Այսօր ՀԱԿ գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները նշեց. «Ավագանու ընտրություններն առանձնացան նրանով, որ ռեժիմը դիմեց իր բոլոր ռեսուրսների օգտագործմանը՝ հերթական անգամ հայ ժողովրդի կամքը բռնաբարելու նպատակով: Բոլորս ականատես եղանք, թե ինչ հանցավոր ժամանակներում ենք ապրում ու ցավոք դրա հեղինակները իշխանություններն են, որոնք օգտագործել են կրիմինալը, պոռնիկներին, ապահովել բազմակի քվեարկություն եւ այլն: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ձեւավորվել է գողապետական համակարգ, այսինքն՝ ամբողջատիրական, ավազակապետական համակարգ»:
Զուրաբյանի խոսքով` ՀՀԿ-ն ամեն բակում շտաբ ուներ ու դրանք ոչ թե քարոզարշավի համար է արվել, այլ` ծառայել են իբրեւ ահաբեկման կենտրոններ՝ բնակչությանը, մարդկանց ճնշելու, կաշառելու եւ այլ նպատակներով. «Ընտրակաշառքով չեն բավարարվել, եղել են նաեւ սպառնալիքներ: Բնակչության ճնշող մեծամասնությունը սպառնալիքների հիմքով է ընտրել: Մենք ունենք ապացույցներ, որ ընտրության օրը կիրառվել է կարուսել, գունավոր գրիչների մեխանիզմը, հատուկ ձեւով ծալված քվեաթերթիկներ, ինչպես նաեւ, հոգեբանական ճնշումներ են եղել: Հայաստանում տեղի է ունեցել բաց քվեարկություն: Մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ, որը պարտադրում է քաղաքացիներին վաճառել իր բարոյականությունը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ