Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյանի կոչը մեծահարուստներին

Մայիս 08,2013 13:45

Շքեղ տներում էլ կարելի է բարձրարվեստ երաժշտություն հնչեցնել

Ժամանակին դասական երաժշտությունը (17-18-րդ դդ.) աշխարհիկ հասարակության կենցաղի բաղկացուցիչ մասն էր եւ ընտանեկան տոնախմբությունների, հյուրընկալությունների ժամանակ հրավիրվում էին անսամբլներ՝ հնչեցնելով կամերային երաժշտություն: Դա ոչ միայն զարդարում էր հանդիսությունը, այլեւ նպաստում գեղագիտական միջավայրի ձեւավորմանը: Այստեղից էլ ձեւավորվեց սալոնային երաժշտությունը: Մեր օրերում էլ փորձ է արվում բարձրարվեստ երաժշտություն հնչեցնել սալոններում:

Երեկ MEZZO ակումբում առաջին անգամ հնչեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ծրագրում ընդգրկված էին պիեսներ կվարտետի համար, ռոմանսներ եւ մադրիգալ՝ Չարենցի, Համո Սահյանի, Կոստան Զարյանի բանաստեղծություններով, Նահապետ Քուչակի խոսքերով կոմպոզիտորի հայրենների փոխադրությունները եւ «Աշնան արեւ» (ռեժիսոր՝ Բ. Հովհաննիսյան), «Գիքոր» (Ս. Իսրայելյան), «Նռան գույնը» (Ս. Փարաջանով), «Մեր մանկության տանգոն» (Ա. Մկրտչյան), «Ճերմակ անուրջներ» (Բ. Հովհաննիսյան) ֆիլմերի երաժշտությունները: Դրանց կատարմամբ հանդես եկան Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելի Մանուկյանը (ֆլեյտա), ջութակահարներ Թերեզա Նաչարյանը, Ռիմա Միրզոյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, ռոյալի մոտ էր կոմպոզիտորը:

«Առավոտի» հետ զրույցում նշելով, որ ժամանակին սալոններում իրենց ստեղծագործություններն են հնչեցրել Մոցարտը, Բեթհովենը, Հայդնը եւ այլ երեւելիներ, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Սրահը, սալոնը կամ ակումբը՝ էական չէ անվանումը, միշտ էլ ունեցել է իր լսարանը: Արեւմուտքում, օրինակ, մեծահարուստներն իրենց ապարանքներում ու դղյակներում կամ պարզապես շքեղ տներում ընդունելություն են կազմակերպում ու հպարտանում, թե իրենց մոտ առաջին անգամ կամ ընդհանրապես հնչել է այս կամ այն անվանի ստեղծագործողի արժեքավոր գործը: Վստահ եմ, որ մեր մեծահարուստներն էլ պետք է այդ մշակույթը «որդեգրեն»: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերն ունեն գեղարվեստի հավաքածուներ, որտեղ նույնիսկ եզակի նմուշներ կան: Հասկանալով, անշուշտ, որ դրանք մեծ արժեք են…, այդուհանդերձ, կուզեի, որ մերոնց հաջորդ քայլը լիներ բարձր երաժշտարվեստի քաջալերումը, թեպետ այն եկամտաբեր չէ»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ սալոններում հաճախ տիրող մտերմիկ ու ջերմ մթնոլորտը պատճառ է դարձել նոր երկերի ծնունդի, օրինակ, Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծությամբ Սպենդիարյանի «Սարի կեռաս է շուրթը քո…» ռոմանսը կոմպոզիտորը ստեղծել է Ղրիմի հարուստներից մեկի սալոնում՝ նվիրելով ներկա կանանցից մեկին: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Արեւմուտքում նման մտերմիկ բազում երեկոների մասնակից լինելով, ասենք, Սպենդիարյանի օրինակով, որեւէ գործ նվիրե՞լ է, մաեստրոն նախ նշեց, թե սեփական երկերի գերակշիռ մասը նվիրել է իր կնոջը, քույրերին, հետո ժպտալով պատասխանեց. «Արդեն 74 տարեկան եմ, սակայն ես էլ բացառություն չեմ: Եղել են դեպքեր, երբ սիրահարվել եմ, այն էլ՝ բուռն… Իսկ կանայք արժանի են նման նվերների: Մեծ թվով ստեղծագործություններ նվիրել եմ ալտահար Քիմ Քաշքաշյանին, թավջութակահար Կարինե Գեորգիանին…»:

Դիտարկմանը, թե մեզանում «մեկ աչքով» են նայում սալոնային երաժշտությանը, պարոն Մանսուրյանն ասաց, թե սալոնային երաժշտությունը պետք է ընկալել իբրեւ «կիրառական» երաժշտություն. «Անկասկած, Սարյանի կտավները չես համեմատի նույնիսկ շատ գեղեցիկ ու ճաշակով ձեւավորված ցուցափեղկի հետ, ինչը նույնպես արվեստ է»:

Իսկ սալոններում «հնչելու» համար անհրաժեշտ չէ՞ պրոդյուսեր կամ մենեջեր: Կոմպոզիտորը հայտնեց, որ հիանալի երաժիշտ Արամ Թալալյանը նույնչափ հիանալի կազմակերպիչ է, եւ ինքը այս հարցում հետեւել է կրտսեր գործընկերոջ խորհուրդներին:

Տիգրան Մանսուրյանը խորհրդային շրջանի այն ռահվիրաներից մեկն է, ով կոմպոզիտորական արվեստ ներմուծեց ժամանակակից հնարներ (նեոկլասիցիզմ, վեբերնիզմ եւ այլն): Գուցե դեռեւս 1960-ականներից աշխարհում նրա պահանջարկի պատճառներից մեկն էլ սա՞ է: Այս դիտարկումը շրջանցելով, մեր զրուցակիցը հայտնեց միայն, որ, միեւնույն է, ամենախստապահանջ ունկնդիրը Հայաստանում է. «Ցանկությունս է եղել հնարավորինս շատ գործեր հնչեցնել այստեղ, սակայն մեր լսարանը փոքր է, օրինակ, Գերմանիայի յուրաքանչյուր քաղաք ունի իր դահլիճները, նվագախումբը, դիրիժորները, մենակատարները, հետեւաբար լսարանն էլ է մեծ, չնայած վերջին շրջանում կամաց-կամաց մեր մարզերն էլ են լցվում արվեստով: Ասածս կհաստատեն շատերը, թեկուզ մեկ փաստով. վերջերս Գյումրիում կայացած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվում էին համերգներ արեւմտյան ճանաչված երաժիշտների մասնակցությամբ: Այս օրինակը պետք է վարակիչ լինի մյուս մարզերի համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031