Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ փոխներկայացուցիչ. Ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մի զգալի հատվածը պարզապես չի գնացել քվեարկության

Մայիս 08,2013 11:41

Հատված ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հարցազրույցից:

– Ձեր կուսակցությունը մշտապես հայտարարել է, թե «Դաշնակցություն»-ն ունի իր «կայուն ընտրազանգվածը»։ Այդ դեպքում ինչո՞ւ պարտվեցիք Երեւանի ավագանու ընտրություններում։ Գուցե ձեր «կայուն ընտրազանգվածը» արդեն հիասթափվե՞լ է ՀՅԴից ու այլեւս ձեզ ձայն չի տալիս։

– Մեր ընտրազանգվածն էլի կայուն է, եւ մեր ընտրազանգվածը գնացել ու քվեարկել է։

– Բայց արդյունքներն այլ բան են փաստում։

– Արդյունքն այն է, ինչ ունենք։

– Այո՛ իսկ ունենք այն, որ դուք պարտվեցիք, ու Երեւանի ավագանիում ՀՅԴն անդամներ չունի։

– Այո՛։ Շատ պարզ է ամեն ինչ, ու կարծում եմ, որ ոչ միայն «Դաշնակցության» պարագայում, այլեւ առհասարակ ընդդիմադիր ուժերի։ Փաստն այն է, որ ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մի զգալի հատվածը, դատելով ընտրությունների արդյունքներից, պարզապես չի գնացել քվեարկության։ Եվ ըստ այդմ էլ, ընդդիմադիր քաղաքական ուժերը ստացել են ավելի պակաս ձայներ, քան կարող էին ստանալ, եթե ընդդիմադիր ընտրազանգվածը ակտիվ մասնակցություն ունենար ընտրություններին։

Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառքով, վարչաիշխանական լծակներով կարողացավ ապահովել բարձր քվեներ։ Այն, ինչ արվել է, արվել է ընտրատեղամասերից դուրս։ Քվեարկության օրը ընտրակաշառքների բաժանման մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնց մասին Դուք եւս տեղյակ եք։ Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ այդ դեպքերը չեն բացահայտվել։ Իսկ այդ բացահայտումը ոչ թե պետք է կուսակցություններն անեն, այլ իրավապահ մարմինները։ Մինչդեռ այս դեպքում, կարծում եմ, բոլորը գիտեն, թե ով եւ որտեղ է ընտրակաշառք բաժանել։

– Նշեցիք, որ ընդդիմադիր ընտրազանգվածը չի մասնակցել քվեարկությանը, ինչի հետեւանքով էլ ընդդիմությունը պարտվել է։ Բայց ՕԵԿը, որն ընդդիմություն չէ, նույնպես քիչ ձայներ է հավաքել՝ ընդամենը 3.37 տոկոս։ Դա ինչպե՞ս կբացատրեք։

– Կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ դրա հետ կապված մեկնաբանությունն ՕԵԿ-ից ստանաք։ Ես ամեն դեպքում մի բան կարող եմ ասել, որ եթե ՕԵԿ-ը չլիներ կոալիցիայի մեջ, չունենար իշխանական ռեսուրսներ եւ լծակներ, կարծում եմ՝ ավելի քիչ ձայներ կունենար։ Տեղամասերի ցուցանիշներին եթե նայեք, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիայում, հասկանալի կդառնա, որ ՕԵԿ-ը եւս ինչ-որ չափով օժանդակություն ունեցել է։

– ՀՅԴն 120 տարվա պատմություն ունեցող կուսակցություն է։ Ձեզ վատ չե՞ք զգում, որ հավաքել եք գրեթե նույնքան ձայն, որքան նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը։

– Մենք այդ բոլորին հանգիստ ենք վերաբերում, մենք մեր հետեւություններն ունենք, ու կարծում եմ՝ ավագանու ընտրություններով կյանքը ո՛չ սկսվում է, ո՛չ էլ ավարտվում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031