Երկու օրով Հայաստանում է գտնվում Եվրոպական համալսարանի Բարսելոնայի մասնաճյուղի մենեջեր Սվետլանա Սալովսկան: Նա Հայաստան է ժամանել Հայաստանի բուհերի և այստեղի ուսանողների հետ համագործակցության եզրեր գտնելու և փոխանակման խնդրով:
«Մենք առաջարկում ենք 3 տարով բակալավրի ծրագրեր բիզնեսի տարբեր բնագավառներում, հանրային կապեր և հաղորդակցություն, տուրիստական մենեջմենթ, միջազգային հարաբերություններ, ձեռնարկատիրություն և բազմաթիվ այլ մասնագիտություններով, ինչպես նաև մեկ տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սվետլանա Սալովսկան:
Բակալավրի ծրագրերին դիմելու համար պետք է շատ լավ կամ գերազանց անգլերենի իմացություն՝ IELTS 6 աստիճանի չափով: Իսկ մագիստրոսական ծրագրերի համար համալսարանը պահանջում է անգլերենի լավ իմացություն, երկու տարվա աշխատանքային փորձ և GMAT-ի բարձր բալեր:
«ԵՀ-ում բակալավրի ծրագրերը տարեկան 11 հազար եվրո արժեն, իսկ մագիստրոսական ծրագիրը՝ մեկ տարվա համար 19 հազար եվրո: Գերազանց ուսանողներին համալսարանը կրթաթոշակ է տրամադրում վարձավճարի 30 տոկոսի չափով»,-տեղեկացրեց բանախոսը:
Կարդացեք նաև
Բարսելոնայի մասնաճյուղի ղեկավարը նշեց, որ իրենք նոր են սկսել հավաքագրել ուսանողներ Հայաստանից, սակայն այս պահին 2 հայ ուսանողներ արդեն սովորում են Եվրոպական համալսարանում:
«Հայաստանցի ուսանողներից մեկը սովորում է Բարսելոնայի մասնաճյուղում, մյուսը՝ Մյունխենում: Ընդհանրապես հայ ուսանողները շատ պայծառ ու լուսավոր են»,-ընդգծեց Սալովսկան:
Այս տարի համալսարանում հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև հունիսի վերջ է, սակայն մենեջերը խորհուրդ է տալիս դիմել ավելի շուտ, քանի որ տեղերը սահմանափակ են:
Եվրոպական համալսարանը հիմնադրվել է 1973թ., հիմնական մասնաճյուղերը գործում են Շվեյցարիայի, Գերմանիայի և Իսպանիայի տարբեր քաղաքներում: Յուրաքանչյուր մասնաճյուղում տարեկան ընդունվում են 150-200 ուսանողներ: Ուսուցման լեզուն անգլերեն է, կրթական ծրագիրը նույնն է բոլոր մասնաճյուղերում, ինչը թույլ է տալիս ուսանողներին ընտրել իրենց ցանկացածը, կարող են նաև ուսման ընթացքում մասնաճյուղից մասնաճյուղ տեղափոխվել՝ ընդունվել Մյունխենում, սովորել Ժնևում, ավարտել Բարսելոնայում: Եվրոպայի լավագույն 40 համալսարանների շարքում, Եվրոպական համալսարանը 39-րդ տեղում է:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ