«Թունաքիմիկատները թանկ-թանկ առնում ենք ու սրսկում, բայց արդյունք չի տալիս, ու բերքի 30%-ը կորցնում ենք». գյուղացիները դժգոհում են անորակ թունաքիմիկատներից:
Մեր երկրում երեւի թե ամենախոցելին գյուղացին է՝ շատ աշխատում է, քիչ եկամուտ ունենում: Սա վկայում են գոնե մեզ հետ զրուցած գյուղացիները, իրենց խոսքերով ասած՝ ազգին կերակրողն են, բայց ամենատուժածն են: Եվ չնայած կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է գերակա ճյուղ, կարծես թե որոշակի աջակցություն է ցուցաբերում՝ սուբսիդավորում, էժան վարկեր, բայց ըստ էության աջակցությունը, կարելի է ասել՝ գյուղացիների ցանկալի արդյունքը չի լինում:
«Առավոտի» հետ զրույցում Կարպի գյուղի բնակիչ Սիմոն Մելքոնյանը, օրինակ, գյուղացու «փրկությունը», ի թիվս մի շարք պետական օգնությունների, նաեւ ապահովագրության մեջ է տեսնում, սակայն այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն չի ցանկանում գյուղոլորտի ապահովագրություն անել, քանի որ ռիսկերը բարձր են: Սիմոն Մելքոնյանը մեզ հետ զրույցում մի դիտարկում արեց. «Այ, եթե էդ ապահովագրությունը լինի, մի մասին էլ պետությունը մասնակցի, էն սիլիտրայի սուբսիդավորում բան հանեն, էդ ապահովագրության համար փող ծախսեն, շատ լավ կլինի: Դե, պարզ ա, մենք էլ ամեն ամիս գումար պիտի մուծենք դրա համար, բայց գոնե կիմանանք՝ ինչի համար ենք մուծում»:
Գյուղացու ամենացավոտ խնդիրներից մեկն էլ թունաքիմիկատների անհայտ ծագումն ու որակն է: Սիմոն Մելքոնյանի խոսքերով՝ «Գնում ենք թանկ ու կրակ բուժանյութ ենք առնում, բերում սրսկում ենք ծառերը, ոչ մի արդյունք չի տալիս: Մարդ չգիտի էլ, թե դրանք ինչ թունաքիմիկատ են: Որ տեսնում ենք՝ էդ մեկից օգուտ չկա, ուրիշ թունաքիմիկատ ենք առնում, էդ էլ օգուտ չի տալիս, բայց էդ ընթացքում՝ մինչեւ պարզում ենք, որ անորակ բուժանյութ ա, մենք մեծ, շատ մեծ կորուստներ ենք ունենում, բերքի 30%-ը կորցնում ենք: Բա լավ, էս երկրում մեկը չկա՞, որ մտածի մեր մասին»: Իսկ կորուստները, գյուղացու ասելով, ոչ միայն ֆինանսական են, որ իզուր գումար ծախսեց թունաքիմիկատի համար, այլեւ ծառն է հիվանդանում. «Իսկ որ ծառը հիվանդացավ, էլ վերջ»: Ընդ որում, ինչպես կարպեցին ներկայացրեց՝ 70 հազար դրամով 1 լիտր բուժանյութ են գնում, որը 1 հեկտարին բավականացնում է, բայց, գյուղացու փոխանցմամբ՝ 10-11 անգամ սեզոններին պետք է սրսկել: Բացի որակից՝ նաեւ արժեքից է դժգոհում, Սիմոն Մելքոնյանի խոսքերով՝ 10 անգամ թանկ են վաճառում թունաքիմիկատները. «Մտնում ենք խանութ, ծախողն ասում է՝ էս հոլանդական ա, էս չինական, էս չգիտեմ՝ պարսկական, դե արի ու վստահի, գինն էլ՝ ախր, ասենք թե 10 դրամով են առել, 100 դրամով են ծախում: Կառավարությունը մի հատ մտածի, էլի, մի հատ կազմակերպություն լինի, որ դրանց որակը ստուգեն, գինը ստուգեն, թե չէ՝ մենակ խոսում են, իսկ մենք մենակ վնասներ ենք ունենում»:
Սիմոն Մելքոնյանի խոսքերով՝ իրենց գյուղը ոռոգվում է Ապարանի ջրամբարից, որը լցվում է, գյուղացու խոսքերով ասած՝ Աստծու տված սարերից եկող ջրով. «Էդ ՋՕՅ-երը ոչ պիտի մեր համար նասոս օգտագործեն, ոչ էլ եսիմ ինչ անեն, ջուրն իրա հունով գալիս է, բայց շատ թանկ են վաճառում, մի հեկտարին 75 հազար դրամ եմ տալիս: Բնությունից եկող բարիքի համար է՞լ էդքան փող տանք»:
«Առավոտի» հետ զրույցում արմավիրցի Լեւոն Համբարձումյանն էլ կարծիք հայտնեց, որ ՋՕՅ-երի աշխատանքների կառավարման գործընթացում պետք է անպայման գյուղացիք ներգրավվեն. «Հիմա կառավարվում է գյուղացիներից ընտրված խորհրդով, բայց գյուղից ջուր օգտագործող էդ խորհրդում չկա, այ, էդ խորհուրդների հարցը պիտի լուծվի, եթե իրոք գյուղացի ու ջուր օգտագործող լինի, ջրի գինը հաստատ էդքան դրամ չի կարա լինի»:
Արագածոտնի մարզի մի քանի գյուղացիներ էլ դժգոհեցին ՓՄՁ ԶԱԳ-ի վարկային պայմաններից. չնայած տոկոսը ցածր է, պետությունն էլ գարանտ է կանգնում, բայց, գյուղացիների ասելով՝ վարկը ստանում են, ու հաջորդ ամիս որ պետք է վճարում կատարեն, իրենք դեռեւս եկամուտ ստացած չեն լինում, քանի որ բերքին սպասում են մի քանի ամիս հետո. «Այ, էդ պայմանները պիտի փոխվեն, եթե պետությունն իրոք ուզում ա մեզ օգնել»:
Գյուղացիներից մեկի խոսքերով էլ՝ Հայաստանում ամենաշատ չարչարվողը գյուղացին է, բայց ամենաշատ տուժողն էլ է ինքը. «Էս ժողովրդին մենք ենք սնում համով մրգերով, բանջարեղենով, կաթ, միս, էլ որն ասեմ, բայց մի՞թե նախարարի մտքով չի անցնում՝ գա մտնի գյուղերը, ոչ թե գյուղապետի հետ խոսա, այլ գյուղացիքի, օրինակի համար՝ գա մեր դուռը ծեծի ու ասի՝ դե, պատմի տենամ՝ ինչ պրոբլեմ ունեք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ