Քննարկվում է աշխատավարձերի բարձրացման հարցը
«Մամուլը անընդհատ գրեց, որ շտաբի պետերի մեջ անհամաձայնություն կա՝ «երիտասարդ գվարդիան» շատ ավելի լավ աշխատեց»,- երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների այս դիտարկմանը ՀՀ ԱԺ նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի միջեւ չի կարող հակասություն լինել, քանի որ նա իր տեղակալն է եւ ԱԺ նախագահի տեղակալը, կատարում է ԱԺ նախագահի հանձնարարականը: «Ոչ մի հակասություն չի եղել ու չի լինելու ընդհանրապես, քանի դա մեր բոլորի խնդիրն է, եւ դեղին մամուլը ցանկանում է սեպ խրել, որը չի ստացվի: Իսկ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մենք՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, ճիշտ ընտրություն ենք կատարել»:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ նոր կառավարության հիմնականում հին կազմին: Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ նախագահը վարչապետին վերանշանակեց, ինչը միանշանակ չընդունվեց խորհրդարանական ընդդիմության կողմից, արդյոք սա չի՞ նշանակում, որ նախագահը պարզապես հաշվի չառավ ոչ մեկի կարծիքը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այդ հնարավորությունն ընտրողները տվել են մեր կուսակցությանը, որպեսզի նախագահը նշանակի վարչապետին, եւ նշանակել ենք: Հիմա դժգոհություն կա, եւ հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը: Մենք բոլորի հետ ուզում ենք աշխատել՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հետ»: Լրագրողները նկատեցին, որ մարդիկ ՀՀԿ-ի խոստացած բարեփոխումներն իրենց մաշկի վրա չեն զգում, եւ հետաքրքրվեցին՝ առաջիկա չորս տարիներն է՞լ նույն կերպ են շարունակվելու, ԱԺ նախագահն ասաց. «Համաձայն եմ: Աստված չտա, որ շարունակվի: Նախագահական ընտրությունները ցուց տվեցին, որ կան խնդիրներ: Իմ կարծիքով՝ սա ահազանգ էր մեզ, որ մենք վեր հանենք խնդիրները ու փորձենք միասնական լուծում տալ: ՀՀԿ-ն քաղաքական կամքը դրսեւորելու է եւ գնալու է այդ բարեփոխումներին, որոնց ժողովուրդը սպասում է եւ պետք է իր մաշկի վրա զգա: Հիմա նախագահը կառավարությանը հանձնարարականը տվել է, աշխատավարձերի բարձրացում է սպասվում: Նվազագույն աշխատավարձը հունիսի 1-ից բարձրանալու է տասը հազար դրամով, հունվարի 1-ից քննարկվում է ընդհանրապես աշխատավարձի բարձրացման հարցը: Դրանք քայլեր են, որ պետք է առաջ տանենք»: Հարցին՝ այդ պատճառո՞վ փոխվեցին հենց տնտեսական բլոկի նախարարները, ԱԺ նախագահն ասաց. «Տնտեսական աճից են ածանցվում հաջողությունները, ինչպես նաեւ թարմություն է պետք: Ճիշտ եք ասում, մարդիկ 7 տոկոս տնտեսական աճը չզգացին իրենց մաշկի վրա: Մարդ պետք է կարողանա մինիմում իր սոցիալական խնդիրները լուծել: Դա մեր բոլորի խնդիրն է: Այս 4 տարիների ընթացքում կհասցնենք բարեփոխումներ իրականացնել: Կկարողանանք, թե՝ ոչ կյանքը ցույց կտա, բայց մենք ամեն ինչ անելու ենք»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
<>
Հետաքրքիր է նույն տրամաբանությունը Երևանի արդյունքներով նախագահական ընտրությունների վերաբերյալ ` ի դեմս ճիշտ ընտրություն չէր կատարվել???.
Իսկ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մենք՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, ճիշտ ընտրություն ենք կատարել:
Հետաքրքիր է նույն տրամաբանությունը Երևանի արդյունքներով նախագահական ընտրությունների վերաբերյալ ` ի դեմս ճիշտ ընտրություն չէր կատարվել???.