Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը հեղափոխական»

Մայիս 08,2013 13:27

Սերն ու ատելությունը խելք չունեն եւ իրենց դատողությունների կամ, ավելի ճիշտ, զառանցանքների մեջ սահման չեն ճանաչում։

Այդպես են եւ այն մարդիկ, որոնք, թե ինչ պատճառով այդ ջոկ խնդիր է, ատում են հայ ժողովրդին։ Նրանց համար հերիք է ոչ թե մի որեւէ աշխարհագրական նախշ, այլ մինչեւ անգամ միմիայն նրա սուտ լուրը, որ տարիներով հարայ տան ամբողջ Ռուսաստանովը մին, թե հայերը մեծ Հայաստան են ծրագրում մինչեւ Ռոստով։ Եվ հեշտ բան չի այլեւս նրանց լռեցնելը, մինչեւ անհիմն աղմուկն ու նրա սարսափը կամաց-կամաց չհնանան ու ընկնեն նույնիսկ իրենց մտքից։

Բայց, ի մեծ դժբախտություն հայոց ազգի, մինչեւ մեկի մոռացվելը մեկ էլ տեսնում ես մի ուրիշը դուրս եկավ։ Եվ ահա այժմ էլ դուրս է եկել, որ «հայ ժողովուրդը հեղափոխական է»։

Պետական Դումայի անդամ Զամսլովսկին, սենատի առջեւի Բաքվի ոստիկանապետ Դեմենսկուն ու մյուս ոստիկանական պաշտոնյաներին պաշտպանելիս, հայտարարում է, թե «հայերը հեղափոխականներ են», դրա համար էլ «պետությանը հավատարիմ թուրքերը նրանց կոտորել են»…

Պուրիշկեւիչն էլ մյուս կողմից հեռագրով սպառնում է Փոխարքայի դիվանատան կառավարիչ Պետերսոնին, որ պաշտպանություն է ցույց տալիս «հեղափոխական հայ ժողովրդին»։

Հեղափոխակա՛ն հայ ժողովուրդ…

Եվ հայ ժողովուրդը այժմ էլ այս ձեւով դարձավ բերանի մաստակ։

Այլեւս դժվար է այդ մարդկանց հարցնելը, թե ամեն մի ժողովրդի մեջ կան ու կլինեն հեղափոխական տարրեր ու կազմակերպություններ, բայց մի՞թե ամբողջ աշխարհքում կա կամ կարող է լինել մի հեղափոխական ժողովուրդ։

Նրանց պատասխանը պատրաստ է.

– Հայ ժողովուրդը հեղափոխական է։

Այլեւս անկարելի է հասկացնելը, թե եթե կա մի ժողովուրդ, որ հեղափոխական չի եւ լինելու էլ իսկի տրամադրություն ու հնար չունի, այդ հենց ինքը հայ ժողովուրդն է, որ կա։ Բերեք այդ ժողովրդի իրականությունը, կյանքի պատմությունը, ապացուցեք, ցույց տվեք։ Միեւնույն է նրանց համար։

– Հայ ժողովուրդը հեղափոխական է։

Անշուշտ, այս տեսակ մարդկանց համար Աստված ինքն է ուղարկել այն հայերին, որոնք թե մեզանում եւ թե արտասահման մի հանցավոր ցուցամոլությամբ հայ «սոցիալիստների» կամ հեղափոխականների թիվը հարյուր հազարներով են ներկայացնում՝ այնտեղ օտարներին զարմացնելով, այստեղ՝ մեզ։

Եվ ահա մենք ստիպված ենք բողոքելու հանուն ճշմարտության թե մեկի, թե մյուսի դեմ, որովհետեւ բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից, սուտը սուտ է եւ միշտ դատապարտելի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1910

1905-1907թթ. հեղափոխության պարտությունից հետո Պետական Դումայի անդամներ Զամսլովսկու եւ Պուրիշկեւիչի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը հեղափոխական է, կարող էր տեղիք տալ մասսայական հալածանքների ու ճնշումների։ Այդ հայտարարության դեմ է ուղղված եղել մեծ գրողի այս հոդվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հետաքրքիր է իմանալ, թե մեծ գրողից սույն մեջբերո՞ւմն ում դեմ է ուղղված, կամ ավելի ճիշտ ո՞ւմ նժարին է կշռաքար ավելացնում…
    Հարգելի Արամ, էդ լյումպենացված պլեբեյների հավային պահվածքն ե՞ք արդարացնում, թե նրանց այդ օրը գցողների, կարծում եմ արդեն էական էլ չէ, կարևորն այն է, որ լայն քայլ գցեցինք դեպի հետ, այսպես ասած՝ По широкому проспекту широко отступает Армения…
    Կեցցե՜ երկաթե խաժամուժը, հավերժ փառք ՔՅԱՌԹԱԳԵՆԻ բազմադեմ պաշտպաններին…
    Վերջում կուզենայի ֆանտաստիկայի ոլորտից մի հարց տալ.
    Եթե ինքնավերարտադրվողներն այսքան հնարամտությունը, նյութական միջոցներն ու ջանքերը ներդնեին ի բարօրություն երկրի և ժողովրդի, ի՞նչ տեղի կունենար:

  2. gago says:

    Թումանյանը հաստատ նկատի է ունեցել ՔՅԱՌԹՈՒ ջուր պղտորողներին:

  3. Տիգրան says:

    Անցան ընդվզման ժամանակները, եկավ իշխանության, պաշտոնի, ”կայֆերի” հնգամյա ժամանակաշրջանը… Իսկ դրան հասնելու համար կամ այդ իրավունքը իշխանություններից ձեռք բերելու համար պետք է փառաբանել, գովերգել, քծնել նրանց… ԵՎ նրանց մեղադրելը նորից սխալ է: Հինգ տարի հետո կհիշեն, որ իրենց ձեռքբերումները իրականացել է սեփական ինքնասիրության հաշվին, և որպեսզի քավեն մեղքերը, որի անհրաժեշտությունը գուցեև կա, կամ չկա, ով գիտի, կսկսեն արդարացիորեն քննադատել իշխանություններին… Գուցեր ինչ-որ միստիկական մի վախ կամ սարսափ գոյություն ունի իսկապես, որ նման մարդիկ ամեն դեպքում միշտ փորձում են ինքնաարդարանալ… Իսկ օլիգարխները համբերությամբ սպասում են, քանզի նրանք ոչ թե կայֆերի թույլտվություն են ստացել, այլ միլիարդների.. Նրանք կորցնելու շատ բան ունեն… Օլիգարխները նման են իսկական գիշատչի: Նրանք կարող են սպասել այնքան, մինչև զոհը սայթաքի այնպես, որ բարձրանալն այլևս անհնար լինի,, քանզի նրանք գիտեն, որ ավելորդ շտապողականությունը կարող է խրտնեցնել զոհին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031