Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում միգրանտներին այլեւս գրկաբաց չեն ընդունում

Մայիս 08,2013 14:58

Եթե նախկինում մեր ապօրինի միգրանտներին տարիներով պահում, ուտեցնում ու փող էին տալիս, այսօր մեկ-երկու օրում մերժում` «դեպորտ» են անում:

Եվրոպական երկրների համար գլխացավանք դարձած անօրինական միգրանտներից ազատվելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու համար Եվրամիությունը միգրանտ «արտահանող» երկրների հետ համատեղ ծրագրեր է մշակում: Եվրոպական երկրներում ապաստան են հայցել նաեւ հայաստանցի հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասն արդեն ստացել է Եվրոպայում բնակվելու եւ աշխատելու փաստաթուղթ, իսկ մի մասը դեռ անօրինական միգրանտի կարգավիճակում է:

Այսօր Անի հյուրանոցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պատասխանատուները ներկայացրին անօրինական միգրացիայի հետեւանքով Եվրոպայում հայտնվելու այն բոլոր հետեւանքներն ու դժվարությունները, որոնց միջով անցնելու են պոտենցիալ միգրանտները. «Մարդիկ տուն տեղ վաճառում են, մտածելով, որ այնտեղ իրենց դրախտ է սպասվում, բայց, իրականում նրանք հայտնվում են անելանելի եւ դժվար կացության մեջ»,-ասաց տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: Նրա խոսքերով, մեկնող մեր հայրենակիցները բավարար տեղեկատվություն չունեն, եւ մտածում են թե իրենց  գրկաբաց ընդունելու են, ապահովելու են ապաստանով, սննդով կացարանով, բայց, ըստ նրա, իրավիճակն  այդպիսին էր, երբ խորհրդային միությունը նոր էր փլուզվել եւ հետխորհրդային երկներում կոնֆլիկտային գոտիներ իսկապես կային. «Այսօր Եվրոպան վերանայել է եւ փոխել է իր մոտեցումները՝ քաղաքացիություն տալու: Եթե

նախկինում անօրինական միգրանտի քաղաքացիություն էին տալիս, որ ինտեգրվի, հիմա, եթե մարդը ապացուցում է, որ ինքը ինտեգրված է` այսինքն` լեզվին տիրապետում է, օրինապահ քաղաքացի է եւ այլն, նոր միայն կտան քաղաքացիություն: Եթե նախկինում մեկ-երկու, երեք տարի տեւում էր, ապա այժմ պատահում է, որ մեկ-երկու օրում ապաստան հայցողի հայցը մերժվում է»:

Ապօրինի միգրացիան կանխելու համար Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Հայաստանից Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագիրը:

Տիկին Դավթյանի ներկայացմամբ, ծրագիրը նախատեսում է բարձրացնել պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածությունը եւ տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ կա նաեւ Բելգիա մեկնելու օրինական ճանապարհ: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիների համար Բելգիայում գտնվելու ամենատարածված միջոցը ապաստան հայցելն ու բուժում ստանալն է:

Հայաստանում գործող ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերգերի ներկայացմամբ էլ, մուտքի արտոնագրի հեշտացումը նույնպես կկանխարգելի անօրինական միգրացիան: Արդեն որոշ խմբերի` լրագրողների, ուսանողների, գիտնականների համար հեշտացված ռեժիմ է գործում: Ըստ ԵՄ խորհրդատուի, մշակման փուլում է այն ընթացակարգը, որ այս խմբի մարդիկ պետք է ներկայացնեն, ոչ թե փաստաթղթերի փաթեթ, այլ ընդամենը մեկ փաստաթուղթ, եւ հյուպատոսություններն իրավունք չեն ունենալու այլ թղթեր պահանջել: Սակայն մի բան հստակ է, որ մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմող քաղաքացին պետք է ստանա վավեր անձնագիր եւ ֆինանսական կարողությունը հաստատող փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ Եվրոպայում նա կարող է իրեն տրված ժամկետում ապրել:

Տիկին Վերգերը նաեւ նշեց, որ մուտքի արտոնագրի առկայությունը դեռեւս չի երաշխավորում քաղաքացու մուտքը տվյալ երկիր, քանի որ այդ երկրի սահմանի վրա նրանցից նույնպես անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031