Ապրիլի 29-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանն օլիգարխ Խաչիկ Խաչատրյանի կողմից լրագրողին հասցեագրված փողոցային արտահայտությունը՝ «պրաստիտուտկա», վիրավորանք չհամարեց եւ չպարտադրեց նրան ներողություն խնդրել։
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրւոչյանի հետ։
– Տիկին Մկրտչյան, ինչպե՞ս եք վերաբերում դատարանի այս որոշմանը։
– Մամուլի հետ առնչվող նման խնդիրների լուծումը ես միայն կապում եմ քաղաքական փոփոխությունների հետ։ Այս իրադարձությունը եւս դիտարկում եմ քաղաքական հարթությունում։ Եթե քաղաքական իրավիճակը փոխվի, այս հարցում եւս փոփոխություններ կլինեն։
– Այս ընթացքում մեր օրաթերթը կարծես թե միայնակ է պայքարում օլիգարխի դեմ, մինչդեռ Հայաստանում մի շարք կազմակերպություններ եւ մամուլի ակումբներ կան, որոնք լռեցին։ Ինչպե՞ս կբացատրեք այդ վերաբերմունքը։
– Վերջին ժամանակահատվածում կարծես թե բոլորս միայնակ ենք լուծում մեր խնդիրները, եւ այն դարձել է մեզ համար սովորություն։ Իհարկե, լավ չէ այս ամենը, եւ լրագրողական համաձայնությունը կարելի է իրականացնել միայն նորմալ, քաղաքակիրթ երկրներում, ու ես գտնում եմ՝ լուրջ խնդիրների շուրջ լրատվամիջոցների միասնական մոտեցումը կարող է հանգեցնել լուրջ քաղաքական փոփոխությունների։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որ կարողանանք միավորվել։
– Ես Ձեր այս հարցն ընդունում եմ որպես հորդոր, առաջարկ։
– Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք։
– Բնականաբար։ Գիտեք, ուղղակի երբեմն զուտ հայտարարություն անելը, զուտ աջակցելը, չեմ ցանկանա, որ լինի այն տարբերակով, ասել է թե՝ խիղճը հանգստացնելու միջոց։ Ուզում եմ՝ իրական գործունեություն լինի։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Ժողովուրդ»