Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սասուն Միքայելյանի՝ Տիգրան Սարգսյանը «բարեարտագաղթիչ» է

Մայիս 08,2013 15:34

«Ոչ, ոչ ես էդ կուսակցության անդամ չեմ լինի: Եթե նկատել եք, մի կուսակցության անդամ եմ եղել, ես կուսակցություն երբեք չեմ փոխի: Մոտակա ընթացքում նոր ուժ կձեւավորվի, հանրապետությունում կան առողջ ուժեր, անհատներ: Մոտակա ընթացքում`վեց ամիս, մեկ տարվա ընթացքում նոր ուժ կձեւավորվի: Ես գործ եմ անում, ես սպասելու ժամանակ չունեմ: Ժամանակի ընթացքում երկու ընդդիմադիր ուժ կձեւավորվի`մեկը իշխանության կողմից»,- այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`անդամակցելո՞ւ եք նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, թե այլ կերպ եք պայքարելու, ասաց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը:

Նա ասաց, որ ինքն ազատ է եւ պայքարելու է հանուն պետության ու պետականության: Հակադարձելով լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ձեր մարտական ընկերները, ովքեր հակառակ քաղաքական դաշտում են, ազա՞տ են իր հետ շփումներում՝ պատասխանեց. «Դե էդ իրանց պրոբլեմն ա, ես չեմ կարա ասեմ: Կան մարդիկ, ովքեր իրոք վախենում են, ոչ թե մենակ մարտական ընկերներ, այլ ընկերներ, գործընկերներ, պատգամավորներ, որոնց հետ տարիների ընթացքում մենք շատ մտերիմ ենք եղել, էսօր վախենում են շփվել ինձ հետ կամ գաղտնի են շփվում: Հենց դժբախտությունը դրանում ա»: Հարցին՝ հանրապետության նախագահն է՞լ, ասաց. «Հանրապետության նախագահի հետ չեմ շփվել դեռ, որ շփվեմ`կասեմ: Մենք մարտական ընկերներ ենք եղել, մարտական ընկերները փուլային չեն լինում: Ես էլ հակառակ կողմ չեմ գնացել, ես ժողովրդի կողմն եմ գնացել, եթե ժողովուրդը հակառակ ա, ուրեմն…»:

Միքայելյանը հումորով նկատեց, որ երեկ-մյուս օրը Տեր-Պետրոսյանի հետ էլ չի շփվել: Իսկ ավելի լուրջ, հավելեց, որ արդեն որոշ ժամանակ է, որ ոչ մեկի հետ չի շփվում: Ծառ է տնկում: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր մեկուսացումը, նեղացա՞ծ է, պատասխանեց. «Ես նեղացած չեմ, ես իմ քաղաքական հայացքն ու նպատակն ունեմ, որը չի համընկնում իրանց հայացքին: Ես իմ տեսակետն եմ ունեցել ամբողջ կյանքս»:

Ապա անդրադառնալով առաջին նախագահի եւ համաժողովրդական շարժման ձախողմանը, զինվորական լեզվով համեմատություն արեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց հրապարակում` նոր սկսել ա եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Արդյունքն էլ`էս էր»:

Մեկ այլ հարցի՝ ընդդիմությունը ինչի՞չի կարողանում միավորվել, բանախոսը պատասխանեց. «Որովհետեւ ադքան էլ ընդդիմադիր չի»: Նա կարծում է, որ նոր ուժ է պետք, որը ժողովրդին չի խաբի:

Անդրադառնալով ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է, ասաց, որ դա Սուքիասյանի կարծիքն է, որն ինքը չի մեկնաբանում: «Իրա համար կարողա բարեփոխիչ ա, բայց իմ կարծիքով, Տիգրան Սարգսյանը բարեարտագաղթիչ ա: Տերն ու ծառայի պատմությունն ա, դրա համար էլ էս օրն ենք ընկել»: Նոր կառավարության կազմի մասին էլ այն կարծիքին է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում ու այս կառավարության կազմը չի խոսում այն մասին, որ արտագաղթը կանգնելու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031