Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում 9131 մարդ աշխատանք է փնտրում (ֆոտոշարք)

Մայիս 08,2013 16:40

Վանաձորցի 26-ամյա Սիման մասնագիտությամբ բուժքույր-մանկաբարձ է:

Արդեն 5-րդ տարին է, ինչ ավարտել է ուսումնական հաստատությունն ու համալրել գործազուրկների շարքերը:

Այսօր Վանաձորում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին նա առաջին անգամ էր մասնակցում:

PrevPhoto
NextPhoto

«Մտածեցի գամ, գուցե կկարողանամ այսպես աշխատանք գտնել, հինգ տարի է, ինչ ավարտել եմ, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա` տեղեկացնելով, որ չէր հրաժարվի անգամ այլ մասնագիտությամբ աշխատանքից:

«Պարտադիր չէ իմ մասնագիտությամբ, կարեւորը աշխատանք ունենամ»:

«Համոզված եմ, որ սա հնարավորություն կընձեռի մեր աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, որ լավ, որակյալ մասնագետներ գտնեն:Այսօր խնդիր ունեն ոչ միայն աշխատանք որոնողները, այլ նաեւ մեր գործատուները. որակյալ կադրերի խնդիր ունեն»,-ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` իր խոսքում նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը

Տաշիրի կարի ֆաբրիկայի տնօրեն Աղասի Հովհաննիսյանն իր ընկերությունն արդեն 4-րդ անգամ է ներկայացնում Վանաձորում կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին:

Կարի ֆաբրիկան 30 եւ ավելի կարող բանվորների կարիք ունի:

«Այս պահին 30 թափուր աշխատատեղ կա, բայց քանի որ մեր աշխատանքը խմբային է, ուստի կարող ենք եւ 60 աշխատատեղ ապահովել»:

Աղասի Հովհաննիսյանի կարծիքով, նման տոնավաճառները օգտակար են:

«Եվ աշխատանք փնտրողն է ծանոթանում պահանջվող աշխատանքներին, եւ գործատուն է հնարավորություն ունենում աշխատող ունենալու»:

Աշխատանքի տոնավաճառին https://www.jobfinder.am ինտերնետային կայքէջի ներկայացուցիչները եւս ասելիք ունեին:

«Այսօր եկել ենք եւ կայքէջի գործունեության մասին տեղեկատվություն տարածելու, եւ մեր գործընկերների ունեցած թափուր աշխատատեղերը ներկայացնելու»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց կայքէջի աշխատակիցը:

Համաձայն կայքում տեղ գտած թափուր աշխատատեղերի հայտարարություններին` առավել պահանջված են ԻՏ եւ բանկային ոլորտի մասնագետները:

«ԻՏ եւ բանկային ոլորտը ներկայացնող հայտարարությամբ աշխատատեղերն են շատ»,-նշում է աշխատակիցը:

2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, Լոռու մարզում աշխատանք է փնտրում 9131 մարդ: Նրանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16,9 տոկոսով:

Մարզում գործազրկության մակարդակը 8 տոկոս է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031