Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք ուզում ժողովուրդը ծաղրի առարկա դառնա

Մայիս 08,2013 14:05

«Բաց նամակ»՝ մի խումբ մտավորականներից ՀՀ Նախագահին

Մեծարգո պարոն Նախագահ:

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան։ Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված։ Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չի եւ դրա համար էլ պետք չի այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը)։ Մեր նպատակը չէ անդրադառնալ այդ ներկայացմանը, կատարել դիտողություններ։ Այդ ամենն արվում է քիչ թե շատ հաջողված մի բեմադրության համար, որն ունի մանր-մունր թերություններ, եւ որոնք շտկելուց հետո այն ավելի կատարյալ կարող է լինել։

Ոչ՛։ Այստեղ մենք գործ ունենք բացարձակապես անընդունելի մի բեմադրության հետ։ Դիտելով 1 ժամ 40 րոպե տեւող ներկայացումը, այն տպավորությունն ես ստանում, որ բեմադրիչի համար Հովհաննես Թումանյանը լոկ սովորական մի լիբրետոյի հեղինակ է, իսկ Արմեն Տիգրանյանը գրել է մի պարզունակ ու անհաջող մյուզիքլ, որը ոմն Ա. Սիմոնյան գործիքավորել է եւ վերամշակել, խախտելով հարմոնիայի եւ գործիքավորման անգամ տարրական կանոնները։ Իսկ ինչ-որ մեկն էլ Թումանյանի գրածը փոխել ու ինքն է գրել…

Օպերային արվեստում կարեւոր տեղ է գրավում կերպարը։ Մինչդեռ ավեդիկյանական բեմադրությունը զուրկ էր կերպարներից։ Բացակայում է սյուժետային հենքը։ Ներկայացումը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբն իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլ հակառակը՝ այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի։ «Նորամուծություններից» է շվիի, դուդուկի եւ դհոլի օգտագործումը, մինչդեռ ոչ ոք իրավունք չունի նման միջամտության։ Ժամանակակից բեմադրությունն ակնկալում է ձեւավորման, հագուստների, բայց ոչ հեղինակային տեքստի, երաժշտության կտրտելն ու աղավաղելը։ Արմեն Տիգրանյանն իր մահկանացուն կնքել է 1950 թվականին, կատարելության հասցնելով օպերան բոլոր առումներով։

Օպերայի հանճարեղ նախերգանքը կատարում են երկու-երեք գործիքներ միեւնույն մեղեդին խղճուկ ունիսոն (ինչպես ողջ ներկայացումը) նվագելով։ Լացե՞ս, թե՞ խնդաս։ Այո, այդ երեկո Տիգրանյանին ու Թումանյանին սպանեցին՝ համակարծիք էինք շատերս։

Նման մոտեցման մասին ավանդական, սակայն եւ ամենաթարմ կարծիքը հայտնեց օրերս Մարիինյան թատրոնի երկրորդ բեմահարթակի բացման առթիվ նշանավոր մաեստրո Վ.Գերգիեւը։ Նա մի անգամ եւս հաստատեց, որ «դասական դարձած հանրահայտ, հանճարեղ ստեղծագործությունների կրճատելը, սրբագրելը համարում է ոչ միայն արատավոր, այլեւ աբսուրդային»։ Առավել եւս տարիների ընթացքում մեր ժողովրդի արյան մեջ մտած երկու հանճարեղ հեղինակների փառահեղ գործն այդպես թուրքավարի, բարբարոսաբար խողխողելը՝ հանցագործություն է ոչ միայն նրա ստեղծողների, այլեւ մեր ժողովրդի հանդեպ։

Ըստ Ավեդիկյանի հայտնագործության՝ օպերայի ամենահիմնական հանգույցը անհայր Սարոյին Մոսիի կողմից աղջիկ չտալն է։ Ակնհայտ է, որ բեմադրիչը ոչ միայն երբեւէ «Անուշի» այլ ներկայացում չի տեսել, այլեւ Թումանյան չի կարդացել, զգացել եւ այստեղից-այնտեղից լսած բամբասանքների հիման վրա լիբրետո է սարքել։ Եվ անհաջողագույն լիբրետո։ Ավեդիկյանի բեմադրությունը ոչ թե գեղջկական կյանք է ներկայացնում, այլ գեղջկական մակարդակ ունեցող մի բան։ Այն որեւէ առնչություն չունի համաշխարհային երաժշտական մարգարիտներից մեկը հանդիսացող մեր «Անուշի» հետ։ Սա ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել իբրեւ հայ օպերային արվեստ։ Իսկ արտասահմանում այն ներկայացնելն ուղղակի հայ մշակույթը պապուասական մակարդակի իջեցնել կնշանակի։ Այս ներկայացման «ավեդիկյանական արժեքը» ֆրանսիացի պարուսույցի կողմից բեմադրված ոտաբոբիկ, սեւացած ներբաններով շապիկավոր գեղջկուհիների աերոբիկային, ռոքենռոլային անիմաստ, գռեհկության հասնող ցատկոտումները չեն, որոնք ոչ մի առնչություն չունեն պարի, այն էլ՝ հայկական պարի հետ։ Դրանով բեմադրիչը ցանկանում է նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանալ՝ «շատ կարեւոր է, ամրապնդել ազատությունը նաեւ սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն», քարոզում է նա։

Ինչո՞ւ վավերագրող Ավեդիկյանը չփորձեց այս ներկայացումը բեմադրել դրսում, դրսի ուժերով եւ կամ բեմադրել մի ուրիշ օպերա…

Միայն «Անուշի» գերբնական համբավը կհավաքեր այն ահռելի գումարները, որ պիտի իբր կայացներ ներկայացումը։ Արտասահմանում նույնիսկ հայ արվեստագետը նման պայմաններով չէր մասնակցի հայ մշակույթի նկատմամբ նման մեղանչմանը։ Այո, Հայաստանում մշակույթն այսօր իր լավ օրերի հուշերով է ապրում, իսկ թշվառ վիճակում գտնվող արվեստագետն իր մասնակցությունը որպես օրվա հացի հնարավորություն է նկատում։ Այնուամենայնիվ պիտի երազեինք ավելի արժանապատվորեն մոտենալու այս խնդրին, քանզի ժողովրդական իմաստությունն ասում է, որ պետք չէ ապականել կամ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում։ Իսկ այս նույն մասնակիցներն իրենց կյանքում դեռ շատ անգամներ օպերային թատրոնում «Անուշի» ներկայացումներին պիտի մասնակցեն։

Ավեդիկյանը բացարձակապես ոչ մի քննադատություն չի ընդունում, անվանելով այն հիվանդագին, պաթոլոգիկ ձեւով ասված խոսք։ «Անուշի» միջոցով սեքսուալ ազատ հարաբերությունների այս քարոզիչը գտնում է, որ օպերան պետք է լսել հատուկ ականջներով… Ի՞նչ ականջներով է այն լսել երաժշտական տարրական գիտելիքներին ոչ հասու, էլ չենք ասում օպերային մշակույթին իսպառ անծանոթ այս մարդը։ Վավերագրական կինոյի ներկայացուցիչը եւ երաժշտական ստեղծագործության, այն էլ դասական օպերայի բեմադրիչը միանգամայն անհամատեղելի են։ Ինչպե՞ս է պատահում, որ կանաչ լույս է վառվում նմանների առջեւ։ Ներկայացման միակ արժեքը թերեւս 35 հազար եվրո արժեցած պլաստմասսայից կամուրջն է՝ ի պատասխան արտասահմանից եւ Հայաստանում շռայլորեն տրամադրված եւ «մարսված» ահռելի գումարների։ Ահա հայ մշակույթը առանց զգալու միջազգային հանրության առաջ մահապատժի ենթարկելու ելած այս գայլի ախորժակով «բեմադրիչը»։ Այս գումարներով մի հրաշալի օպերային ներկայացում կարելի էր տանել օտարներին ի ցույց։

Հարգարժան պարոն Նախագահ, այս թշվառ «Անուշը» հեռավոր կապ անգամ չունի մինչ օրս սրբությամբ պահված գոհարներից ամենաթանկագինի հետ։ Չի կարելի թույլ տալ, որ այն դառնա շուկայական էժանագին առեւտրի մանրադրամ։ Ազգային մեր հպարտությունների հետ նման սրբապիղծ ձեւով վարվողներին պիտի խստագույնս պատժել։

Որպեսզի ծիծաղի առարկա չդառնա մեր մշակույթի գոհարի աղավաղված շարժը եւ ծաղրի առարկա չդառնա մեր ժողովուրդը, խնդրում ենք արգելել այս ներկայացման «արտահանումը» արտասահման։

Բեմադրության հանրային քննարկման առարկա դարձնելը մեծապես կնպաստեր նման արատավոր խեղաթյուրումներով զբաղվող ու չափազանց մեծ ախորժակ ունեցող փորձարարներին։ Թույլ չտանք, որ նմաններն իրենց տգիտության համար վրեժխնդրության առակա դարձնեն մեր մշակույթի գոհարները։

Խորին հարգանքով՝

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ-

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի,

ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ- ՀՀ Ժողովրդական արտիստուհի,

ԱՐՍԵՆ արքեպիսկոպոս

ԲԵՐԲԵՐՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ- ՀՀ Ժողովրդական արտիստ,

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ- ՀՀ Ժողովրդական արտիստ,

ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ- ՀՀ Ժողովրդական արտիստ,

ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ- ՀՀ Ժողովրդական արտիստ,

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍՅԱՆ-կոմպոզիտոր, դիրիժոր, գրող,

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ-դիրիժոր,

ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ- արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս,

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ- պրոֆեսոր, արվեստաբան, գրաքննադատ, ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ- պրոֆեսոր, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ,

ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ- պատմ. գիտ. դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակի

«Առավոտ» օրաթերթ

դափնեկիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nare says:

    Անուշի նոր տարբերակը չեմ տեսել, բայց երբ Ս. Ավեդիկյանը հարցազրույցներից մեկում փորձում էր վերլուծել պոեմը, հերոսների հոգեբանությունը, կոնֆլիկտի պատճառը, արդեն պարզ էր, որ նոր տարբերակը, մեղմ ասած, չի ստացվելու: Անուշին և Սարոյին բնորոշել որպես ստրուկներ, պարզապես անթույլատրելի է, քանի որ Թումանյանը բոլորովին հակառակն է ապացուցում, որ նրանք շատ ավելի բարձր էին և ժամանակաշրջանից, և միջավայրից: Այդ պատճառով չզարմացա, երբ կարդացի այս բողոք-դիմումը, սպասելի էր նման արձագանքը:

  2. ,,Անուշ,,- ի այս բեմադրությունը չեմ տեսել, բայց ներքոհիշյալ ստորագրողներին կհասկանայի, եթե նրանք մինչև հիմա նկատած լինեին, որ Հայաստանը երաժշտական գծով դարձել է Եվրոպայի մշակութային գաղութը: Ուր, սերունդ է մեծացել, որի 20 տարին բոլորել է, բայց, դեռ չի լսել հայ դասականներից՝ Ա. Սպենդիարյանի, Գ. Եղիազարյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Տեր- Ղևոնդյանի, Ա. Աճեմյանի և մյուս հայ կոմպոզիտորների գործերը, քանի որ երաժշտական կոլեկտիվների երկացանկում նրանց ստեղծագործությունները տեղ չունեն: Պետական նվագախմբերը, հիմնականում ծառայում են եվրոպական դասականներին, կառավարության աջակցությամբ / պետական միջոցներով/ անցկացվում են միջազգային խոշոր փառատոններ, որոնց ծրագրերում չի հնչում հայ երաժշտություն /չհաշված, առանձին պատահական դեպքերը, որոնք շատ հեռու են բավարար լինելուց/: Շատ կցանկանայի, որ մեր անվանի արվեստագետները այս փաստը նույնպես նկատեն և իրենց հեղինակավոր ձայնը բարձրացնեն: Քանի որ երաժշտությունը, նույնպես մտածողություն է, իսկ նման իրավիճակը՝ նաև ազգային անվտանգության խնդիր: Իսկ ,,Անուշ,,-ի այս բեմադրությունը, ինչպիսին էլ,որ լինի, ըստ իս, մանրուք է: Դրանով, ոչ Տիգրանյանի հեղինակությունը կնսեմանա, ոչ էլ՝ հայ երաժշտությունը կներկայանա աշխարհին… Հարգանքով՝ Ա. Բաբայան

  3. kara says:

    Լիովին համամիտ ենք նամակի բովանդակության հետ, դեռ մի բան էլ քիչ է գրված… երաժիշտներ, խմբավարներ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031