Երեկ վերջապես հայտնի դարձավ Հայաստանի, այսպես կոչված, նոր կառավարության կազմը կամ կառավարության նոր կազմը: Նորը այս դեպքում, մեղմ ասած, խիստ հարաբերական հասկացություն է, որովհետև նոր կառավարությունում հին և շատ հին դեմքեր են, ուրիշ ոչինչ: Սակայն, ըստ էության, նոր դեմքերը կամ անունները ինքնին ոչինչ չէին նշանակելու: Կարող էր, իհարկե, Սերժ Սարգսյանը նշանակել նոր դեմքերի, կլինեին նոր անուններ, այդ անունների շուրջ կլինեին քննարկումներ, պատրանքներ և այլն: Սակայն պարզ է, որ այդ ամենը ոչինչ չի նշանակում այն բանի համեմատ, թե ինչ է ուզում անել Սերժ Սարգսյանը և ինչ կարող է անել:
Մի բան պարզ է՝ Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է հաջողությամբ կեղծել ընտրություններն ու ստանալ ավելի ու ավելի մեծ արդյունքներ և այս ամենի դիմաց ավելի ու ավելի քիչ դիմադրող քաղաքական դաշտ: Սրանից դուրս, Սերժ Սարգսյանի նպատակներն ու ցանկությունները, ինչպես նաև սրանից դուրս կարողությունները, կարելի է համարել անհայտություն կամ մի քանի անհայտով հավասարում: Սերժ Սարգսյանը ելույթներով փոխանցում է հասարակությանը ինչ-որ մտադրություններ ու ցանկություններ, սակայն այս ելույթները վաղուց կորցրել են իրենց արժեքը, քանի որ բազմաթիվ նման փոխանցումներից հետո, գնդակը որևէ կերպ չի հայտնվում հասարակության մոտ, և Սերժ Սարգսյանը արդեն բոլորի համար է ակնհայտ դարձրել, որ ոչ թե հասարակությանն է դիտարկում որպես խաղընկեր, այլ հայտնի չէ, թե ում: Կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ Սարգսյանը իրականում խաղում է առանց «պասի», և կառավարության նոր կազմը, ըստ էության, հենց այս իրողության վկայություններից է:
Իրականում, ելույթներով փոխանցելով ինչ-որ մեսիջներ, մտադրություններ ու ցանկություններ, Սերժ Սարգսյանն իր բուն գործողություններում ամեն ինչ անում է իրական մտադրություններն ու ցանկությունները, նաև կարողությունների իրական սահմանները փոխարկելու համար: Սա, իհարկե, կլիներ ցանկացած քաղաքական գործչի, այն էլ պետության ղեկավարի աքիլլեսյան գարշապարի պես մի բան` նրան բոլոր կողմերից դարձնելով խոցելի, սակայն Սերժ Սարգսյանին պահում է այն, որ չնայած լեզվական ճարտարության տարբեր աստիճաններին, նրա բոլոր մրցակիցներն ու նման կարգավիճակի տեսանելի հավակնորդները այսօր իրենք էլ հասարակությանը չեն փոխանցում իրենց իրական մտադրությունների, ցանկությունների և կարողությունների վերաբերյալ ազնիվ և իրական մեսիջներ:
Արդյունքում ստացվում է մի փակ շրջան, որտեղ ոչինչ չի ենթարկվում, ըստ էության, փոփոխության: Իսկ Սերժ Սարգսյանը առավել ևս շահագրգռված չէ այդ շրջանը բացելու հարցում, որովհետև ինքը հենց այդ շրջանում է իշխանություն, իսկ դրանից դուրս նա արագորեն կվերածվի պատմության, բայց իհարկե` լուսավոր պատմության, որպես փակ շրջանը բացող: Սակայն Սերժ Սարգսյանն էլ ակնհայտորեն այն գործիչների շարքին է դասվում, որոնց համար «մութ» իշխանությունը նախընտրելի է ցանկացած «լուսավոր» պատմությունից:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»