Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի բազմաթիվ խախտումներ Տավուշի դպրոցներում

Մայիս 08,2013 12:46

Տավուշի մարզի շատ դպրոցներում ուսուցիչ աշխատանքի ընդունելիս, դասաժամերը բաշխելիս խախտվում են օրենսդրության պահանջները: Դրա մասին է վկայում մեր ձեռքի տակ հայտնված փաստաթուղթը, որը տեղեկանք է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում 2012թ. մարտի 19-ից մինչեւ ապրիլի 5-ը ՀՀ կրթության ավագ պետական տեսուչներ Աշոտ Արշակյանի, Անահիտ Հարությունյանի, կրթության պետական տեսուչներ Վահան Կարապետյանի,Աիդա Բարսեղյանի եւ Գայանե Ինիջյանի իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությամբ ընգգրկվող ժամանակահատված է ընտրվել 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 29-ը:

Պարզվել է, որ 2011-2012 ուսումնական տարում 31 դպրոցում 8-ից եւ 14-ից ավելի դասաժամ դասավանդել են 43 վարչական աշխատողներ, որոնցից մեկ հաստիքի առկայության դեպքում` 28, իսկ 0,5 հաստիքի առկայության դեպքում` 15 աշխատող: Այդ կերպ խախտվել է «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները: Դրանով սահմանված է,որ պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ 8 դասաժամ, իսկ կես դրույքով վարչական աշխատողը նման պայմաններում կարող է ունենալ շաբաթական մինչեւ 14 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Ուսումնասիրության արդյունքում Տավուշի մարզպետարանի ենթակայության 77 դպրոցից 19-ում հայտնաբերվել են կրթության բնագավառի օրենսդրության 23 խախտումներ եւ անհամապատասխանություններ: 2009-2010, 2010-2011 ուսումնական տարիներին որպես ուսուցիչ աշխատանքի են նշանակվել համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ չունեցող անձինք, ինչպես նաեւ անձինք, որոնք աշխատանքի ընդունման պահին միաժամանակ հեռակա ուսանել են բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր կուրսերում:

2010թ. հոկտեմբերի 25-ից հետո մարզի 8 դպրոցներում( Խաչարձանի, Հովքի, Զորականի, Ոսկեվանի, Արճիսի, Դովեղի, Պտղավանի միջնակարգ եւ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում) ուսուցչի թափուր տեղերը համալրվել են ոչ մրցութային հիմունքներով: Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոցում, Այգեձորի, Վարագավանի եւ Զորականի միջնակարգ դպրոցներում ուսուցչի թափուր տեղերը համալրվել են մրցութային հիմունքներով, սակայն փաստաթղթային ուսումնասիրությամբ պարզվել է, որ մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված անձինք չունեն համապատասխան որակավորում կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Գոշի հիմնական դպրոցում դասաժամերը տրամադրվել են առանց մրցույթի, նույն դպրոցում աշխատող համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող մասնագետի: Դեբեդավանի միջնակարգ դպրոցում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ չի հայտարարվել, դասաժամերը ժամանակավոր բաշխվել են նույն դպրոցում աշխատող, համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող մասնագետների միջեւ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031