Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների գործով վճռաբեկի անձեռնմխելիությունը «խախտվեց»

Մայիս 08,2013 12:44
PrevPhoto
NextPhoto

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը, Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, մինչ ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը լսելը երկու անգամ այլ քրեական գործերով բերված բողոքներով անցավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:

Դատարանը լավագույնս էր պատրաստվել դատական նիստին.այստեղ հաճախակի չեն լրատվամիջոցները դատական նիստերի մասնակցում:

Լրատվամիջոցների համար «Կարմիր դահլիճում» դրվել էին առանձին սեղաններ:

ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը սկսվեց ժամը 12-ին:

Զեկուցողն էր դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

Դատարան դիմած ՀԱԿ ակտիվիստների պաշտպաններից որեւէ մեկը ներկա չէր:

Ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները բողոքարկել էին անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռը, համաձայն որի Տիգրան Առաքելյանը դատապարտվել է վեց տարվա, Արտակ Կարապետյանը՝ երեք, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը երկու տարվա ազատազարկման:

Զեկուցողը ներկայացրեց գործի փաստական հանգամանքները. երկու տարի առաջ օգոստոսին Տերյան փողոցի վրա, «Խնկո Ապոր» գրադարանի մոտ հասարակական կարգը պահպանող ոստիկանության աշխատակիցների եւ Տ.Առաքելյանի, ՀԱԿ ակտիվիստների միջեւ ծագած վեճը՝ կապված առանց դնչկալի շանը հասարակական վայրում ոմն քաղաքացու կողմից ման տալու դիտողության հետ:

Զեկուցողը ներկայացրեց մեղադրական կողմի փաստարկները, ոստիկանության Կենտրոնի բաժին ակտիվիստներին բերման ենթարկելու, ոստիկանների մարմնական վնասվածքների մասին, նաեւ այն մասին, որ Առաքելյանն ու նրա ընկերները «երկու ժամ կազմալուծել են ոստիկանության աշխատանքները»:

Պաշտպանական կողմը հայտնել էր, որ տղաները դիմել են անհրաժեշտ պաշտպանության, ուղղակի դիտավորություն նրանց գործողություններում չի եղել, որ հիմնավորված չի ստորադաս դատարանների հիմնավորումները, իրենց պաշտպանյալների իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություն կիրառելու իրավական հիմքերը, ստորադաս դատարանների կողմից կայացրած դատական ակտերը, եւ որ հաշվի չեն առնվել անձը բնութագրող հատկանիշները, որ նրանք ունեն թերի բարձրագույն, բարձրագույն կրթություն, հասարակական կյանքում՝ ակտիվ ներգրավվածություն:

Բողոքաբեր կողմի փաստարկներով, դատարանները խախտել էին Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական Կոնվեցիայի հոդվածները, ցուցմունք տվողները բացառապես եղել են ոստիկանները, դատարան չեն կանչվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մի շարք վկաներ:

Ըստ զեկուցողի, պաշտպանական կողմը նշել էր, որ դատաքննությունը լրացնող միջնորդություններ պաշտպանական կողմը չի ներկայացրել:

Բողոքաբեր կողմը միջնորդել էր բեկանել դատավճիռը, նշելով, որ Սարգիս Գեւորգյանն իր վերջին խոսքը չի ասել, զրկվել է պաշտպանական ճառից, իսկ վերաքննիչ դատարանում մի շարք վկաների են միջնորդել, որպեսզի հարցաքննեն:

Նախագահողը հարցրեց զեկուցողին, թե առաջին ատյանում այդ վկաները տվել են ցուցմունքներ, իսկ վերաքննիչում ինչո՞վ էր պայմանավորված նրանց կրկին դատարան կանչելը, մասնավորապես, Շահեն Հարությունյանին հարցաքննելու իր կողմից կատարված ձայնագրության հետ կապված:Սակայն ամբաստանյալների պաշտպանները հայտնել էին, թե դատարանը չի տվել հնարավուոթյուն հարցաքննելու վկաներին:

Բողոքաբեր կողմը միջնորդել էր բեկանել Կենտրոն եւ Նոր-Նորք Վարչական շրջանների ընդհանուր իրավասության, վերաքննիչ դատարանների դատավճիռները կամ գործի վարույթը կարճել:

Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031