Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի մեկ ձայնը կորել է, հանձնաժողովականները չեն գտնում

Մայիս 08,2013 12:30

Արաբկիր վարչական շրջանի թիվ չորս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այս պահին ՀԱԿ-ի դիմումով վերահաշվարկում է 4/01 տեղամասի քվեարկության արդյունքները:

IMG_2232

Այս տեղամասում 48 անվավեր քվեաթերթիկներ կան: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Բաղդասարյանը ԲՀԿ-ի օգտին քվեարկած մեկ քվեաթերթիկ առաջարկեց դնել քվեարկության՝ վավեր ճանաչելու համար, բայց հանձնաժողովականները կողմ չքվեարկեցին: Անվավեր քվեաթերթիկների մեջ այստեղ էլ երկու ընտրող զավեշտալի գրություններ էին թողել քվեաթերթիկի վրա:

Մեկը նշել էր. «Ոչ մեկի չեմ ուզում, դեմ եմ», մյուսն էլ բոլորին կողմ էր քվեարկել ու քվեաթերթիկի վերեւում գրել. «Գործել է պետք»:

Այս տեղամասը հայտնի է ԲՀԿ-ի աննախադեպ բարձր քվեներով, բոլոր կուսակցություններից ամենաշատը ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներն են՝ 665:

Ամենաքիչը «Առաքելություն» կուսակցության քվեաթերթիկներն են՝ 6 :

Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ կար մի թերթիկ, որտեղ երեքի փոխարեն երկու կնիք էր դրված, դա հանձնաժողովականների միաձայն քվեարկությամբ անվավեր դարձավ:

«Բարեւ Երեւան» դաշինքի օգտին քվեարկած քվեաթերթիկների վերահաշվարկի սկզբում էլ հանձնաժողովականներից մեկն ասաց՝ ջա՜ն, մյուս հանձնաժողովականն էլ կատակեց. «Միայն «Բարեւ Երեւանի» դեպքում ես ասում ջան, դա արդեն կողմնակալ վերաբերմունք է: Կամ սաղին ասա ջան, կամ մի ասա»:

Վերահաշվարկի արդյունքում դաշինքի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 74, չփոխվեց: Անփոփոխ մնացին նաեւ ՀԱԿ-ի 30 ձայները, ՀՅԴ-ի` 25, ՕԵԿ-ի 88: ՀՀԿ-ի 358 քվեաթերթիկները հանձնաժողավակններն արդեն տասերորդ անգամ են վերահաշվարկում ու մեկը չեն գտնում: Քվեաթերթիկի ծրարը կա, քվեաթերթիկը չկա: Հանձնաժողովականները հանելուկ համարեցին եւ արձանագրած փաստը գրանցեցին իրենց արձանագրությունների գրանցամատյանում:

Հանձնաժողովի նախագահ Տ. Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ընտրատարածքում հինգ տեղամասում վերահաշվարկ անելու դիմում են ստացել, հինգն էլ՝ ՀԱԿ-ից: Երկու տեղամասում երեկ արդեն ավարտել են վերահաշվարկը եւ անհամապատասխանություններ չեն արձանագրվել, միայն երկու քվեաթերթիկ, մեկը ՀՀԿ-ի, մյուսն էլ՝ «Բարեւ Երեւան» դաշինքի օգտին դարձել են վավեր: Այսօր բացի 4/01-ից նաեւ 4/10 տեղամասի արդյունքներն են վերահաշվարկելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031