Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարկապ դրեք ձեր լեզվին

Մայիս 08,2013 15:05

Արվեստի գործիչներից մեկի մասին հաղորդում էի դիտում, բայց մի քանի րոպե անց անջատեցի: Էլի նույնը` ցրտի, մթի, սովի տարիներ… Թե հաղորդավարի շուրթերից, թե զրուցակցի:

Որքա~ն կարելի է: Նմաններն իննսունականի սկզբներին, թերևս, միայն մարմնով են ապրել, այլապես ինքնաբերաբար պիտի ուրիշ բառեր հնչեին` գոյակռվի, ազատամարտի, դիմակայման, սխրանքի: Նաև` ոգեղենության, հաղթանակների: Եվ անանց ցավի, իհարկե, թանկ զոհերի… Եթե դա առաջին անգամ լիներ, գուցե այդչափ չազդեր վրաս, եթե ասողը բակի զրուցատաղավարում նարդի խաղացող, շուկայում կանաչի ծախող ցածրոգի մեկը լիներ, ուշադրության չարժանացնեի, սակայն երբ արվեստի ոլորտից խմբավարն ու բառի հետ «խաղացող» լրագրողն են գործածում, երբ շարունակաբար ես լսում` խորհրդարանում, կառավարության անդամի ասուլիսի ժամանակ, տրտմում ես, ակամա հարց տալիս` բայց ինչու՞… Ախր, մաղձոտ մտքի նստվածքն արդեն այնքան խիտ է, որ քերել-մաքրելն օր-օրի դառնում է դժվար: Ուղեղի մրուրը` մանավանդ… Սա՞ ենք հիշողություն թողնելու հետնորդներին, ընկճախտի այս թանձրու՞քը: Իրադարձությունների նման գիտակցված ու չգիտակցված խեղումը ժամանակի ավելի մեծ տիրույթում չի՞ վերաճելու պարտության, չի՞ դառնա անանցողիկ խարան, ինչին արժանի չեն տոկացածները: Ամենևին չեմ զարմանա, եթե վաղը պատմության դասագրքերում, անգամ ակադեմիական, հանրագիտարանային հրատարակություններում հանդիպեմ նույն տխմար ձևակերպմանը: Առօրյայում ցածրամակարդակ, կենցաղին տուրք տված ու գերի, հայացքը երկնքին երբևէ չհառող այնքա~ն դասատուի, դասախոսի ես հանդիպում, որ ենթադրելի է, թե ինչ քամահրանքով են ներկայացնում համազգային պոռթկումի, գերլարումի ու պրկումի, ոգորումի տարիները, արդյունքում որի պերճաշուք հաղթություն կերտեցինք` արժանի փառաբանության, և ոչ պարսավանքի, շարունակական մեծարման, և ոչ ձաղկանքի… Կխցկեն ականջներն անմեղաչուկ մանկանց, ծիծղուն օրիորդաց, վաղվա զինվոր եռանդուն պատանիների, կմթագնեն ուղեղները` տրամադրելով տխուր, հոռի խոհերի…

Ոճս, չէ, վերամբարձ դարձավ, ուստի, ինչպես Նարեկացին կասեր, սանձեմ հույզերս մտքիս երասանով, այլապես ծայրահեղության մեջ ինքս կընկնեմ: Ակամայից է, որովհետև երբ տևաբար լռում ես, մեկ էլ տեսնում ես ասպարեզում սնամեջ, փքուն քարոզչամեքենան է և կամ իմաստակները` ինքնագոհ, ինքնավստահ, ինքնասիրահար… Մտավորական են ներկայանում, քաղաքագետ, իբր, ժամանակների գիտակ են, ընթացիկ իրադարձությունների հմուտ վերլուծաբան, արվեստաբան են, մշակույթի, մտքի մշակ… Երևանցի լինելով են մեծամտում: էլ հասու չեն, որ դա չգիտեմ ինչ առավելություն չէ, որ մեկը կարող է քաղաքում ծնվել ու ամենևին քաղաքացի չլինել, որ բանը մի բնակավայրով չի վերջանում. աշխարհում էլի քաղաքներ կան, ընդսմին մեկը մյուսից խորոտ, շատամարդ և, եթե խնդրին այդ անկյունից նայենք, լիուլի թքած ունի մյուսների ու մերի վրա, իսկ թե գործը մեկմեկու անպատիվ անելուն հասավ, սահմանին մերձ աննշան գյուղակը ևս, առավել շատ դրա իրավունքն ունի` մյուսին ու այնտեղ ծնվածին արհամարհելու, չտեսնելու…

Անուններ էլ պիտի տամ, որպեսզի չպիտակավորեն, թե անհասցե, մերկապարանոց է խոսքս: Այս էլ քանի~ անգամ Լևոն Իգիթյանին տեսնում եմ բանավիճելիս, հետևում մտքի տվայտանքներին: Ներկա կառավարողների հասցեին մեղադրանքները դիմակայելու դերակատարություն ստանձնածի հակափաստարկի վերջնանպատակը նույնն է` քանդեցիք գյոզալ երկիրը, հիմի եկել… Նույնն է հանգերգում Արամ Սարգսյանը` նա, ով ժամանակին մոսկովյան թերթի թղթակից էր, մի փուլում ճիգ էր գործադրում փրկել կոմկուսը` ստանձնելով առաջին դեմքի անպատիվ դերը, հիմա այլ ձևակերպումով պոնի է թամբել… Կաթոլիկ ավելի, քան Հռոմի պապը,-որակում են նմաններին: Այդ ինչքա~ն եք երանի տալիս հանգուցյալին: Մեր` ենթակա ու անդեմ, անողնաշար, կցորդ երկիր լինե՞լն է ցայսօր թովում ու դրա՞ն եք հետամուտ, մոռացե՞լ եք կիլոմետրանոց հերթերն ու դատարկ խանութները` անգամ կայսրության գլխավոր քաղաքում, երբ բահով էին կարտոֆիլը լցնում զամբյուղդ ու կեսը հող էր, կտրոնով տոնից տոն տրվող կարագի տե՞սքն է աչքերիդ առաջ, սառած մսի բու՞յրն է ռունգերումդ, Սումգայիթն ու Բաքուն, «Кольцо-ն» նրանց օրո՞ք չէին, տանկերը ե՞րբ լցվեցին Երևան և ինչու, իսկ Բուդապե՞շտ, Պրագա՞… Ավելի հետ գնամ` տասնյակ հազարները` մտածող, կիրթ, դրսերկրներում ուսանած մարդիկ ու՞մ ձեռամբ անհետ կորան սիբիրներում, գնդակահարվեցին պետանվտանգության կոմիտեի նկուղներում, կոլեկտիվ տնտեսություն կոչվող ապիկարությունը ո՞վ ներմուծեց գյուղ` վերականգնելով ճորտատիրությունը: Էլ ավելի սուզվեմ պատմության խորքերը` Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Կարսը, Մասիսներն ո՞վ սկուտեղի վրա հրամցրեց հարևաններին: Ես` չէ, դուք ասեք` քանի՞ տասնամյակ են հիրավի ցուրտը, խավարը, սովը, սարսուռ-սարսափը տիրել մարդկանց մարմնին ու հոգուն: Դրա՞նք են երանելի տարիները: Շենացրե~լ են: Համամիտ եմ, հա, շինություններ են բարձրացել, որոնք, սակայն, երկրաշարժի ժամանակ գրեթե համատարած խոնարհվեցին: Իբր, բան եք ասում. կա՞ աֆրիկյան երկիր, որտեղ չեն կառուցել, յոթանասուն տարում այդքա՞նն էլ չանեին: Նստում, ելնում` Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի անուններն եք տալիս, իսկ քանի~ գուցե առավել արժանավորներ չկայացան, քանզի թույլ չտվեցին, կծնվեին, սակայն չսաղմնավորվեցին անգամ…

1945-ի հաղթությունը կռած մեր տասնյակ, հարյուր հազարավոր մատաղատի զոհերն անհրաժեշտություն էին, Արցախյան ազատամարտինը` ո՞չ, հեռավոր քառասնականների 250 գրամ խմորացեխը, հետպատերազմյան թեփն ու քուսպը, ճրագն ու նավթավառն օրհնյալ էին, մեր անկտրոն հացն ու շուրջօրյա լույսը` կռվի արդեն վերջին տարում, անիծյա՞լ, նա հայրենական էր, մայր հողի համար մղվածը՝ ո՞չ, մեկն իրական էր, մյուսը՝ երևութակա՞ն, մեկի հերոսները պատվո հարթակներին, մատյաններում պիտի լինեն, մյուսինը՝ ոչ «արժանի գրոց հիշատակի՞» /կապակցությունը քերթողահայր Խորենացունն է/…

Ավերակեցին ծաղկուն երկիրը,-մորմոքում է Գեղամյան Արտաշեսը` ինքնիշխան Հայաստանի հանդեպ քամահրանքը սքողած, էությամբ անկախությունը մերժող դիմափոխ կոմունիստ` վերին էշելոնից: «Արմնյուզում» կարծեմ, մի հաղորդում կա` մարդը ներկայացնում է իր գրադարանը: Գեղամյանինն եմ տեսել` հարուստ, շքեղ… Զարմանք բան է` այդչափ գիրք ունեցող և, պիտի ենթադրել, բավականաչափ կարդացած մարդն ինչպե՞ս կարող է կյանքում իրենից դուրս ոչինչ չտեսնել: Չէ՞ որ միայն Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպին հաղորդակցվելը բավական է, որպեսզի հասկանաս` հասունացած համաշխարհային իրողություններ, վիթխարի, հսկայածավալ, խորքային տարուբերումներ կան, որոնք անհատներով չեն պայմանավորված, որ միահեծան, փտախտավոր տերության փլուզումն անխուսափելի էր, լինելիք: Խորհրդային աղացպաններն այդ ինչպես են ալյուրել, ապա հունցել, որ անգամ մտքի հսկաներն ի զորու չեն խարխլել մտածողության կարծր կաղապարները: Այդ ինչպե՞ս է, որ Ալ. Գրիգորյանը քանի~ տասնամյակ բնակվում է Երևանում, բայց մայրենիին չի տիրապետում, համենայնդեպս` չի խոսում: Հավատա՞մ, չկասկածե՞մ մտավորականի, ռեժիսորի բարձր կարգին, ում համար հայերենը պլեբեյի, լյումպենի լեզու է, ռուսերենը` էլիտայի, ինքը` շքանշանակիրն ու անդամը «վերնախավ» հորջորջվածի:

Ամոթից գետինն եմ մտնում, իբրև հայ, անկախ երկրի քաղաքացի, զգում նվաստացած, երբ «Արմենիայով» աչքիս է առնում մի մտավարժանք հաղորդում` ռուսերենով, որի մասնակիցները քաղաքական այրեր են, կառավարության, խորհրդարանի անդամներ, այդ թվում ի պաշտոնե կրթության պատասխանատուն` Արմեն Աշոտյանը, ում ենթակայության ներքո է լեզվի տեսչությունը: Ի~նչ անձկանքով են մեկմեկու, հանրությանը ցուցանում օտար լեզվի սեփական իմացությունը` հայկական հեռուստատեսությամբ, ՀՀ լեզվի, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների մասին իրենց իսկ հաստատած օրենքները բրտորեն ոտնահարելով: Հետո անվրդով թաքնվում են Նժդեհի թիկունքում և օտարալեզու դպրոցներ բացում, չինական ասույթ շրջանառում՝ քամի ցանողը փոթորիկ կհնձի՝ հասցեագրելով ոչ թե իրենց կուսակցությանը, այլ մյուսներին, բուրգի գլուխ ելածն էլ վարունգի տեղ խիար է աճեցնում և… դժգոհում գաղջ մթնոլորտից՝ չգիտակցելով, որ այն արդեն ոտնակոխել է եղկ/ելի/ի սահմանը, որտեղ ազգայինն ու պետականը սոսկ քող են, մարդու, մարդկայինի տխեղծ չափանիշներն են հարգի, հայոց լեզուն էլ որբի գլուխ է…

Ինչու եմ նետերը նրանց ուղղում… Որովհետև հետևողաբար միտված են մերժել անկախության առաջին փուլի ձեռքբերումները, որակել բոլոր քայլերը` ձախող, զրկանքները` չարդարացված, իրենց իսկ հրամցրած համապատկերում վերադարձը նախկին, իբր, անվտանգ հանգրվան` փրկություն, ու բավական է Մոսկվայից նույն վերմակի տակ ծվարելու թեթևակի, թույլ բերան ակնարկ լինի, հուշում հնչի և կամ հրահանգ, հրաման, փութեռանդ գործի կանցնեն, կառաջնորդեն իրենց իսկ բարոյալքած զանգվածին, որն այլևս հանրույթ չէ` հաստատ: Որովհետև մեկը քիչ, մյուսը` շատ, մեկը կամա, մյուսը` ակամա որոմ են սերմում, օտարածին, փոխառյալ ունայն արժեքներ, որովհետև խեթ, խորթ հայացքը հայերենին` մեր մեծագույն արժեքին, գանձ-հարստությանը, լինելության խարսխին, շնորհիվ ինչի, որքան էլ փոթորիկներ լինեն, չենք խորտակվի, կայմին, որից կառչած պիտի մնանք, անհանդուրժելի է, ինչպես «սովի, ցրտի, խավարի տարիներ» ապտակ-կապակցությունը` ասպարեզ նետված չգիտեմ երբ, չգիտեմ որտեղից… Որովհետև այդպիսիք են տարիներ շարունակ ստանձնել կառույցների կառավարումը և նրանց պատճառով, մեղքով, թողտվությամբ, համաձայնությամբ ու հրահանգով է ապրելու իրավունք ստացել, շարքային քաղաքացու ուղեղում հետևողական դաջվել «ցրտի, խավարի, սովի տարիներ» արտահայտությունը, ինչն անասելի, անանցողիկ վիրավորանք է մարտիկների այն հիրավի սքանչելի, երանելի փաղանգի հասցեին, ովքեր ճակատային, դիմահար գծում էին` հազար անգամ ավելի դժվար կացության մեջ, քան նրանք, որ լույս էին գողանում, ծառեր տապալում`ետքից թողնելով հաշմ անտառ, պտղատու այգի, քաղաքային պուրակ…

Տպավորություն չստեղծվի, թե սևին սպիտակ ասող եմ և կամ՝ ճշմարտությունից խույս տվող: Տեսել, հիշում եմ այդ տարիները, ձմեռները մանավանդ, որ շրջափակվածներիս հակառակի պես վաղ էին այցում: Պատահել է՝ հաղորդումը եթեր տալուց առաջ Նորքի բարձունքից նայել եմ ներքևում սևին տվող քաղաքին: Ո՞վ է դիտելու,-մտածել եմ: Տուն եմ գնացել շատերի պես ոտքով, սայթաքելով, մրսած… Նորքից Ավանի մեր տուն ուղիղ ինը կիլոմետր է: Հոգնե՞լ եմ: Ավելի հաճախ՝ չէ, որովհետև մտքումս հեռարձակած ռազմաճակատային ամփոփագրերն են եղել, Վազգեն Սարգսյանի մահապարտները, հարևաններիցս Արկադի Պետրոսյան նկարչի Արամ որդին, մուսալեռցի Արսեն Ջանյան բանաստեղծի Կարեն առաջնեկը, 1990-ի դեկտեմբերին ծնված երրորդ դուստրս, ով մի օր քիչ էր մնում ոտքիս տակ ընկներ, որովհետև դուռը բաց էր, ու երբ ուշ ժամի մտա և ոչինչ չէի տեսնում, նա, խավարին սովորած լինելով, ընդառաջ եկավ՝ յոթ շոր վրան… Ես ծրարել եմ այդ հուշերը, բայց փոստատուն չեմ հանձնել, որովհետև հասցեատերն եմ ու ընթերցողը, որովհետև այս թվացյալ լիության, լուսառատության, ատելի հրավառության մեջ շատերի պես կարիքն ունեմ ոչ հեռու անցյալի անխորտակ հավատի, Ցեղին համակած տաք սիրո, կարծր կորովի, հեռացածների հատու հայացքների, որովհետև «կյանքը,- ինչպես Մարկեսն է ասում,- այն չէ, ինչ ապրում ենք, այլ այն, թե ինչ ենք այդ մասին հիշում և պատմում», որովհետև կարևորը ոչ թե շատ բան իմանալն է, այլ՝ անհրաժեշտը:

«Ցրտի, սովի, խավարի տարիներ» – դատապարտյալի, սերնդի արածն ու ապրածը, արժեքը չգիտակցողի, իր երկրի անվտանգ ընթացքն ու կայունությունն այլ տեղ` հեռուներում որոնող-պայմանավորողի, օտար կառքին լծված տեսնողի, ապագայից երկնչողի, ծալվող, ինքնուրույն ոտքի վրա մնալ չկամեցողի սահմռկեցնող խոսք: Դարձյալ ու նորեն, բազմակի պաղատում եմ` քարկապ դրեք Ձեր լեզվին, արգելանք` սույն սին բառամթերքի վրա, հետնորդներին մի հանձնեք մեր պատմության շրջադարձային փուլի միակողմանի, խեղյալ, խղճուկ սեղմագիրը, հայրենի ու համամարդկային բարոյական թուրծ արժեքների վրա խարսխեք պետությունը, մի տանիք զմեզ ի փորձություն, այլապես փլուզումն անխուսափելի կլինի…

Վերջում, լինելով հայացքներով ազատական, ոչ հայերենով` լիբերալ, պիտի դառնամ և ի խորոց սրտի փառաբանեմ Գարեգին Նժդեհի ցեղապաշտ, ցեղակրոն զինակից, ազնվազարմ մտավորական, հայ քաղաքական մտքի հավուր պատշաճի չգնահատված հսկա Հայկ Ասատրյանին. «Ունայնության մնացորդ է որևէ երամակ, նախիր կամ ժողովուրդ, եթե իր գոյության պատճառներից դեպի ճակատագրի հարցերը չի անցնում նպատակի կամրջով, եթե արշալույսին չի զգում, որ կյանքն ավելի խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու ցավը, և վերջալույսին չի գիտակցում` հենց նրա համար պետք է արթնանալ, որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա, որքան երեկվա»:

Արամ Հովհաննիսյան,
արձակագիր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Meruzhan Zakaryan says:

    Համաձայնում եմ ու ողջունում այս հոդվածը։ Մենք շատ մեծ կարիք ունենք այս կարգի սթափ, բաց ու ճշմարիտ խոսքի։ Կցանկանայի ամենքը ընթերցեին ։

  2. Chris says:

    Հիացած եմ մտքով, շարադրանքի ուժով:

  3. Mary Terzian says:

    Excellent article, calling a spade a spade. Impeccable quality fo writing. It apears that commiserating is a national pastime, in the Diaspora as well. By looking back and concentrating on negative thoughts we miss the present and compromise the future. Wishful thinking does not solve problems, living the present and planning for the future do, no matter how hard the circumstances are.

  4. Վարդանյան Ն says:

    «Ցրտի, խավարի, սովի տարիներ» արտահայտությունը վիրավորանք չէ մարտիկների հասցեին, այլ գնահատականն է այն ժամանակվա իշխանության: Եթե մարդիկ անալիզ չանեն այսօրվա համակարգի հիմքերը, չեն կարող իրական դեմոկրատական երկիր ստեղծել, ու կարիք չկա իշխանությանը քննադատող խոսքը մարտիկների վրա տարածել, այդ մարտիկների մեծ մասը դրա համար չէր կռվում, որ իշխանությունը հայտարարի «հարյուր տոկոս ձայն էլ ստանաք, իշխանությունը չենք տա»:

  5. Ֆլորա Առաքելյան says:

    ,,Երբ տևաբար լռում ես, մեկ էլ տեսնում ես ասպարեզում սնամեջ, փքուն քարոզչամեքենան է և կամ իմաստակները` ինքնագոհ, ինքնավստահ, ինքնասիրահար…,,

    Ուրեմն բավական է լռել: Այլապես հասարակական մտքի «Ցրտի, խավարի, սովի» մեջ… և մնացյալը լռություն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031