Հատված Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ (ԱԳՈ) հետ հարցազրույցից
–Հայտնի է, որ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում, իսկ պատճառն այն էր, որ Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը: Ավելին՝ Տեր–Պետրոսյանը վրդովված ասել էր. «Դուք էդ քանի՞ գլխանի եք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին, ո՞վ է պատասխան տալու հետեւանքների մասին, ես Թեհրանում ձեռք եմ բերել ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածություն»:
-Այո, ի տարբերություն Արցախի, Հայաստանի քաղաքական վերնախավում որոշ անձինք բոլորովին այլ դիրքորոշում ունեին: Նրանք փորձում էին իրենց կոսմոպոլիտ գաղափարներով թուլացնել մեր միտքն ու ուժերը: Բայց ո՛չ մտքով, ո՛չ էլ հոգով մենք չթուլացանք:
88-ի փետրվարից ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ, ընդ որում, շատ ավելի վաղ եմ անդամակցել, քան նույն Տեր-Պետրոսյանը, եւ շատ լավ գիտեմ, թե ո՞վ է նա ու իր շրջապատից էլի մի քանիսը: Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մեր ուժը մեր թուլության մեջ է, այսինքն՝ մեզ բանակ պետք չէ: Ասում էր` ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այսքանն արդեն բավական չէ՞ ճանաչելու նրան:
Քաղաքական վերնախավում կային մարդիկ, որոնք կտրականապես դեմ էին Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, նրանցից մեկը Վազգեն Սարգսյանն էր: Տեր-Պետրոսյանի նպատակն էր Ղարաբաղը խաղաղ ճանապարհով թողնել Ադրբեջանի տարածքում: ՀՀՇ-ն մտածում է` Հայաստանը ոտքի կկանգնի, հետո միայն կզբաղվի Ղարաբաղի հարցով: Իրականում ՀՀՇ-ն Ղարաբաղը խաղաքարտ դարձրած եկավ իշխանության:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»