Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը կհրաժարվեն ավագանու մանդատներից

Մայիս 08,2013 16:06

Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։

Պատգամավորը կասկածում է ընտրությունների արդարությանը, կատարվածի համար էլ, ասում է, ամաչել է պետք. – «Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Իրոք, այնպիսի բաներ է եղել այդ օրը, որ ասես, որ այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ են բերում, ծերերին ուղղորդում են, հաշվելու ժամանակ ասվում է (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով նշվածները, եւ բոլորը ՀՀԿ»։

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։

Բայց Օսկանյանի կարծիքով, ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։

«Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում դնել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել», – մեկնաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընտրությունների օրերին հաղորդումներ եղան, որ իրենց օգտին քվեարկելու համար  կաշառատվության գործում Հանրապետականից հետ չի մնում «Բարգավաճ Հայաստանը»։ «Չեմ լսել», – այս մասին մեր դիտարկմանը արձագանքեց Վարդան Օսկանյանը, – «Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»։

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031