Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միրզոյանի պաշտոնից ազատման պատճառը Շուշիի բերդում ինքնասպանություն գործած զինվորն է

Մայիս 08,2013 11:01

Օրերս Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու քայլը հիմնավորել է կոնկրետ քրեական գործի ապօրինությամբ, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կայացման գործում լուրջ խնդիրներ լուծել չկարողանալու պատճառով: «Ժամանակին» հաջողվել է պարզել, թե որն է եղել Անդրանիկ Միրզոյանին պաշտոնից ազատելու հիմնական շարժառիթը: Պարզվում է՝ նոյեմբեր ամսին Շուշիի ՀՔԾ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունն է եղել պատճառը, որն ունի մի շարք նուրբ և մութ կետեր:

Ի՞նչ է եղել իրականում. 1993 թվականի հունվարի 6-ին ծնված Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանը 2011-ի աշնանը զորակոչվում է Մարտակերտ՝ սիրով պատրաստ երկու տարի ծառայություն իրականացնելու: Սակայն ծառայության քսաներորդ օրը, երբ հայրը նախապատրաստական աշխատանքներ էր տանում որդու երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, զանգում են, տեղեկացնում, որ որդին հիվանդանոցում պառկած է: Հայրը որդուն գտնում է Կանազի հոգեբուժարանում, որտեղ տղան մեկ ամիս բժշկական օգնություն է ստանում, իսկ բժիշկն էլ թուղթ է տալիս, որ Հայկ Մովսիսյանը ենթակա չէ ծառայության, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա սուիցիդի փորձով:

Հայկ Մովսիսյանի հայրը՝ Արտավազդ Մովսիսյանը, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ որդու հոգեկանը ամբողջովին խանգարվել էր, ամենաթեթև բանից միանգամից բռնկվում էր: Որդուն մեկ ամիս հետո տուն են բերում: Արդեն 15 օր հետո զինգրքույկ է ստանում ու գնում Ռուսաստան մոր և քրոջ մոտ` բուժման նպատակով: Այնուհետև սկսում են Հայկ Մովսիսյանին փնտրել, նրան կանչում են և անմիջապես օդանավակայանից տեղափոխում Նուբարաշենի, ապա Շուշիի ՔԿՀ՝ չնայած այն հանգամանքին, որ քննիչին ցույց են տվել, որ ոչ թե փախել է տղան, այլ իրավունք է ունեցել գնալու, քանի որ զինգրքույկ է ունեցել:

Հայրը պատմեց, որ որդին ամառ-ձմեռ ձեռքերի շրջանում կապտուկներ է ունեցել, ագրեսիվ էր, բայց ծնողները որևէ կերպ չեն պատկերացրել, որ կարող է գնալով բարդանալ իրավիճակը: «Ղարաբաղի քննիչ Ադամյանը տարավ ինձ, ասում է՝ չեմ հավատում, որ ձեր երեխան հիվանդ է, նորից կամիսիա անցկացրեց, չանցած մի որոշ ժամանակ քննիչ Ադամյանը զանգեց ասաց` Ֆռանգուլյան բժշկի մոտ տանեմ տղայիս, իր ասած բժշկի մոտ գնացինք, պետք է կրկնակի ստուգումներ իրականացնեին, հարցնում է՝ տղա ջան, գլխի վրա ընկե՞լ ես, ականջներդ ձայն լսո՞ւմ են, անհիմն հարցեր էին, հետո հինգ րոպեում ասաց` վեր կացեք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Արտավազդ Մովսիսյանը:

Դրանից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, դատավճիռ է կայացրել և Հայկ Մովսիսյանին երեք տարի ազատազրկման դատապարտել:

Հայրը նշեց, որ որդին ինքնասպանության չէր դիմի, եթե ճնշումներ եղած չլինեին, հնարավոր է, որ Շուշիի ՔԿՀ-ում տղային նեղած լինեն, ասեն՝ չէիր ուզում հա՞ ծառայեիր: Մյուս հանգամանքն այն է, որ հայրը չի հասկանում` ինչպես է հնարավոր, որ տղան սավանով ինքնասպանության դիմած լինի, ութ հոգի կողքը քնած լինեն, կախվի, չտեսնեն: Հայրը նշեց, որ պայքարելու է բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Նշենք, որ օրերս ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, արդարացրեց Հայկ Մովսիսյանին:

«Ուզում եմ բոլոր մեղավորները պատասխան տան, քննիչը, դատախազը, դատավորը, ինչպես նաև բժիշկ Ֆռանգուլյանը»,- ասաց Հայկ Մովսիսյանի հայրը:

Սիրանույշ Պապյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031