Ավելի բարձր տեղ զբաղեցնելուն նրան կրկին խանգարեց անձնական քաշը:
Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում հայաստանցի Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում երեք մեդալ նվաճեց: Պոկում վարժությունում հայ ծանրորդը ցույց տվեց 160 կգ եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի` 5 կիլոգրամով զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Ժիմին Ժուին:
Հրում վարժությունում պայքարն ավելի դրամատիկ ստացվեց: Չինացին երեք անգամ չկարողացավ բարձրացնել պատվիրած 180 կգ նախնական քաշը եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Այստեղ նրան «փոխարինելու» եկան ադրբեջանցի Նիյաթ Ռահիմովը եւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռազմիկ Հունանյանը, որոնք առաջին մրցաձեւից հետո հավասար` 153 կիլոգրամով ընթանում էին, համապատասխանաբար, 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում: Անդրանիկը առաջին մոտեցումով հաղթահարեց 180 կգ-ն (փոքր բրոնզ), սակայն հաջորդ երկու մոտեցումներում 185 կգ ծանրաձողը չենթարկվեց նրա կամքին եւ նա պայքարն ավարտեց երկամարտի 340 կիլոգրամով: Դրա փոխարեն Ռազմիկ Հունանյանը ցույց տվեց 192 կիլոգրամ` ընդհանուր 345 կգ արդյունքով նվաճելով չեմպիոնի կոչումը: Իսկ ադրբեջանցին ի վիճակի եղավ բարձրացնել 187 կիլոգրամ, երկամարտում հավասարվեց Անդրանիկ Կարապետյանին եւ միայն անձնական թեթեւ քաշի շնորհիվ արժանացավ արծաթե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ