«Ապրում եմ սոցիալական խիստ ծանր պայմաններում, ունեմ 14 տարեկան հիվանդ երեխա, որի հետ ապրում եմ 14 քմ բնակարանում, որտեղ բացակայում են մարդուն վայել տարրական պայմանները: Այսինքն՝ վերոնշյալ 14 քմ սենյակը ծառայում է եւ որպես ննջասենյակ, եւ ճաշասենյակ, խոհանոց, զուգարան եւ լողասենյակ….»,- սա մի հատված է Երեւանի բնակչուհի Արաքսյա Առուշանյանի՝ «Առավոտ»-ի խմբագրություն ուղարկված նամակից:
Տիկին Արաքսյան որդու՝ 14 տարեկան Դավիթի հետ, ապրում է Կիեւյան 8 ա նախկին հանրակացարանի շենքի 14 քմ տարածք ունեցող սենյակ-բնակարանում: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Արաքսյան նշեց, որ 1995 թվականից որդու հետ ապրում է այդ բնակարանում ու տարբեր առիթներով դիմել է պատկան մարմիններին աջակցության համար:
«Որտեղ դիմում ենք՝ կամ ուղարկում են քաղաքապետարան, կամ Արաբկիրի թաղապետարան: Ոչ մի պատասխան չկա, ոչ մի արձագանք չկա: Արդեն էլ ի վիճակի չեմ»,-նշեց 52-ամյա կինը, ով ամսական 22 հազար դրամ նպաստով փորձում է ինչ-որ կերպ հոգալ իր եւ որդու կարիքները:
Տիկին Արաքսյան վստահեցրեց, որ աշխատանք գտնել չի կարողանում, որովհետեւ ամեն տեղ անգլերենի իմացություն են պահանջում:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, չնայած, որ մի քանի անգամ վիրահատվել է, ծանր աշխատանք անել չի կարող, բայց մի քանի անգամ դիմել է հավաքարարի աշխատանքի համար:
«Ասում են՝ տեղ չկա: Անգլերեն լեզու իմացող մարդ են ուզում: Ես էլ չգիտեմ: Էսօր ամսի յոթն ա, բայց արդեն նպաստից բան չի մնացել, ես ո՞նց ապրեմ, սենց ապրել կլինի՞»:
Ամբողջական հոդվածն՝ «Առավոտ»-ի առաջիկա համարներից մեկում
Աշոտ ԱԹԱՅԱՆ