Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Պետք է կազմակերպել ցույցեր»

Մայիս 08,2013 13:31

ՀԱԿ-ը պարզաբանում է ընտրությունների արդյունքները

Այսօր ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Նա վստահեցրեց, որ իրենք պայքարը տանելու են մինչեւ վերջ: Մեր հարցին, թե ի՞նչ մեթոդներով՝ միտինգնե՞ր եք անելու, ժամանակ առ ժամանակ՝ ժողովրդին «տաք» պահելու համար՝ նա պատասխանեց. «Մեթոդները շատ պարզ են: Ժողովրդին պետք է բացատրել ճշմարտությունը, պետք է բացահայտել էս մարդկանց դեմքը, պետք է քանդել այն ամբողջատիրական վերահսկման  մեխանիզմը, որ ստեղծվել է այս քրեաօլիգարխիկ ռեժիմի կողմից: Ժողովրդի համարյա 90 տոկոսը ներառել են իրենց ճնշումների, վերահսկման, կաշառման դաշտ: Այս ամեն ինչը պետք է բացահայտել, աշխատել ժողովրդի հետ, կազմակերպել, այո, ցույցեր, հավաքներ, տանել եւ լուսավորչական գործունեություն եւ քաղաքական գործունեություն: Էս երկրում ընտրությունները ընդամենը առիթ են, որը պետք է օգտագործվի դիմադրության շարժման կողմից, պետք է օգտագործվի ընդդիմության կողմից՝ ճշմարտությունը ժողովրդին հասցվի՝ նրան այս գողական շղթաներից,  գողապետերի կողմից ստեղծված այս շղթաներից ազատելու նպատակով: Ինչու եմ ասում, որ ընդդիմություն բառը սխալ է օգտագործել, որովհետեւ ընդդիմություն բառը կարելի է օգտագործել դեմոկրատական երկրներին վերաբերող բնորոշումներում, իսկ Հայաստանում ցավոք սրտի ընդդիմություն չկա: Ավելի ճիշտ, կան ընդդիմադիր ուժեր, որոնք իշխանության կողմից վերահսկվում են  եւ մանիպուլացվում են դեմոկրատական ֆասադ ստեղծելու նպատակով, կամ այնպիսի ուժեր են, որոնք  իշխանության կողմից չեն ընդունվում, հալածվում են, որովհետեւ դա դիմադրության շարժում է: Իշխանությանը դիմադրելու շարժում»:

Մեր հարցին՝ եթե իշխանության որոշումից էր դա կախված, ինչու խորհրդարանական ընտրություններին մանդատ տվեցին, իսկ ավագանու ընտրություններում՝ ոչ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այն, որ մեզ տվեցին 7 տոկոս, իրական ապացույցն է, որ ռեժիմը մաթեմատիկական ճշգրտությամբ կարող է գրել ցանկացած ուզած թիվ: Բացատրեմ, թե ինչու մեզ տվեցին 7 տոկոս, թեեւ մենք ունեինք 30-35 տոկոսի աջակցություն: Որովհետեւ դուք հասկանում եք, որ ռեժիմի համար որեւէ դժվարություն չէր մի կես տոկոս իջեցնեին մեր տոկոսը եւ մենք չանցնեինք պառլամենտ: Այսինք, տային 6.5 տոկոս: Ինչու են տվել 7՝ պարզ պատճառով, որովհետեւ միջազգային հանրությունը այն ժամանակ կոնգրեսի 5 տարվա պայքարից հետո հստակորեն ասել էր այս իշխանություններին, որ եթե  կոնգրեսը չանցնի պառլամենտ, ուրեմն մենք այդ ընտրությունները չենք ճանաչի որպես դեմոկրատական: Գնացել են նման գործարքների՝ միջազգային հանրությունը եւ իշխանությունը: Նրանք պնդեցին ընդամենը այդ 7 տոկոսի վրա, եւ իշխանությունը տվեց այդ 7 տոկոսը՝ իր լեգիտիմությունը կնքելու նպատակով: իսկ այս դեպքում արդեն միջազգային ճնշում չի եղել, որովհետեւ տեղական ընտրությունները այդքան չեն կարեւորվում միջազգային հանրության կողմից: Սա է պարզ բացատրությունը: Իրականում այս իշխանությունը ցանկացած ուժի համար կարող է գրել այն ցուցանիշը, որն իրենք մոգոնել են»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, այսօր իշխանությունները գիտեն բոլոր քաղաքացիների խոցելի կողմերը եւ կարողանում են վերահսկել նրանց կարուսելի միջոցով, տարբեր գույների գրիչների միջոցով, հատուկ ծալովի քվեաթերթիկների միջոցով: Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ վերահսկման ողջ մեխանիզմները դրսում են եւ ընտրատեղամասի ներսում կազմակերպում են միջազգային  հանրության պահանջած մաքուր ընտրությունները:

Մեր հարցին՝ եթե անկեղծ , նախագահական ընտրությունների պասիվությունը դեր չխաղա՞ց այսօրվա արդյունքների համար՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ես ընդունում եմ: Անկեղծ ընդունում եմ, որ դեր խաղաց, իսկ մեր պասիվությունը կապված էր շատ կարեւոր խնդրի հետ, կապված էր, որ կոնգրեսն իսկապես մարդ կուսակցությունների պատճառով գտնվում էր ճգնաժամի մեջ: Նրանք արգելակում էին որեւէ որոշման ընդունումը: Մենք գնացինք մեր շարժման ձեւավորմանը՝ որպես կուսակցություն, բայց այս տրանսֆորմացման գործընթացն ինչ-որ ժամանակ էր պահանջում, եւ մենք փաստորեն հընթացս մտանք պայքարի մեջ: Մեր առաջին համագումարը տեղի ունեցավ ապրիլի 13-ին, երբ ընտրարշավն սկսվել էր: Ես չեմ փորձում ինչ-որ ձեւ արդարացնել, որովհետեւ ես գիտեմ, ինչ էլ անեինք, ռեժիմն այնուամենայնիվ, իր քաղաքական որոշումն ընդունել էր, որ ՀԱԿ-ը չպիտի լինի ավագանիում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031