Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշը» թափառելու է՝ Ֆրանսիայում «սեքսուալ ազատություն» գտնելու համար

Մայիս 08,2013 13:33

Ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավեդիկյանի միջոցով

Վերջին օրերին հայաստանյան մամուլում մեր արվեստագետների կողմից արտահայտված վրդովմունքը՝ բեմադրիչ Սերժ Ավեդիկյանի նոր «Անուշի» ներկայացման առնչությամբ, պատճառ հանդիսացավ, որ ես անդրադառնամ այս հարցին։ Նկատի ունենալով իմ խորին հարգանքը դեպի մեր հանրապետության պատկառելի արվեստագետները, նրանց ընդվզումը մամուլում՝ «Անուշի» այլանդակ ներկայացման եւ մեր օպերային արվեստի ողնաշար հանդիսացող ավանդական օպերայի հեղինակազրկման առթիվ, խորապես կիսում եմ նրանց վիրավորանքը եւ ձայնակցում ամբողջ սրտով։

Պատշաճությունը պետք է մղեր ինձ այստեղ վերջ դնելու իմ արտահայտություններին, բայց երբ ծանոթացա Ս. Ավեդիկյանի ինքնաարդարացման մղող ելույթներին, նկատեցի, որ հարցը շատ ավելի լուրջ է, եւ այն տեղափոխվում է գեղարվեստական ոլորտից դեպի սոցիալական֊բարոյական հարթություն՝ մանավանդ հանդիպելով նրա այս տողերին. «Շատ կարեոր է ամրապնդել ազատությունը նաեւ սեքսուալ հարաբերությունների հարցում»։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է «Անուշը» թիրախ դարձել Ավեդիկյանի սեքսուալ մտահոգությունների համար եւ արդյո՞ք «Անուշ» օպերան Ֆրանսիայում կարող է ազատություն շնորհել մեր երիտասարդներին, եթե այլանդակված, աղավաղված ձեւով այն ներկայացվի օտարներին։ Սա նման է նրան, որ խնձորի ծառը պատվաստվում է տանձ ստանալու համար։ Տիգրանյանի «Անուշ» կոթողային ստեղծագործությունն ավելի քան հազար անգամ ներկայացվել է եւ արմատավորվել մեր սրտերում՝ մեծ պատկառանք եւ հարգանք առաջացնելով Հ. Թումանյանի եւ Ա. Տիգրանյանի անմահ անունների նկատմամբ։ Մինչդեռ Ավեդիկյանը հայտարարում է, թե եկել է Թումանյանի վրայի փոշին մաքրելու։

Ինչպիսի ցինիզմ եւ ինքնահավանություն:

Միշտ վիճելի հարց է եղել, թե արդյո՞ք ծնողների միջամտությամբ կամ նրանց կամքից անկախ ընտանիք կազմող զույգերը «սեքսուալ ազատությունից» զրկված են լինում։ Չեմ կարող նաեւ պնդել, որ հայկական ավանդույթը ամուսնության հարցում վերջնական իր լուծումը տվել է այս ծեծված հարցին։ Բայց մի բան հստակ է, որ այսօր, ավելի քան երբեք, հայ նորակազմ ընտանիքներում ամուսնալուծությունները օրեցօր շատանում են՝ անկախ վերոհիշյալ պարագաներից, այնպես, ինչպես Արեւմուտքում սեքսուալ ազատությամբ «ամուսնացող» զույգերի մոտ։

Եթե Ս. Ավեդիկյանի մտահոգությունն ըստ էության այս խնդիրը լուծելն է, թող անի առանց զոհաբերելու մեր մշակութային արժեքները։

Ավելի մեծ ազգանվեր գործ կկատարի, եթե զբաղվի միայն սեքսուալ ազատությունների ձեռքբերման հարցով։ Բայց տրամադրված գումարների չափազանցությունն այս նոր ներկայացման համար այլ բանի մասին է խոսում։ Այս նույն պատկառելի գումարներով կարելի էր հենց «Անուշ» օպերան իր ավանդական կատարումով ներկայացնել Ֆրանսիայում՝ մեծ գոհունակություն պատճառելով թե մեզ եւ թե օտարներին։ Վստահ եմ՝ Եվրոպայում դասական ներկայացումները նվազ չեն գնահատվում ժամանակակից, իմաստազուրկ, արհեստական գործերից։

ՀՀ մշակույթի նախարարության համար սա սթափեցնող ահազանգ պետք է լինի, որ նախընթաց չլինի արվեստի կեղծ ջատագովներին, որ շռայլորեն գումարներ չտրամադրվեն մեր ժողովրդի վրա ծիծաղող բախտախնդիր «արվեստագետներին» եւ նման ճանապարհ չհարթի նոր ախորժակով զինված «մշակույթի գործիչների» համար։

ԱՐՍԵՆ արքեպիսկոպոս ԲԵՐԲԵՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031