Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գարեգին Ղազարյանը, վարելով BMW մակնիշի 84 MP 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126 կմ հատվածում` Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, և 30 մետր գլորվել ձորը:
Ինչպես վթարի վայրից shamsh3an.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Ղազարյանը Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչ 22 ամա-Տարոն Հովհաննիսյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 22-ամյա Արման Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով մեքենայից դուրս է պոկվել և մոտ 15 մետր գլորվել է նաև ավտոմեքենայի գազի «բալոն»-ը:
Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Կարդացեք նաև
Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և նույն վաշտի հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Ավդալյանը:
Ոստիկանության Վայոց Ձորի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի