Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական ինստիտուտը հասավ իր վախճանին

Մայիս 08,2013 11:10

Ընտրական ինստիտուտը «բարով-խերով» հասավ իր վախճանին։ Հայաստանի քաղաքացին ամեն նոր ընտրության գնալիս ավելի ու ավելի է նմանվում Մեռելոցի օրը գերեզման շտապող հարազատին, որը չի կարող մի ծաղիկ չդնել իր հանգուցյալների շիրիմին։ Ավելին՝ լցոնումներն ավելի են «մերձեցնում» քվեարկությունը Մեռելոցին։ Իր մորը «հարգող-պատվող» գողականը, թաղի խուժանը չի կարող գերեզման չգնալ մի «դափոն» ծաղիկներով։ Նույն թաղի խուժանը չի կարող տեղամաս չմտնել քվեների հսկա տրցակ ձեռքի տակ չունենալով։ Այդ հսկա տրցակի մաս են դառնում նաև այն քաղաքացիները, որոնք «մարշրուտկեքով», ընտրակաշառքներով, բերման են ենթարկվում ընտրական ինստիտուտի գերեզմանոցներ՝ տեղամասեր։

Քաղաքացիներն իրենց հանձնել են ՀՀԿ-ական խուժանի վերարտադրությանը։ Որովհետև իրենք իրենց քվեով պաշտպանված չեն։ Սահմանադրությունը նրան չի պաշտպանում, դատարանները՝ նույնպես, իշխանությունը քաղաքացուց մեկուսացրել է բոլոր այն ինստիտուտները, որոնք քաղաքացու զենքն էին իշխանությունը բռի մեջ պահելու համար։ Հետևաբար՝ պետք է ինստիտուտները վերադարձնել քաղաքացուն։ Ընտրությունն այդ ինստիտուտներից մեկն էր։ Ընտրական ինստիտուտն ի՞նչ էր ենթադրում՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացին գնում է տեղամաս՝ արտահայտելու իր քաղաքական և քաղաքացիական կամքը։ Դա կամարտահայտության ձև էր, որով ինքը իշխանություն էր իրականացնում։ Դրա համար անհրաժեշտ են քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ, որոնց միջև պետք է ընտրություն կատարեր քաղաքացին, որը պաշտոնի հավակնություններ չունի։ Քաղաքացին, փաստորեն, 1995-ից հետո ըստ էության երբեք ընտրությունների, բառի քաղաքական իմաստով, չի մասնակցել։ Նա հետևողականորեն մասնակից է եղել մի համակարգի սպանությանը, որին մինչև նրա վրա ձեռք բարձրացնելը, գոնե մեկ օր չի արժևորել։

Մինչդեռ ինչի՞ համար էր ընտրությունը՝ որպեսզի քաղաքացին պատասխանատուներ ունենալիս քաոսի մեջ չհայտնվի, այսինքն՝ իմանա, թե ում ինչ է վստահում։ Ընտրական ինստիտուտի հակոտնյան թաղի խուժանն է, երկուսով չեն կարող մի կաթսայում եփվել, եթե մեկն առաջանում է, մյուսը պետք է նահանջի։ Մեր երկրում առաջացել է թաղի խուժանը։ Ու հենց նա էլ ընտրություն է անցկացնում։ Այդ ամբողջում որտե՞ղ է ընտրությունը՝ ոչ ոք չի կարող ասել։ Սակայն ԿԸՀ-ն հրավիրում է դիտորդներ, բացվում են տեղամասեր, ձևավորվում են հանձնաժողովներ, տպագրվում են քվեաթերթիկներ։ Եվ թաղի խուժանը պետբյուջեի միջոցներով իրականացրած այս ամբողջ գործընթացը վերցնում է իր ձեռքը, որպեսզի մի օրում «փոզմիշ» անի Սահմանադրության բոլոր դրույթները, որոնք իշխանության ձևավորման քաղաքակիրթ եղանակների մասին են։ Թաղի խուժանը կռիվ է հայտարարում օրենքին։ Այսինքն՝ նա միշտ հանդես է գալիս որպես գերեզմանափոր։ Նա ընտրություններից առաջ «օրենքով» նախատեսված կարգով փորում է գերեզմաններ, մինչ քաղաքական ուժերը քարոզչությամբ են զբաղված։ Գերեզմանն այս դեպքում ընտրակաշառքն է, սպառնալիքը, լրատվական դաշտի ուզուրպացիան, մի խոսքով՝ այն ամենը, ինչով աչքի է ընկնում նախընտրական փուլը։ Ընտրությունների օրը քվեն քվեատուփ է մտնում ճիշտ այնպես, ինչպես մարմինը դրվում է գերեզման։ Մի տարբերությամբ՝ քվե-մեռելի ծախսերն ամբողջությամբ թաղի խուժանի վրա են։ Այս ամբողջ գործընթացից քաղաքացին միակն է, որ դուրս է գալիս որպես կենդանի մեռել։

Մեղավո՞ր է քաղաքացին։ Բարեբախտաբար՝ ոչ։ Իմաստավորման համար նա քվեարկել է անկախության օգտին։ Հետո թույլ է տվել անցկացնել Սահմանադրության հանրաքվե, խնդիր չի դրել թագավորական կառավարում իրականացնելու, այլ կարևորել է բազմակուսակցականությունը։ Քաղաքացին ի սկզբանե կարող է, թող ների ինքը ինձ, հիմար լինել։ Նույնիսկ կրթությունը կարող է չօգնել նրան։ Բայց նա, անկախ իր ստացած կրթությունից, արդեն քվեարկել է անկախ Հայաստան ունենալու օգտին, այսինքն՝ կատարել է խիստ ինտելեկտուալ քայլ։ Ուրիշ կերպ չէր կարող։ Այդքանով քաղաքացին հենց քաղաքացի լինելու հայտ է ներկայացրել։ Իմա՞ստ ունի, որ Հայաստանն առաջիկայում գնա նոր ընտրությունների։ Ըստ իս՝ ոչ։ Նույնիսկ արտահերթ ընտրություններն արդեն իմաստ չունեն։ Նախ՝ հասարակությունդ չես փոխել, երկրորդ՝ ընտրական օրենսգիրքդ, երրորդ՝ ՀՀԿ-ին չես մղել ամբողջական հրաժարականի։ Այսօր փաստն այն է, որ ընտրությունները նույնքան անխուսափելի են, որքան գերեզմանափորներն ու գերեզմանոցները։

Մհեր Արշակյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031