Ընտրական քվեների վերջնահաշվարկը լինելու է մայիսի 12-ին, բայց «Ժառանգությունում» էլ, ԲՀԿ-ում էլ վերջնականապես որոշված է՝ վերցնելու են մանդատները։ Ավելին, «Ժառանգությունը» պատրաստ է անգամ ԲՀԿ-ի հետ համագործակցել, եթե սա լինի իրենց, ասել է թե՝ ժողովրդի դաշտում։ Բայց մեկ է՝ իշխանական մանդատները շատ են, ուստի վերջնարդյունքի հասնելու լուրջ աշխատանք պետք է տարվի։
ԲՀԿ-ն, ըստ էության, պահպանել է 2009-ին ստացած մանդատների քանակը՝ 17: ՀՀԿ-ն ավելացրել է՝ 41:
Այս առումով շատ կարեւոր է, թե ովքեր են մտնելու ավագանի։ Անահիտ Բախշյանը վստահեցրել է, որ ինքը գնալու է։ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ կգնա։ Ստեփան Սաֆարյանն էլ գտնում է, որ բոլոր տեսակետները պետք է քննարկվեն, որից հետո որոշում կկայացնեն։ «Մենք վերահաշվարկի հետ կապված բողոք ենք ներկայացրել, երբ որ այն կլինի, դրանից հետո կհավաքվենք-կորոշենք, թե ովքերով ենք լինելու»,- ասաց Մարտիրոսյանը։ ԲՀԿ նախկին կազմից նորընտիր ավագանիում կլինեն ֆրակցիայի նախկին ղեկավար Գուրգեն Գասպարյանը եւ Պողոս Փլավչյանը։ Երկուսն էլ աչքի են ընկել ակտիվությամբ։ Պատրա՞ստ են արդյոք նրանք գործել «Ժառանգության» դաշտում։ Նախկինում իրենք միայնակ էին, ու մրցակցություն չկար, հիմա բարդանում է վիճակը։ Ցանկացած իմիտացիա, կեղծ ընդդիմադիր կեցվածք անմիջապես երեւալու է։ «Չկա քաղաքական ուժ, որի հետ մենք չենք պատկերացնում մեր աշխատանքը։ Մենք երեւանցու կողմից ենք։
Ես չգիտեմ՝ ինչ հայտարարություն են արել, բայց մենք երեւանցու հետ ենք՝ ի շահ Երեւանի»,- վստահեցնում է Գասպարյանը։ «Ժառանգության» հետ կոալիցիան նա չի բացառում՝ այն պայմանով, որ երեւանցու հետ լինեն:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»