«Մեդիա կենտրոն»-ում այսօր հուրընկալվեցին OneArmenia կազմակերպության ստեղծագործական ղեկավար Օկսանա Միրզոյանը եւ մեդիա բովանդակության պատասխանատու Անահիտ Յահջյանը, ովքեր ներկայացրեցին SHIFT նախաձեռնությունը:
ONEArmenia կազմակերպությունը այս նախաձեռնության միջոցով նպատակ ունի ամենաշատը 10.000 ԱՄՆ դոլարով աջակցել 16 տարեկանից բարձր այն մարդկանց, ովքեր, հին եւ նոր մշակութային տարրերը միաձուլելով, հասանելի կդարձնեն հայկական մշակույթը ամբողջ աշխարհով:
«Դիմողները ցանկություն պետք է ունենան փոխելու հայկական ավանդական մշակույթն ու դրա պատմական ընթացքը և այն դարձնելու ժամանակակից, ներգործուն գեղագիտության հիմնաքար»,- ասաց Անահիտ Յահջյանը:
Օկսանա Միրզոյանի համոզմամբ՝ աշխարհում լավագույն օրինակներից մեկը ջազ երաժիշտ Տիգրան Համասյանն է, ով գործով ապացուցեց, որ կարելի է ազգային երաժշտության տարրերը նոր ձեւով մշակելով, հայտնի դառնալ աշխարհին:
Սիրուշոյի SHIFT երգը Յահջյանի համոզմամբ եւս հաջող տարբերակ է՝ չնայած քննադատվում է շատերի կողմից:
«Ավելի ավանդական մտածող մարդիկ չեն ընդունում երիտասարդների կարծիքները, բայց պետք է հիշեն, որ երբ նրանք են երիտասարդ եղել, քննադատվել են իրենց մեծերի կողմից: Եթե ուզում ենք մեր պայքարը կապ ունենա աշխարհի մյուս շարժումների հետ, մենք պետք է առաջ շարժվենք»,- ասաց Միրզոյանը:
Նախաձեռնությունը մեկնարկել է 2013թ. ապրիլի 24-ից: Դիմումները կընդունվեն մինչև 2013թ. մայիսի 25-ը: Հաղթող ծրագիրը կընտրվի առցանց՝ մեկ փուլով ացկացվող ֆեյսբուքյան բաց քվեարկության միջոցով:
Յուրաքանչյուր ծրագրի համար գումարը սահմանափակվում է 10.000$-ով, դիմորդը կարող է ներկայացնել հայտ յուրաքանչյուր կարգի միայն մեկ ծրագրի համար, հավաքագրված գումարից հայտատուին աշխատավարձ չի հատկացվում, ծրագրի հետ կապված ցանկացած աշխատանք պետք է իրականացվի Հայաստանում, ծրագիրը պետք է ավարտին հասցվի դրամաշնորհի գումարով, ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանում:
«Մեդիա կենտրոնի» մամլո հաղորդագրություն