Թեւան Պողոսյանն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ էին ընդդիմադիրները «սեւ PR»-ով զբաղված
«Խոսում էին իրար դեմ, բայց խոսում էին այն համատեքստում, որ փորձեն համատեղ գտնել լուծումները՝ կատարած սխալների համար: Վրացական ընկալման մեջ այսպիսի փոփոխություն է տեղի ունեցել, եւ մենք երեւի ինչ-որ չափով պետք է հասունանանք այս առումով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Պարոն Պողոսյանն օրերս է վերադարձել հարեւան Վրաստանից եւ այս զուգահեռը փորձեց անցկացնել՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւած զարգացումների շրջանակում: «Առավոտը» ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդպես էլ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համաձայնության գալ, եւ բոլոր այն հայտարարություններ-հավակնությունները, որ դրսեւորում էին նախընտրական շրջանում, փորձ անեին գոնե իրականության վերածել: «Ընդդիմության բոլոր կողմերում կան փայլուն անձնավորություններ, ամեն ինչը տեղում է, բայց երբ գալիս է պահը՝ շատ ժամանակ չես հասկանում, թե ինչո՞ւ է այդ սեւ PR-ի խնդիրն առաջ գալիս: Մենք խնդիր ունենք հասկանալու, որ ընտրությունը դա հնարավորություն է, որ ես ներկայացնեմ իմ տեսակետը՝ հանուն ինչ-որ մի բանի»,- ասաց պարոն Պողոսյանը՝ այնուհանդերձ քայլ առաջ համարելով ընդդիմադիրների՝ դաշինք ձեւավորելու ցանկությունը. «Մարդիկ պատրաստ են խոսել, համաձայնվել, որ ասենք, ինչ-ինչ սխալներ են եղել, գիտակցենք դա եւ փորձենք միասին աշխատել: Ի դեպ, միասին աշխատելը պետք չէ պայմանավորել նրանով՝ անցե՞լ է որեւէ ուժն ավագանի, թե՞ ոչ: Ի վերջո, սա մեր երկիրն է, եւ ամենքս պետք է աշխատենք: Այսօր Երեւանի ավագանիում կա «Բարեւ Երեւանի» 7 ներկայացուցիչ: Ես վստահ եմ, որ այնտեղ ցանկացածի ակտիվությունը լինելու է շատ բարձր, եւ ցանկացած ընդդիմադիր ձայն ավագանիում անպայման հնչելու է՝ որ մի կողմից էլ դա լինի ներկայացված: Այ, դա կլինի միգուցե նոր մոտեցում, նոր մտածելակերպ, թե ինչպես կարելի է ընդդիմադիրներով օգտագործել այդ ձայնը, եթե ցանկությունը եւ գիտակցումը կա, որ համատեղ կարող ենք ուժեղ լինել: Այս իմաստով, ինձ թվում է, ոչ մի բան կորսված չէ, պետք չէ թեւաթափ լինել: Պետք է փորձել առաջ գնալու ուղիներ փնտրել եւ օգտագործել առկա մեխանիզմները»: Մեր զրուցակիցը հույս ունի, որ կկարողանանք հասնել այն քաղաքական գիտակցությանը, թե՝ գլխավորն այն է, ինչ տեղի է ունենում, եւ ոչ թե այն, որ սա իմ միտքն էր, եւ միայն ես պետք է այդ մասին խոսեմ, ոչ ոք չպետք է այն փորձի իրագործել. «Եթե մի բան դեպի դրականն է փոխվում, բոլորս ենք արդյունքները քաղում: Ուստի ընդդիմադիր ուժերը չպետք է թեւաթափ լինեն, փորձեն գտնել համագործակցության մեխանիզմները նաեւ ավագանուց դուրս՝ թե ինչպե՞ս իրենց ձայնն ավագանիում լսելի դարձնել»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում պարոն Պողոսյանն այն իրողությունը, որ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, որոնք ավանդական ընդդիմադիր ուժեր են, չկարողացան հաղթահարել վեց տոկոսանոց շեմը, մինչդեռ տակավին երիտասարդ «Բարեւ Երեւան» դաշինքը հաղթահարեց. արդյոք սա իշխանությունների նվերը չէ՞ր նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին: Թեւան Պողոսյանն ասաց. «Ինձ չի թվում, թե իշխանությունը չգիտի՝ ի՞նչ անի, եւ նվերներ է բաժանում: Հակառակը՝ կարծես ապացուցեցին, որ ինչքան շատ են տեսնում, այնքան շատ են ուզում եւ նվեր բաժանելու պատրաստակամություն չունեն»: Նա կարծում է, որ «Բարեւ Երեւանի» հաջողության գրավականն այն է, որ դաշինքի հիմքը «Ժառանգություն» կուսակցությունն է, ու մարդիկ ստերեոտիպային մոտեցում են ցուցաբերել, «Բարեւ Երեւանն» ընկալվում է իբրեւ «Ժառանգություն», իբրեւ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմ: Նախօրեին «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը հարցադրում հնչեցրեց՝ ո՞ւմ կողմից է խաղալու ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում: Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ իր ընկալմամբ՝ ո՞ր դաշտում է լինելու ԲՀԿ-ն: «Իմ պատկերացումները երեւի այնքան կարեւոր չեն, որքան ԲՀԿ-ինը: Իրենք կհայտարարեն՝ կիմանանք: Խորհրդարանում իրենք այլընտրանք են»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը ԲՀԿ-ին կցանկանար տեսնել այնտեղ, որտեղ կկարողանան ընդդիմադիր դաշտի հետ միասին զբաղվել այն խնդիրների լուծմամբ, որոնք բարձրաձայնել են:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ