Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Անձամբ ես գիտեմ, թե սա ում երկիրն է (Տեսանյութ)

Մայիս 08,2013 16:26

«Սա այն վայրն է, որտեղ մի տասներկու անգամ առիթ եմ ունեցել մենակ կամ ընկերներիս հետ հանդես գալ, ու հիմա խորհրդանշական է, որ պետք է «Սա ում երկիրն է» տեսահոլովակի շնորհանդեսն էլ այստեղ կայանա»,-այսօր Inrock ակումբում ասաց սիրված երգիչ, երգահան Վահան Արծրունին:

Նա ներկայացրեց իր առաջին պաշտոնական տեսահոլովակը՝ շեշտելով, որ այն նվիրում է հաղթանակի օրվան: Երգը կոչվում է՝ «Սա ո՞ւմ հայրենիքն է»: Խոսքերը Ռազմիկ Դավոյանինն են, երաժշտությունը՝ Վահան Արծրունունը, նկարահանումը՝ Գարեգին Աղաբեկյանինը:
Երգը ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի 80-ականներին գրված մի բանաստեղծության հիման վրա եւ մեկն է Վահան Արծրունու այն երգաշարից, որի հիմքում նույնպես Դավոյանի բանաստեղծություններն են։
Արվեստագետը հայտնեց, որ տեսահոլովակը նկարահանված է խրոնիկալ վիդեո ժանրում, այնտեղ ներկայացված է խմբի աշխատանքը ստուդիայում՝ ձայնագրման ընթացքում։ Երաժշտական առանձնահատկություններից մեկն այն է, որ ստեղծագործության մեջ հնչում են բացառապես ակուստիկ գործիքներ։ Նրա ձեւակերպմամբ, երգում գլոբալ աշխարհին հակադրվում է Հայաստանը՝ իր ներքին սահմանների գոյության գերակայությամբ, թեմա, որ ավելի քան հրատապ է մերօրյա իրականության մեջ եւ Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ։
Հավելենք, որ Արծրունու խմբի առաջիկա համերգները կկայանան մայիսի 14-ին եւ 27-ին:
Aravot.am-ը Վահան Արծրունուն հարցրեց՝ ի վերջո Հայաստանն ո՞ւմ հայրենիքն է, քրեաօլիգարխիկ տարրերի՞, թե՞ մտածող, հայրենանվեր մարդկանց: «Երգում դա պատասխան չպարտադրող հարց է, յուրաքանչյուր լսող պետք է ինքն իր համար որոշի, որովհետեւ անձամբ ես, որպես արվեստագետ, ունեմ պատասխանը, թե սա ում հայրենիքն է, բայց քանի որ ընդհանուր խեղաթյուրում է տեղի ունեցել արժեհամակարգի եւ հասկացությունների, ինձ թվում է, որ այս օրերին շատ ակտուալ է նման հարցադրումով դուրս գալը արվեստի դաշտ: Հենց սրանով էլ պայմանավորված է այս տեսահոլովակի եւ ձայնագրության նախաձեռնումը»,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն երեւույթի մասին, որ այսօր ավելի շատ միջակ հնարավորությունների տեր արվեստագետների առաջ են բոլոր դռները բաց, պարոն Արծրունին պատասխանեց. «Դա մի տեսակ դարձել է կյանքի օրենք, երաժշտասերը գրեթե շանս չունի մեդիաներից առնչվել արժեքավոր արվեստներին, արժեքավոր արվեստը, որպես այդպիսին, անհասկանալի կարգավիճակում է մեր երկրում: Դու պետք է կամ անձամբ ճանաչես այդ արվեստագետին, կամ որեւէ փոքր շրջանակի անդամ լինես, որպեսզի կարողանաս առնչվել իր ստեղծած նյութի հետ: Սա, իհարկե, արհեստականորեն ստեղծված իրավիճակ է, որը ձեւավորվել է վերջին քսան տարիների ընթացքում: Հիմա ակումբային շարժումը այն երաշխիքն է, որ արվեստագետ-արվեստասեր շփումը տեղի ուենա, եւ Inrock ու Mezzo ակումբներում իմ համերգները այն իրական հնարավորություններն են, որ ես օգտագործում եմ՝ կապը ունկնդրիս հետ չկորցնելու համար, բայց ընդհանուր դաշտը պառակտված է, սարսափելի: Կա լուրջ արվեստագետների մի ստվար զանգված, որ իսկապես անտեսված է»,-փաստեց Վահան Արծրունին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան says:

    Այս երգը ոչ ոք չի հիշի: Երաժշտությունը շատ է գորշ: Էն նարկոման Բոբ Մարլիի ոճով է: Ու՞մն է պետք այսպիսի երաժշտությունը: Այսպիսի երաժշտությամբ կմեռցվի ցանկացած խոսք, եթե նույնիսկ Դավոյանի նման դասականն է խոսքի հեղինակը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031