Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարությունը գործի է լծվում

Մայիս 08,2013 14:17

Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանց շնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։

***

Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունում։ «Միևնույն ժամանակ սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա՝դրվող բեռն ավելանալու է, – հավելել է վարչապետը։ Պարոն Գաբրիելյանը նաև համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, որոնք ունեն միջգերատեսչական բնույթ և առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքին։ Նաև սա բխում է այն գաղափարախոսությունից, որը ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է` նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների քանակը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է  մի քանի նախարարությունների գործունեությունը և անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների։ Ես նաև առաջարկում եմ, որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը համարենք անհետաձգելի»։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

 

Նպատակը երկրադինամիկական մոնիթորինգի իրականացումն է

 

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտին թույլատրվել է ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հունիս ամիսը։ Ինստիտուտը Թայվանի Սինիկա ակադեմիայի հետ ստորագրել է երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր և մեկ տարով ներմուծել տեղորոշման սարքավորման ընդունիչներ, երկրադետիկ ալեհավաքներ և սեյսմոմետրեր, որոնց շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում։ Նշված սարքերով այժմ երկրադինամիկական մոնիթորինգ է իրականացվում։ Ակնկալվում է ավելի համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի բլոկների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ։ Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը։ Մեկ այլ որոշմամբ մինչև 2013 թ. հոկտեմբերի 16-ը երկարաձգվել է «Ռետինե նորույթ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշումը միտված է ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը։

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունը մարզպետարանին է հատկացրել 200 մլն դրամ։ Հաջորդ որոշմամբ ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները վերաբաշխվել են` ուղղվելով առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանը։

Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 3 մլն դրամ, որն անհրաժեշտ է կենտրոնի կառուցման փուլում ընկերության կառավարման ծախսն ապահովելու համար։

Մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարվել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` նախկին որոշումներից մեկի հավելվածներում և 3 մլն դրամ հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և միության միջոցով կարիքավոր անձանց իրենց բնակության հասցեներում տրամադրելու նպատակով։ Բաշխումը կատարվելու է ըստ նախարարի հաստատած ցուցակի։

 

 

Առողջապահական ՊՈԱԿները նույնպես կհամալրվեն որակյալ մասնագետներով

 

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն առողջապահական ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը կհամարվի չկայացած և ընդհանուր հիմունքով կհայտարարվի նոր մրցույթ։ Այսպիսով, կազմակերպությունների գործադիր մարմինները որակյալ մասնագետներով կհամալրվեն մրցակցության հիման վրա, մրցույթները կանցկացվեն երկու և ավելի դիմողի դեպքում։

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջից ելնելով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` նպատակ ունենալով հստակեցնել և կարգավորել ընդերքօգտագործման ոլորտի իրավահարաբերությունները։

Կառավարության որոշմամբ մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրվել է իրենց միջոցների հաշվին մասնակցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը։ Նախաձեռնության հեղինակը նշված միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, ում իրենց հերթին անդամակցելու խնդրանքով դիմել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների տնօրեններ։ Դպրոց-կենտրոնների նպատակն է խթանել կրթական համակարգի զարգացումը։

Գործադիրը որոշել է Վանաձոր քաղաքի Աբովյան 64 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը, կաթսայատունը և օժանդակ շինությունը հանձնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղին, որը տարածաշրջանի` գյուղատնտեսական մասնագետներ պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է և տարեցտարի ավելացնում է իր ուսանողների թիվը։

Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը դրանով իսկ ֆիզիկական անձանց կողմից հարկվող գործարքների մասով հարկերի հաշվարկման, հաշվանցման և վճարման կարգերը համապատասխանեցրել է գործող օրենսդրությանը։

 

 

Ֆինանսավորվում են կրթական ծրագրերը

 

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի և ուսումնական գրականության ապահովում և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի  մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը,

– ՀՀ ԿԱ ոստիկանության «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,

– ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության «ՀՀ կառավարական կապի անվտանգության ապահովում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,

– ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։

 

Այլ որոշումներ

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք ընդունելու դեպքում կբարձրանան դատական ակտերի հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը և այլն։ Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն/բարձրագույն մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագետների ընտանիքի անդամների` վարձատրվող աշխատանքի թույլտվության համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։ Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։

Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Օգտվելով առիթից ուզում եմ մայիսի 9-ի` այս համազգային տոնի կապակցությամբ շնորհավորել մեր բոլոր քաղաքացիներին։ Համոզված եմ, որ Շուշիի ազատագրումով հայ ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվում, և կարծում եմ, որ առաջին հերթին մեր շնորհավորական խոսքը պետք է հղենք մեր ազատամարտիկներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հաղթանակը»։

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031