Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական տրակտորների բելառուսական ոդիսականը

Մայիս 08,2013 12:56

Բելառուսական տրակտորներ արտադրող Бобруйский գործարանը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս շարունակի չվճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:

Ըստ բելառուսական կողմի` 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը ընկերությանն առաջարկել է Беларус-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր` «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերության համար` 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Բելառուսական գործարանը, «Հայաստանի կառավարության անդամների հանդեպ մեծ վստահությունից ելնելով», մայիսին պայմանագիր է կնքել, և հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան` այն պայմանով, որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ բելառուսական ընկերության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սարիկ Վասիլևիչը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Վ. Կարապետյանը իրենց գործարանին պարտք է 49 հազար130 ԱՄՆ դոլար: Նա հավելեց, որ մի քանի անգամ դիմել են Կարապետյանին` գումարը վճարելու համար, վերջինս ասել է, որ կվճարի այսօր-վաղը, սակայն նոյեմբերից մինչ այսօր ոչ մի կոպեկ չի վճարել, և մի քանի օր ձգձգվելու դեպքում դատի են տալու պայմանագիրը խախտելու համար:

ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տրակտորների գնի մի մասը վճարել են: «Վճարել ենք` ամեն ինչ փոխպայմանավորվածությունից ելնելով: Փոխադարձ պայմանավորվել ենք իրար հետ: Եթե թերի ա, բռակ ա, դրա համար հո՞ վճարում չենք անի: Տրակտորի փոխանցման տուփը որ չաշխատի, էդ տրակտորը ո՞վ կառնի, ո՞ւմ ա պետք դա»,-պնդեց նախկին փոխնախարարը:

Հետաքրքրվեցինք, թե այդ տրակտորները կապ ունե՞ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի բաժանած տրակտորների հետ, և հնարավո՞ր է` դրանք ԲՀԿ-ի համար էին բերվել, նախկին փոխնախարարը հայտարարեց. «Ոչ: Դա բերել է իմ տղան: Ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ն: Իմ տղայի ֆիրման է բերել: Դե, բնական է, ես օգնել եմ իրեն: Այդ տրակտորների մի մասը վաճառվել է, մի մասն էլ կանգնած է: Տրակտորներից երկուսն անսարք են եղել: Ներկայումս կա հինգ տրակտոր: Իրենց տեղյակ ենք պահել: Այսինքն` մենք իրենց հետ գործնական փուլում ոչ մի տարաձայնություն չունենք, բոլորը փոխպայմանավորված է: Կուսակցության հետ ընդհանրապես կապ չունի, սա անհատական բիզնես ա»:
Բելառուսական կողմը նաև պնդում է, որ Վարդան Կարապետյանը որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ է գործարք կնքել: Ստացվում է` փոխնախարար եղած ժամանակ միջնորդել է իր տղայի բիզնեսի համար: «Փոխնախարար չեմ եղել էդ ժամանակ («Առաջին լրատվական»-ը, սակայն, պարզեց, որ այդ ժամանակ փոխնախարարի պաշտոնում է եղել): Եթե իմ տղան ա, բնական ա, ես միջնորդած կլինեմ, և էդ գումարները փոխպայմանավորվածությամբ վճարվել են»,- իր միջնորդության առթիվ մեր հարցին ի պատասխան հայտարարեց Կարապետյանը:

Մեր դիտարկմանը, թե բելառուսական կողմն ասում է, որ ինքն այս պահին պարտք է 49 հազար դոլար, և որ գործարանը պատրաստվում է դատի տալ իրեն, Կարապետյանը հայտարարեց. «Թող դատի տան, մենք էլ իրենց դատի կտանք, որովհետև իրանց ապրանքը եղել ա անորակ: Էդ գումարը չկա էլ, որ տանք, պետք է ապրանքը վաճառվի»: Հետաքրքրվեցինք` եթե տրակտորներն անորակ էին, ինչո՞ւ հետ չեն ուղարկել: «Մենք մի տարի առաջ ասել ենք իրենց, եկան նկարեցին տարան, իսկ հետ ուղարկելը շատ մեծ ծախս է: Կվաճառենք, կտանք իրանց պարտքը, ես չեմ պատրաստվում իրենց բռակ ապրանքի համար գումար վճարել»: Վարդան Կարապետյանի խոսքերով` չվաճառված տրակտորներից երեքը Աբովյանում են, մեկը` Վարդենիսում, մյուսն` Արմավիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031