ակամա ինձ հիշեցրին դպրոցական տարիներին հայրենադարձ հորս պատմություններից մեկը: Նա Եգիպտոսում աշխատելիս է եղել մի հայ վաճառականի մոտ, որը երբեմն մեկնել է Անգլիա կտորեղեն ներկրելու: Լոնդոնում եղած ժամանակ հայտնվել է Հայդ պարկում եւ այնտեղ, ի զարմանս իրեն, տեսել է թե ինչպես մի մարդ բարձրաձայն փնովում է Բրիտանիայի գահի ներկայացուցիչներին եւ պահանջում, որ վերացնեն թագավորական իշխանությունը: Մեր հայրենակիցը «իհարկե» մոտենում է մոտակա ոստիկանին եւ նրա ուշադրությանն է արժանացնում այդ իրողությունը: Ոստիկանը հանդարտ պատասխանում է, թե «Հարգելի պարոն, եթե ինքը կկարողանա ժողովրդին իր կողմը գրավել, մենք թագավորին իրենով կփոխարինենք»:
Ես դպրոցում իհարկե լավ չէի պատկերացնում հորս ասածը, եւ դպրոցից հետո, երբ երբեմն խորհրդային ընտրությունների առիթով ընտրական թղթեր էի բաժանում հիմնարկի կողմից… մենք ամեն ինչ անում էինք «ինչպես որոշել էր կուսակցությունը», չեմ կարծում, որ որեւէ մեկս լուրջ մտածում էր՝ ինչու համար էր գնում կամ, ավելի շուտ, չէր գնում ընտրության: Մարդիկ ապրում էին իներցիայով, եւ ցավում եմ, որ այդ իներցիան դեռ ինչ որ տեղ դեր է խաղում: Շատերս դեռ մեր ձայնը տալու պատասխանատվությունը, մեր իսկ ապագայի համար, հույս ենք դնում՝ մեկ ուրիշի կընտրի:
Վերջերս շատ է խոսվում «թաղի տղեքի» ունեցած դերի մասին, որ նրանք կարեւոր դեր են խաղում ընտրությունները կեղծելու մեջ, բայց իմ կարծիքով իրենք եւս շատ լավ հասկանում են, որ իրենք էլ իշխանության իրական զոհերից են, այն մարդկանց պես, որ աղքատությունից դրդված իրենց ձայնը «վաճառում» են 10 կամ 20 հազար դրամով: Ես համոզված եմ, որ այս մարդկանցից շատերը ուրախ կլինեին քաղաքակիրթ երկրում ապրելու, ուր բարոյական արժեքները ավելի առաջնային կլինեն, քան՝ BMW-ն:
90-ականների սկզբին տեղի ունեցած, այսպես կոչված՝ «լիբերալ-բուրժուական» սոցիալ տնտեսական փոփոխությունները, որ իրականացվեցին մարդկանց կողմից, որ որեւէ գաղափար չունեին՝ ինչն են փոխարինում ինչով, կարծում եմ, կործանարար հետեւանքների հետեւանք դարձան: Այն ժամանակ, երբ հերոսական հայ մարտիկները Արցախում իրենց արյունն էին թափում մի կտոր հողի համար, հայրենիքում ժողովրդի ունեցվածքը բաժանվում էր ապագա «ընտրյալ բուրժուաներին» մի քանի լումայով՝ առանց հիմնվելու սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների կամ մասնագետների հսկողության վրա, չէ՞ որ մեր սփյուռքի հայերի մեջ բավական մասնագետներ կլինեին, որոնք իրենց խորհուրդներով ճիշտ ճանապարհ ցույց կտային:
Այս ամենի հետեւանքը եղավ այն, որ ժողովրդի ընտրությունների գնալը ընդդեմ «օլիգարխ-բուրժուաների», որոնք գնել են իշխանությունը եւ իշխող կուսակցությունները, մոտավորապես նույնն են, ինչ որ ժամանակին գնում էինք «հարազատ կոմունիստական ընտրյալներին ձայն տալու»:
Ինձ համար զարմանալի է, թե որտեղից պիտի գտնեին «բուրժուա» 20-րդ դարի վերջին, կամ 21-րդ դարի սկզբին, երբ աշխարհով մեկ արդեն վաղուց կապիտալիստական հարաբերությունները իրենց վախճանին էին մոտենում, իսկ «բուրժուա» բառը ոչ միայն հարուստ փողատերի իմաստ ունի, այլ նաեւ՝ բարձրակիրթ, մտավոր զարգացած անհատի, որը նաեւ գրականության եւ արվեստի լավ գիտակ է, ինչպիսին մեր Գալուստ Գյուլբենկյանն էր:
Այսօր իհարկե մենք ունենք այն, ինչ որ ունենք, մեր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար անդամները, որոնց հաջողվել է ընտրվել խորհրդարանում, գոնե իրենց ընտանիքի կենսական պայմանների մինիմումն են կարողանում ապահովել՝ իրենց, որպես ընտրյալի վարձով, իսկ ինչ ընտրություն ունի անելու այն չքավոր հայ տարեցը, որ գնում է ընտրության, որին դեմ են անում 20 հազարանոց թղթադրամը…
Կարծում եմ հիմնականում սրանք են պատճառները, թե ինչու նորից չստացվեց, իհարկե, եթե ինչ որ հրաշքով, Վովա Գասպարյանի նման մարդիկ «թասիբից» ելնելով առաջին նախագահին ապացուցեն, որ իրենք ոչ միայն «աղոթելու» են պատրաստ գնալու, այլեւ՝ առաջին նախագահի կատարած սխալները ուղղելու, գուցե եւ մի բան կփոխվի…

Գալուստ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031